HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վազգեն Ռշտունին հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի բողոքի գործով ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Նշենք, որ այսօր դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ քննվում էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը:

Քոչարյանին դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմամբ անձեռնխելիության հիմքով ազատելուց հետո նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը վարույթն իրականացնող մարմնին՝ Հատուկ քննչական ծառայությանը, միջնորդել է նրա նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը, սակայն միջնորդությունը մերժվել է: Մերժման որոշումը բողոքարկվել է առաջին ատյանի դատարան, և դատավոր Գագիկ Պողոսյանը մերժել է Խուդոյանի բողոքը: Դատական ակտը պաշտպանի կողմից բողոքարկել է Վերաքննիչ դատարան: Այն այժմ քննում է դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին:

Նախորդ դատական նիստի ընթացքում Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանն ինքնաբացարկ էր հայտնել Ռշտունուն՝ վկայակոչելով լրատվամիջոցներից մեկին նրա տված հարցազրույցը:

Մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանին, դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմամբ, անձեռնմխելիության հիմքով ազատելուց հետո Ռշտունին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է, որ որպես իրավաբան՝ համաձայն է Ազարյանի որոշման հետ, ուստի քննիչ Մուշեղյանը գտնում է, որ դատավորը այս գործով կարող է կանխակալ լինել:

Այսօրվա դատական նիստին ներկա դատախազներ Վահե Դոլմազյանն ու Կարեն Բիշարյանը ևս միացան ինքնաբացարկի միջնորդությանը: Կարեն Բիշարյանը նշեց, որ դատավորն անձնական դիրքորոշում է հայտնել քննարկման առարկա հանդիսացող խնդրի վերաբերյալ:

Դատավոր Ռշտունին հարց տվեց՝ արդյոք, ըստ մեղադրող Բիշարյանի, այս բողոքը կարող էին քննել Վերաքննիչ դատարանի այն դատավորները, որոնք նախկինում քննել են Քոչարյանի խափանման միջոցի հարցը: Կարեն Բիշարյանը հարցին չպատասխանեց՝ նշելով, թե ինքն այս գործով մեղադրող դատախազ է, և հետագայում իր հայտնած դիրքորոշումը կարող է շահարկվել:

«Ձեր կարծիքով հիմա շահարկվո՞ւմ է»,- դիտարկեց Վազգեն Ռշտունին:

Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը դիրքորոշում հայտնելիս ասաց, որ իր կարծիքով, ինքնաբացարկի հիմք չկա, իսկ Հովհաննես Խուդոյանն ասաց, որ դատավորն ինքը պիտի որոշի՝ անաչառ է, թե ոչ:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին, քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել է նրան ազատել կալանքից Արցախի Հանրապետության նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ, իսկ մայիսի 20-ին, դատարանը որոշել է կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչեւ 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter