HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում․ կրիշնայականներ

Սկիզբը

1982-83 թթ. սկսած, ի թիվս այլախոհների, խորհրդային իշխանությունները սկսում են հալածել նաեւ սակավաթիվ ու, թվում է, անվտանգ կրոնական մի համայնքի` կրիշնայականներին: Որքան էլ զարմանալի է, այդ հալածանքները ոչ միայն հասան մինչեւ 1985 թ., այլեւ շարունակվեցին դրանից հետո: 1985-ին, կարծես, խորհրդային երկիրը սկսել էր թեւակոխել ազատամտության ու բացախոսության մի այնպիսի շրջան, որից հետո պետք է քաղաքական ու կրոնական հետապնդումների վերջակետը դրվեր: Ակնհայտ էր, որ քաղաքական մթնոլորտը փոխվում էր, եւ նոր հետապնդումներ չպետք է լինեին: Սակայն, կրիշնայականների նկատմամբ հետապնդումները ոչ միայն չէին դադարում, այլեւ ավելի ու ավելի էին սաստկանում: Թե ինչու այդ շրջանում խորհրդային իշխանությունները նրանց հալածելու վճիռ կայացրին, ինչը կարող էր նման հալածանքների պատճառ դառնալ` շարունակում է անհայտ մնալ: Որպես առիթ օգտագործվեց Կրիշնա գիտակցության միջազգային ընկերության ուսուցիչներից մեկի այցը Մոսկվա: Նրա քարոզները եւ ծավալած գործունեությունը չէր արժանացել խորհրդային իշխանությունների հավանությանը, եւ այդ մարդուն արտաքսել էին Խորհրդային Միությունից: Ահա այս արտաքսումից հետո սկիզբ առան կրիշնայականների նկատմամբ հալածանքները: Հենց այս դեպքն են հալածանքների հնարավոր պատճառ մատնանշում այդ տարիների կրիշնայականները: Բայց սա հալածանքների ծավալման հնարավոր պատճառներից միայն մեկը կարող էր լինել: Թե իրականում ինչ փաստարկներով են առաջնորդվել հալածանքների կազմակերպիչներն, այսօր արդեն դժվար է ասել: Միայն մեկ բան հաստատ ու հստակ է` հալածանքներն ուղեկցվել են բացառիկ դաժանություններով: Դաժան էին այն առումով, որ կրիշնայականներին շատ հաճախ` հարկադիր բուժման նպատակով տեղափոխում էին հոգեբուժարաններ, որտեղ, փաստորեն, լիովին առողջ մարդիկ հայտնվում էին հոգեկան լուրջ խնդիրներ ունեցողների միջավայրում` այստեղից բխող բոլոր հետեւանքներով. անհիմն դեղորայքային ներարկումներ էին անում, որոնք հոգեկան շեղումների, նույնիսկ մահվան պատճառ էին դառնում: Այլախոհների նկատմամբ խորհրդային հոգեբուժարանների դաժան վերաբերմունքի մասին այսօր արդեն շատ բան է հայտնի: Այս բնագավառին վերաբերող հսկայական գրականություն կա: Իսկ այն կրիշնայականները, որոնք դատապարտվում էին ազատազրկման, հայտնվում էին ոչ թե քաղաքական կալանավորների համար նախատեսվող կալանավայրերում, այլ քրեական միջավայրում, որտեղ նրանց նկատմամբ վերաբերմունքը պակաս դաժան չէր լինում:

Խորհրդային պետությունն իր ողջ պատմության ընթացքում բռնությունների է ենթարկել ամենատարբեր կրոնական համայնքների ու կազմակերպությունների անդամների: Խորհրդային բանտերն ու կալանավայրերը միշտ էլ լցված են եղել տարբեր դավանանքների տեր հավատացյալներով ու հոգեւորականներով: Դեռ իր կազմավորման առաջին տասնամյակներում էր խորհրդային իշխանությունը թշնամական հայտարարել ցանկացած եկեղեցի, կրոնական ուղղություն ու դավանանք: Ստալինյան բռնատիրության տարիներին հոգեւորականներն ու հավատացյալներն ինքնաբերաբար համարվում էին օրենքից դուրս ու հալածվում էին: Հիսունականների ողջ ղեկավար կազմը 1930-ին կալանավորված ու դատապարտված էր: Պակաս ծանր վիճակում չէին բապտիստները եւ այլ կրոնական ուղղությունների ներկայացուցիչներ: Ետստալինյան տարիներին այս բռնություններն ու հետապնդումները նահանջեցին ու դադարեցին համատարած բնույթ կրել:

1960-ականների սկզբներից պետությունը նոր վերաբերմունք որդեգրեց կրոնի նկատմամբ: 1964-ին հիմնադրվեց Գիտական աթեիզմի ինստիտուտը, իսկ 1965-ին ձեւավորվեց Կրոնի պետական կոմիտեն, որը կրոնի բնագավառում պետական քաղաքականություն իրականացնող հատուկ մարմին էր: ԽՍՀՄ Սահմանադրությունն ի սկզբանե` ելնելով կրոնի նկատմամբ անհատի վերաբերմունքից, մարդկանց անհավասար պայմանների մեջ էր դնում: Այս անհավասարությունը պահպանվեց նաեւ 1977 թ. ԽՍՀՄ Սահմանադրությունում: Սահմանադրության 52-րդ հոդվածն աթեիստներին իրավունք էր վերապահում ազատորեն պրոպագանդել իրենց գաղափարները, իսկ հավատացյալներին ընդամենը թույլ էր տալիս կրոնական ծեսեր իրականացնել:

Բոլոր դավանանքներին էլ պատկանող եկեղեցիները գտնվում էին պետության տոտալ վերահսկողության ներքո: Ակտիվ ու նվիրված բազմաթիվ եկեղեցականներ հանդես էին գալիս իրենց հավատակիցների իրավունքների հրապարակային պաշտպանությամբ, ինչի հետեւանքով հայտնվում էին ազատազրկման վայրերում: 60-70-80-ական թվականներին շարունակում էին ընդգծված դաժան վերաբերմունքի արժանանալ Ավետարանչական ուղղությանը դավանող համայնքները, հատկապես` բապտիստներն ու հիսունականները: Քաղաքական կալանավորների համար նախատեսված կալանավայրերում այս ուղղությունների հետեւորդներ միշտ էլ եղել են: Բայց այստեղ հայտնվում էին միայն նրանք, ում դատապարտում էին «հակախորհրդային ագիտացիա եւ պրոպագանդա» հոդվածով, իսկ այլ հոդվածներով դատապարտված հավատացյալներն իրենց պատիժը կրում էին քրեական կալանավայրերում: Որպես կանոն, հավատացյալները դատապարտվում էին կրոնական ծեսերի իրականացման պատրվակով` անձի եւ քաղաքացու իրավունքների նկատմամբ ոտնձգության եւ կրոնական ծիսակարգին վերաբերող օրենսդրությանը չենթարկվելու կոչերի, դիմումների, նամակների ու թռուցիկների տարածման համար: Նման բովանդակությամբ հոդված կար միութենական բոլոր հանրապետությունների քրեական օրենսգրքերում: Ռուսաստանում դա Քր. օր.-ի 142-րդ հոդվածն էր: Հավատացյալներն, այս հոդվածով դատապարտվում ու դատապարտվում էին, բայց իրենց համոզմունքներից չէին հրաժարվում:

Ետստալինյան շրջանի Հայաստանում կրոնական հողի վրա հետապնդումներ, անկասկած, նույնպես եղել են, բայց դրա մասին մեզ քիչ բան է հայտնի: Ունենք հստակ տեղեկություններ այն մասին, որ հայազգի հավատացյալները կապված են եղել Խորհրդային Միության մյուս հանրապետություններում գործող իրենց հավատակիցների հետ, տեղեկություններ ունենք, որ երիտասարդ հայազգի հավատացյալներ են դատապարտվել խորհրդային բանակում երդում ընդունելուց հրաժարվելու համար, գիտենք, որ 1970-ականներին Գյումրիում գործել է հիսունականների համայնք, եւ նրանց հալածել ու դատապարտել են, բայց չունենք այս բնագավառի դատապարտվածների ցանկը` մի դեպքում այն պատճառով, որ կրոնական համայնքները, որպես կանոն, գործում էին ներփակված, իսկ մյուս դեպքում, ինչն ավելի էական է, նրանց դատապարտել եւ ուղարկել են քրեական կալանավայրեր, եւ այդ պատճառով նրանց մասին տեղեկությունները քաղաքական շրջանակներ չեն հասել: 1980-ականներին Ռուսաստանում կրիշնայականների դեմ սկիզբ առած հետապնդումները չէին կարող Հայաստան չհասնել: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում կրիշնայականները սակավաթիվ էին, չնայած նրանց գործունեությունը սահմանափակվում էր միայն յուրայինների շրջանակով, չնայած կրիշնայականներն օրենքների հետ հակասությունների մեջ չէին մտնում, միեւնույն է, Մոսկվայից իջած հրամանով` հայաստանյան չեկիստները պետք է սկսեին նրանց հալածել: Այսպիսով, 1985 թ. նահանջող քաղաքական դատավարություններին ու հետապնդումներին փոխարինելու եկան կրոնական հողի վրա սկսված հետապնդումները: Հայաստանյան կրիշնայականների նկատմամբ 1982-83 թթ. սկսված, առաջին հայացքից ոչ շատ վտանգավոր թվացող հետապնդումներն աստիճանաբար սաստկացան, եւ 1985-ին ծայր առան ձերբակալությունները: Ձերբակալությունների հիմնական շարժառիթը Երեւանում կազմակերպված կրիշնայական գրականության տպագրությունն էր: Կրիշնայականները կարողացել էին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի տպարանում կազմակերպել գաղտնի տպագրություն եւ այդ գրականությունն առաքել ԽՍՀՄ այլ հանրապետություններ:

Այս գործի մեջ միջնորդավորված կամ անմիջականորեն ներգրավված բոլորն էլ այս կամ այն կերպ պատժվեցին, իսկ 10 մարդ կալանավորվեց ու դատապարտվեց: Նրանցից մեկը` Արա Հակոբյանը, ձերբակալվել էր 1985-ի մայիսին` Ուկրաինայում, իսկ 9-ը` 1985-ի օգոստոսի եւ աշնան ընթացքում` Երեւանում: Հայ կրիշնայականներից Մարտին Ժամկոչյանը 1985-ի օգոստոսին, դատարանի որոշմամբ, հարկադիր բուժման է ուղարկվել Նուբարաշենի հոգեբուժարան, նույն` 1985-ի օգոստոսին հարկադիր բուժման են ենթարկվել Կարեն Սահակյանը, Արմեն Սահակյանը, Սուրեն Կարապետյանը, Արմեն Սարգսյանը: Վերջին չորսը սկզբում տեղափոխվել են Նուբարաշենի հոգեբուժարան, այնուհետեւ Ռուսաստան` Սերբսկու անվան հոգեբուժարան, ապա նորից ետ` Նուբարաշեն: Գագիկ Բունիաթյանը եւ Սարգիս Օհանջանյանը 1985-ին դատապարտվել են 2 տարի ազատազրկման, որը կրել են Սիբիրում, իսկ Արա Հակոբյանը` 1.5 տարի, որը կրել է Ուկրաինայում: 1985 թ. աշնանը կալանավորվել եւ դատարանի որոշմամբ Նուբարաշենի հոգեբուժարան են տեղափոխվել Արմինե Խտրյանը եւ Սերգեյ Կասյանը: Կասյանը հոգեբուժարանում կարճ ժամանակ է անցկացրել: Արա Հակոբյանը ազատ է արձակվել վաղաժամ` 1986-ին, այժմ բնակվում է ԱՄՆ-ում: Մարտին Ժամկոչյանը մահացել է հոգեբուժարանում` ներարկված դեղորայքների հետեւանքով: Կարեն Սահակյանը ազատ է արձակվել 1987-ին, ապրում է Մոսկվայում, զբաղվում է էզոթերիկ գրականության հրատարակմամբ: Արմեն Սահակյանն ազատ է արձակվել 1987-ին, վախճանվել է 1998-ին: Սուրեն Կարապետյանը ազատ է արձակվել 1987-ին, բնակվում է Սանկտ Պետերբուրգում: Արմեն Սարգսյանը ազատ է արձակվել 1987-ին, իսկ 1998-ին ինքնասպան է եղել: Գագիկ Բունիաթյանը ազատ է արձակվել 1987-ին, այժմ ապրում է Անգլիայում: Սարգիս Օհանջանյանը վախճանվել է Սիբիրյան կալանավայրում` պատժի վերջնաժամկետից կարճ ժամանակ առաջ: Արմինե Խտրյանը ազատ է արձակվել 1987-ին, վախճանվել է 1994-ին: Սերգեյ Կասյանը, ապրում է Ավստրալիայում:

Այս մարդիկ դատապարտվել են իրենց կրոնական համոզմունքների համար եւ, բնականաբար, պետք է ներառվեն Հայաստանի այլախոհների ցանկում:

Պատմում է Արա Հակոբյանը

Ծնվել եմ 1966 թ. դեկտեմբերի 31-ին: Դեպի կրիշնայականություն եկել եմ ինձանից տասը տարով մեծ եղբորս միջոցով: Նա սովորում էր ֆիզմաթ թեքումով դպրոցում: Այնտեղ էլ ծանոթացել էր Սահակյան Կարենի հետ: Նրանք մտերմացել էին ու Կարենի եւ իրենց մի քանի այլ ընկերների հետ հաճախ էին հավաքվում եղբորս մոտ: Հավաքույթների ժամանակ, որպես կանոն, տոմատով կաղամբ էին տապակում, ինչը հաճույքով նրանց հետ ուտում էի նաեւ ես: Պարապում էին ու զրուցում ամենատարբեր թեմաներից:

Դպրոցն ավարտելուց հետո Կարենն ու եղբայրս մեկնեցին Մոսկվա` հայտնի ֆիզտեխինստիտուտն ընդունվելու նպատակով: Երկուսն էլ կտրվեցին, վերադարձան Երեւան ու ընդունվեցին մեր համալսարան, մեկը` ֆիզիկայի, մյուսը` ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, ու հաջողությամբ ավարտեցին: Եղբայրս ամուսնացավ ուսանողական տարիներին եւ առանձին էր ապրում: Նրա տանը, որտեղ հաճախ էի լինում, շատ հետաքրքիր մարդիկ էին հավաքվում: Զրուցում էին յոգայից, հնդկական փիլիսոփայությունից, բուդդիզմից: Գրադարաններից վերցնում էին այս թեմաներին վերաբերող գրականություն, կարդում, քննարկում, ֆոտոեղանակով բազմացնում ու տարածում: Այդ հավաքներին գալիս էին նաեւ Խորհրդային Միության ամենատարբեր անկյուններից` Մերձբալթիկայից, Ուկրաինայից, Մոսկվայից, Ռուսաստանի այլ քաղաքներից, ավելի ուշ` նաեւ Վրաստանից: 1970-ականների վերջի, 80-ականներ սկզբի քարացած, ճահճացած իրականության մեջ եղբորս բնակարանն ինձ ազատամտության կղզյակ էր թվում: Առաջին փուլում այդ ամենն արվում էր բաց: Նրանց գործունեության մեջ գաղտնի ոչինչ չկար: Եվ նրանք որեւէ մեկի չէին խանգարում, իրենց էլ խանգարողներ չկային: Սկզբում նրանք կրիշնայականությամբ չէին էլ զբաղվում: Ամեն ինչ պտտվում էր արեւելյան փիլիսոփայության շուրջը: Կրիշնայականության վերաբերյալ առաջին գիրքը, որ տեսել եմ նրանց մոտ` Հրաչյա Աճառյանի թարգմանությամբ «Բհագավադ Գիտա»-ն էր, որ վերցրել էին հանրային գրադարանից ու ֆոտոեղանակով բազմացրել: Որոշեցի կարդալ այդ գիրքը: Կրիշնայականության թեմայով սա իմ կարդացած առաջին գիրքն էր: Ֆոտոպատճենը դժվար էր կարդացվում: Կարդացածից շատ բան չհասկացա, բայց չափազանց տպավորված էի: Դրանից հետո էր, որ որոշեցի լրջորեն հետաքրքրվել այս ուղղությամբ: 1982 թվականին եղբորս ընկեր Սահակյան Կարենը մեկնեց Մոսկվա, որտեղ կապեր հաստատեց Կրիշնա գիտակցության միջազգային ընկերության հետ: Սրանից կարճ ժամանակ առաջ Եվրոպայից Մոսկվա էր այցելել այս ընկերության հայտնի ուսուցիչներից մեկը: Նրա այցը մեծ աղմուկ էր բարձրացրել, խորհրդային իշխանությունները նրան վտարել էին ԽՍՀՄ-ից, ապա սկսել էին մոսկովյան կրիշնայականների շրջանում հալածանքներ ու ձերբակալություններ իրականացնել: Դրանից հետո կրիշնայականներն իրենց գործունեությունը տեղափոխեցին ընդհատակյա դաշտ: Հայաստանում ամեն ինչ շարունակվում էր այնպես, ինչպես եղել է: Որեւէ լուրջ խոչընդոտ կամ հալածանք չկար: Մոսկվայից իջած հրահանգի համաձայն, Պետանվտանգության կոմիտեից հայաստանյան կրիշնայականներին հրավիրում էին զրույցների, բայց թշնամություն չէին ցուցաբերում: Առաջարկում էին չափազանց բաց գործունեություն չծավալել, որպեսզի իրենք ստիպված չլինեն մեզ հալածել: Բաց տեքստով ասում էին, որ չեն ցանկանում կալանավորել մեզ, բայց եթե շրջահայաց չգտնվենք, ապա, ինչքան էլ չցանկանան, ստիպված են լինելու մեր նկատմամբ ավելի լուրջ քայլեր ձեռնարկել:

Ես արդեն բավականին մեծ էի` 16 տարեկան, սովորում էի համալսարանի առաջին կուրսում: Չի կարելի ասել, թե արդեն կայացած կրիշնայական էի, բայց սկսել էի հետեւել կրիշնայականության որոշ պահանջների եւ որպես առաջին ու կարեւոր քայլ` հրաժարվել էի մսից: Այս հողի վրա մեր տանը, իմ ու ծնողներիս միջեւ, լուրջ հակասություններ էին ծագում: Առաջին կուրսի ավարտական քննություններս, ի տարբերություն իմ շատ կուրսեցիների, հանձնեցի շատ արագ: Քննաշրջանը դեռ նոր էր սկսվել, իսկ ես բոլորն էլ արդեն հանձնել էի: Ամառային արձակուրդներին մեկնեցի Ստավրոպոլ: Ռուսաստանի շատ կրիշնայականներ, կենտրոնական քաղաքներում սկսված հալածանքներից խուսափելով, տեղափոխվել էին Ստավրոպոլի մարզի Կուրջինովո կոչվող գյուղ: Նրանք այնտեղ հողատարածք էին գնել ու ստեղծել իրենց համայնքը: Մեկ ամիս ապրեցի նրանց հետ: Այստեղ իմ մեջ տեղի ունեցավ մի այնպիսի հոգեւոր բեկում, որ արդեն առանց կրիշնայականության ինձ պատկերացնել չէի կարող: Անգամ տուն վերադառնալու ցանկություն չունեի: Այնտեղից մեկնեցի Մոսկվա, Լենինգրադ, հանդիպեցի այլ կրիշնայականների հետ, ստեղծվեցին նոր կապեր, եւ այդ ողջ ընթացքում ծնողներիս ոչինչ չէի հաղորդել իմ մասին, իսկ նրանք` իրար խառնված, ամենուր ինձ են փնտրել: Տուն վերադառնալուց հետո նոր թափով վերսկսվեցին իմ ու ծնողներիս հակասությունները: Եղբայրս արդեն քիչ էր շփվում իր կրիշնայական ընկերների հետ, եւ կրիշնայականների հիմնական հավաքատեղին եղբորս տնից տեղափոխվել էր Ավան` Կարեն Սահակյանի բնակարան: Մի օր էլ եղբայրս մի ճամպրուկ բերեց ինձ` մեջը լիքը գրականություն ու ասաց, որ չի ցանկանում իր տանը պահել դրանք: Հարցրեց` կուզենա՞մ դրանք պահել ինձ մոտ: Ես վերցրի ճամպրուկը եւ տեղավորեցի իմ սենյակում` մահճակալի տակ: Օրեր անց` վաղ առավոտյան, մեր տուն մի խումբ եկավ: Հայտարարեցին, որ խուզարկության թույլտվություն ունեն: Հետո պարզվեց, որ ռուսաստանյան կրիշնայականներին ձերբակալելիս նրանց մոտ հայտնաբերել են իմ հեռախոսի համարն ու հասցեն, եւ այնտեղից հայ չեկիստներին հանձնարարական է տրվել` գտնել ինձ եւ խուզարկել մեր բնակարանը: Ծնողներս կարկամած էին: Սկզբում հարցրին` ունե՞մ ինչ-որ բան, որ կցանկանայի կամավոր հանձնել իրենց: Դե, ես էլ ասացի` եթե գրականություն եք փնտրում, ահա այն: Հանեցին գրքերը, արձանագրեցին ու դրանց հետ միասին` ինձ տարան դատախազություն: Հարցաքննության ժամանակ ես, բնականաբար, եղբորս անունը չտվեցի, այլ ասացի` իբր, Կոմայգում մի անծանոթի հետ եմ զրույցի բռնվել, որը գրականությամբ լի այս ճամպրուկն առաջարկել է 50 ռուբլով գնել, եւ ես գնել եմ: Սա իրավապահ մարմինների հետ իմ առաջին շփումն էր: Այս դեպքից հետո էլ ավելի խորացան իմ հակասությունները ծնողներիս հետ: Հակասությունների հիմնական թեման եղել ու մնում էր խոհանոցը: Նրանք շարունակում էին սնվել այնպես, ինչպես միշտ էին սնվել, իսկ ես պահանջում էի` գոնե իմ ներկայությամբ միս չլինի: Հաճախ էի լինում Կարենի Ավանի բնակարանում, պատմում էի նրան տանն ունեցած խնդիրներիս մասին: Մի անգամ էլ նա առաջարկեց թողնել ծնողներիս տունը եւ տեղափոխվել Ավան: Այդպես էլ արեցի:

Համալսարանում կրիշնայական քարոզչություն էի իրականացնում: Այս կապակցությամբ համալսարանական թերթում իմ մասին մի հոդված տպագրեցին, որի մեջ պնդում էին, թե ես հայրենիք չունեմ, ու ընդհանրապես քննադատում էին կրիշնայականությունը: Հոդվածից հետո համալսարանում կոմերիտմիության ժողով հրավիրեցին ու ինձ հեռացրին կոմերիտմիությունից: Դառնում էի 18 տարեկան, շուտով պետք է բանակ տանեին ինձ: Դրանից խուսափելու ճանապարհներ էի փնտրում, եւ երբ տեսա, որ խուսափել հնարավոր չէ` որոշեցի հեռանալ Հայաստանից: Հույս ունեի` Հայաստանից հեռանալով` կորցնել հետքերս: Այս շրջանում մեր մեծ ընկերներից մեկը կարողացել էր Երեւանում գտնվող Գերագույն խորհրդի տպարանում կրիշնայական գրականության ընդհատակյա տպագրություն կազմակերպել: «Բհագավաթ Գիտա» էր տպագրվում` ռուսերենով: Ողջ Խորհրդային Միությունում երեւի միայն Երեւանում էր այս կարգի բարձրորակ տպագրություն կազմակերպվել: Խորհրդային Միության տարբեր ծայրերից գալիս էին Երեւան` գրականություն տանելու: Այդ տարիներին Հայաստանում պայուսակ էր արտադրվում, որի վրա Գառնու հեթանոսական տաճարն էր, եւ տակը գրված էր` Գառնի: Ահա այս պայուսակի մեջ 50 հատ չկազմած գիրք էր տեղավորվում: Այստեղից չկազմված վիճակով տանում էին ուր որ պետք է, եւ այնտեղ գրքերը կազմում էին: Ընդհատակյա աշխատանքի փորձ չունեցող կրիշնայականները ԽՍՀՄ տարբեր հանրապետություններից գալիս էին Հայաստան, յուրաքանչյուրը մի քանի հատ այդ «Գառնի» պայուսակից գնում էր, եւ ամեն մեկի մեջ 50 հատ գիրք դրած` ուղեւորվում էին. ով` Լիտվա, ով` Ուրալ, ով` Ուկրաինա, ով` Միջին Ասիա: ՊԱԿ-ն էլ հետեւում էր սրանց, եւ որտեղ կրիշնայական էր բռնվում, ձեռքի պայուսակի վրա գրված էր լինում «Գառնի»: Ի վերջո, հայաստանյան ՊԱԿ-ին, նախ, դիտողություն են անում, որ իրենց քթի տակ գաղտնի տպագրություն է իրականացվում, իսկ իրենք տեղյակ չեն, ապա հանձնարարվում է գտնել ու փակել տպարանը, իսկ կազմակերպիչներին կալանավորել: Նրանց մտքով անգամ չէր անցնում, որ տպագրությունն իրականացվում է Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի տպարանում: Մինչ այս հանձնարարականը եւ տպարանի բացահայտումը` 1985-ի մայիսին, ճիշտ այդպիսի մի «Գառնի» պայուսակ ձեռքիս, ինքս ուղեւորվեցի Ուկրաինա: Գլխավոր նպատակս զորակոչից խուսափելն էր, հընթացս` նաեւ քարոզչություն էի իրականացնելու: Բացի գրքերից, նաեւ թռուցիկներ էի տարել:

Այդ շրջանում «Գիտելիք» ընկերության անունից թռուցիկներ էինք տարածում: Բնական է, որ «Գիտելիք» ընկերությունում որեւէ մեկը դրա մասին պատկերացում անգամ չուներ: Ամենայն հավանականությամբ, քարոզչական նման հնարք կիրառելու միտքը ծագել էր Կարենի գլխում: Համաձայն այդ թռուցիկների` մանտրաներ կրկնելը հոգեբանական դրական ազդեցություն է թողնում մարդու վրա, եւ «Գիտելիք» ընկերության անունից մարդկանց առաջարկվում էին մանտրաներ:

Թռուցիկների ու գրականության մի մասը Կիեւի կրիշնայականներին փոխանցելուց հետո, մյուս մասը վերցնելով` մեկնեցի Չեռնիգով, որոշ ժամանակ անց կրկին վերադարձա Կիեւ, որտեղ Կրեշչատիկի վրա գտնվող մի գրախանութի մոտ քարոզչություն էի իրականացնում` մարդկանց առաջարկելով ինձ մոտ եղած գրականությունը, երբ ինձ մոտեցան միլիցիայի աշխատակիցները եւ ձերբակալեցին: Քանի որ հիմնական քարոզչական աշխատանքներս իրականացրել էի Չեռնիգովում, իսկ նրանք ինձ, ինչպես պարզվեց, անընդհատ հետեւել էին ու տեղյակ էին իմ քայլերից, կյանքիս մեջ առաջին անգամ ձեռնաշղթա հագցրին ու ավտոմեքենայով Կիեւից տարան Չեռնիգով: Որպես առաջին քայլ, չգիտես ինչու, ինձ մի քանի օրով տեղավորեցին վեներական դիսպանսերում, ինչից հետո տեղափոխեցին հատուկ ընդունիչ-բաշխիչ մեկուսարան, եւ միայն մի քանի օր անց տեղափոխեցին քննչական մեկուսարան: Նախաքննությունը հինգ ամսից ավելի տեւեց: Գտնվում էի ընդհանուր բանտախցում: Ամեն ինչ նորմալ էր, մարդիկ ինձ հարգանքով էին վերաբերվում, իրենց հանձնուքի ոչ մսային կերակուրներից ինձ բաժին էին հանում, օգնում ու աջակցում էին, բայց հետո տեղափոխեցին մեկ այլ` ավելի փոքր բանտախուց, որտեղ երեքով էինք: Այստեղ ամեն ինչ ավելի քան վատ էր: Խցակիցներիս հանձնարարված էր ճնշել ինձ: Ինձ հալածում էին, բռնություն էին կիրառում իմ նկատմամբ: Նրանցից հատկապես մեկն աչքի էր ընկնում իր դաժանությամբ: Հետո քննիչն ասաց ինձ, որ իմ գործի նախաքննության ընթացքում քննչական խումբ է մեկնել Երեւան, ընդհատակյա տպագրության կազմակերպիչներին բացահայտել են, ու տասից ավելի մարդ է ձերբակալվել: Հասկացա, որ գործը շատ ավելի լուրջ բնույթ է կրում, քան ես կկարողանայի պատկերացնել: Վիճակս թեթեւացնելու համար որոշեցի ասել, թե ձերբակալվածների հետ այլեւս առնչություններ չունեմ, եւ կրիշնայականությունն ինձ համար արդեն անցած էտապ է: Հույս ունեի` այս տարբերակով դատապարտվելուց ընդհանրապես խուսափել: Նաեւ հայրս էր գնում-գալիս: Նա էլ իր հերթին էր ջանքեր թափում ու փրկության ուղիներ որոնում, բայց դատից ու դատապարտվելուց խուսափել չհաջողվեց: Ուկրաինական ԽՍՀ քր. օր.-ի 209 հոդվածը (կրոնական կազմակերպություններին մասնակցություն եւ կրոնական քարոզչություն, որը մարդկանց անհատականությանը վնաս է հասցնում), որով դատապարտեցին ինձ, մինչեւ հինգ տարի ազատազրկում էր նախատեսում: Իմ նկատմամբ մեղմ վարվեցին: Տվեցին 1.5 տարի եւ ուղարկեցին քիմիայի:

«Քիմիա» կոչվածը խորհրդային իշխանությունների հերթական անբացատրելի նախաձեռնություններից մեկն էր. ոչ ծանր հանցանք գործած դատապարտյալներին ուղարկում էին քիմիական արդյունաբերությունում աշխատելու: Այս նպատակով նաեւ կալանավայրերից էին մարդկանց պահման ռեժիմները փոխարինում ավելի մեղմ` պայմանական ռեժիմով: Սա կիրառվում էր որպես խրախուսանք: Արդյունքում` թեթեւ հանցանք գործածների կամ ուղղման ճանապարհին կանգնած կալանավորների պահման ռեժիմը էապես մեղմացվում էր: Իսկ ողջ նպատակը քիմիական արդյունաբերությունը զարգացնել էր: Խորհրդային տերմինաբանությամբ դա կոչվում էր «զարկ տալ քիմիական արդյունաբերությանը»։ Այս կարգի դատապարտյալների պահման ռեժիմը պահանջում էր յուրաքանչյուր առավոտ ու երեկո` աշխատանքից առաջ ու հետո, պարտադիր շարք կանգնած մասնակցել անվանականչին եւ անպայման գիշերել հսկողության տակ գտնվող հանրակացարանում: Ռեժիմի այս պահանջները խախտելու դեպքում կարող էին խախտողին կալանավայր տեղափոխել: Իսկ աշխատավայրերում աշխատում էինք այնպես, ինչպես սովորական բանվորները: Հայրս հաճախ էր այցելում ինձ: Մեկ տարին լրանալուց հետո ինձ առաջարկեցին 300 ռուբլի կաշառքի դիմաց ազատ արձակվել:

Այդ օրերին հայրս կրկին այցելել էր ինձ: Նա վճարեց այդ 300 ռուբլին, ու ինձ ազատ արձակեցին: Դա 1986-ի մայիսն էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter