HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պատգամավորը՝ ԿԲ նախագահին. «Պատրա՞ստ եք հրապարակայնորեն հիմնավորել Ձեր և Ձեր ընտանիքի ունեցվածքի ծագումնաբանությունը»

Խորհրդարանում քննարկվեց Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, դիմելով ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին, հիշեցրեց վերջինիս իր ունեցվածքի մասին:

«Ձեր և Ձեր ընտանիքի վերաբերյալ լեգենդներ են պտտվում, ասում են՝ դուք Հայաստանի ամենահարուստ մարդկանցից եք»,- ասաց Սամսոնյանը, ապա թվարկեց Ջավադյանի հայտարարագրից մի քանի տվյալ:

Պատգամավորը հիշեցրեց, որ ԿԲ նախագահը 2014 թվականիn պաշտոնը ստանձնելու դրությամբ հայտարարագրել է մեկ բնակարան, 2 անհատական բնակելի տուն, 4 հողամաս, մեկ ավտոմեքենա և բաժնետոմսեր: 2017-ին Ջավադյանն ու կինը հայտարարագրել են 183 միլիոն դրամ, 1 միլիոն 304 հազար դոլար, 414 հազար եվրո:

«Մենք գիտենք, որ դուք բնակվում եք Վահագնի թաղամասում, կան տեղեկություններ, որ էնտեղ կառուցում եք նոր տուն, իսկ մենք գիտենք, թե ինչ արժեք ունեն Վահագնի թաղամասում տներն ու հողամասերը: Պատրա՞ստ եք անցումային արդարադատության շրջանակում հրապարակայնորեն հիմնավորել Ձեր և Ձեր ընտանիքի ունեցվածքի յուրաքանչյուր միավորի ծագումնաբանությունը և դրանք չհիմնավորելու դեպքում, որպես ՀՀ սեփականություն, փոխանցել պետությանը»,- հարցրեց նա:

Արթուր Ջավադյանն արձագանքեց, որ 1997 թվականից ԿԲ խորհրդի անդամ է, մինչ այդ 5 տարի եղել է բանկի վարչության նախագահ, ավելի վաղ՝ վարչության նախագահի տեղակալ, 4 տարի էլ բանկում այլ պաշտոններ է զբաղեցրել:

«Դեռ 1997 թվականից, էն ժամանակ օրենսդրությունը չէր պահանջում, բայց մենք մշտապես ներկայացրել ենք մեր եկամուտների վերաբերյալ հաշվետվություն (նկատի ունի ԿԲ-ն, հեղ.): Այնտեղ երևում են, թե այդ միջոցները որտեղից են ելել, ինչ միջոցներ եմ ստացել, որտեղից ինչքան աշխատավարձ եմ ստացել: Իհարկե, պատրաստ եմ պատասխան տալ ցանկացած միջոցի համար»,- ասաց նա:

Անդրադառնալով պատգամավորի դիտարկմանը, որ Վահագնի թաղամասում է ապրում, Արթուր Ջավադյանն այն չհերքեց, միայն նկատեց, որ պատգամավորն անձնական տվյալ է հրապարակում, ինչի իրավունքը չունի:

«Ձեր հասցեն չեմ հրապարակել, նշել եմ, թե որտեղ եք ապրում ու ինչ արժեք կարող է ունենալ տունը կամ հողամասն այդ թաղամասում»,- արձագանքեց Անի Սամսոնյանը:

Սամսոնյանը նաև հետաքրքրվեց, թե արդյոք Ջավադյանը ԿԲ ֆինանսատնտեսական բաժնի գործունեության համալիր ստուգման պատրա՞ստ է, և եթե չարաշահումներ արվեն, պատրա՞ստ է պատասխանատվության ենթարկվել:

Արթուր Ջավադյանն արձագանքեց, որ հայտնի չորս աուդիտորական ընկերություններից մեկն այժմ ստուգումներ է իրականացնում ԿԲ-ում, ինքն էլ վստահ է թե՛ իր կարողությունների, թե՛ կառույցի գործունեության օրինականության վրա:

Ջավադյանը կրկին հիշեցրեց, որ 1997 թվականից սկսած իր ունեցվածքի վերաբերյալ հաշվետվություններ է ներկայացրել, ապա հավելեց, որ պատրաստ է օգնել նաև պատգամավորին, որպեսզի վերջինս կազմի իր հաջորդ տարիների հաշվետվությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter