HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում. պատմում է Րաֆֆի Մելքոնի գործում ներգրավված Վահան Իշխանյանը

Սկիզբը

Մայրս՝ Բյուրակն Անդրեասյանը, հայկական սկաուտական եւ մանրամարզական շարժման հիմնադիրներից մեկի՝ Վահան Չերազի դուստրն է։ Չերազը Հայաստանի առաջին Հանրապետություն էր հրավիրվել սպորտը զարգացնելու նպատակով։ Նրան գնդակահարել են ստալինյան բռնաճնշումների առաջին ալիքի ժամանակ՝ 1928 թվին։ Ներկայացված մեղադրանքներից գլխավորը 1921-ի փետրվարյան ապստամբության մասնակցությունն է եղել։ 10 տարի անց՝ 1937 թվին, գնդակահարվել է նաեւ տատս՝ մորս մայրը՝ Վարդանուշ Չերազը։ Ինձ անվանակոչել են պապիս՝ Վահան Չերազի պատվին՝ անձնագրում անունս Վահանչերազ է։ Հայրս էլ ծնվել է բոլշեւիկների ընտանիքում, սակայն դա չի խանգարել, որ նրա հորը՝ Ավետիս Ռատիխան-Կիրակոսյանին, 1937-ին նույնպես գնդակահարեն։

Ծնված օրվանիցս լսել եմ ընտանեկան ողբերգությունները։ Մայրս գրեթե օր չկար, որ իր մոր ու հոր մասին չհիշեր։ Վաղ մանկությունից իմացել եմ, որ մենք մի ահավոր երկրում ենք ապրում։ Այս առումով, ես ու իմ հասակակիցները, թեև նույն երկրում էինք ապրում, բայց այդ երկրի մասին լրիվ հակառակ պատկերացումներ ունեինք։

Հայրս՝ Ռաֆայել Իշխանյանը, լեզվաբանության տարբեր առարկաներ էր դասավանդում համալսարանում։ Համալսարանից տուն վերադառնալուց հետո նա անմիջապես նստում էր գրասեղանի մոտ ու սկսում էր աշխատել։ Գրում էր մինչև երեկոյան 7-ը։ Երեկոյան 7-ին միացնում էր «Ամերիկայի Ձայն» ռադիոկայանը՝ մեկ ժամ, ապա՝ «Ազատություն» ռադիոկայանը, էլի մեկ ժամ։ Ամեն օր երեկոյան 7-ից հետո մեր տանը մի չընդհատվող խշշոց էր տարածվում։ Ինչո՞ւ խշշոց, որովհետեւ խորհրդային երկրի համապատասխան ծառայությունները դրսի ռադիոկայանների հաղորդումներն անընդհատ խլացնում էին, հաղորդման մեջ արհեստական աղմուկ էին գցում, որ խորհրդային ժողովուրդը դրանք լսել չկարողանա։ Հայրս, ականջը ռադիոյին հպած, անընդհատ պտտում էր ալիքներ որսացող կոճակը, որ ձայնը բռնացնի ու այդ խշշոցի միջից հնարավորինս շատ տեղեկություններ որսա։ Ականջն էլ լավ չէր լսում, ու ռադիոյի ձայնը մինչև վերջ բարձրացնում էր։ Բնակվում էինք երկսենյականոց փոքրիկ բնակարանում, ու այդ աղմուկից փախչել հնարավոր չէր։ Մինչեւ այսօր այդ խշշոցն ականջներումս է։

Ռադիոհաղորդումներից հետո, արդեն թեյի սեղանի մոտ, նա մեզ պատմում էր իր լսած նորությունները։ Մենք աշխարհի իրադարձությունների մասին բազմակողմանի տեղեկություններ էինք ստանում, և՛ սովետական պաշտոնական տեղեկատվությամբ, և՛ նրա հակառակորդների։ Բնականաբար, վստահում էինք դրսի ձայներին, ու նաև ռադիոների շնորհիվ շատ բան գիտեինք Խորհրդային Միությունում իրականացվող քաղաքական հետապնդումների մասին։ Հորս շատ էին հետաքրքրում խորհրդային այլախոհներն ու քաղաքական բանտարկյալները, նրանց մասին մանրամասնություններ էր պատմում՝ ով ինչ է գրել, ով ինչ հայտարարեց։ Մանկությունից են մնացել նրանց անունները հիշողությանս մեջ՝ Ամալրիկ, Օռլով, Շչառանսկի, Բուկովսկի և այլն։ Բայց, իհարկե, ամենաշատը նրան հետաքրքրում էին հայ քաղբանտարկյալները։

Հայրս նաև այլախոհ ընկերներ ուներ. Ռինան, որ անընդհատ այլախոհական ինքնահրատ գրականություն էր բերում մեր տուն՝ Սոլժինիցին, Շաֆարովիչ, Ավտորխանով, Ալեքսանդր Զինովև և այլն։ Ես դեռ դպրոցական էի, դրանք չէի կարդում, կարդում էին եղբայրս ու հայրս, հետո քննարկում էին, ես էլ լսում էի։ 1970-ականների վերջերից հաճախ մեր տուն էր գալիս Շահեն Հարությունյանը (ԱՄԿ հիմնադիրներից, իր ծավալած գործունեության համար դատապարտվել էր 1969 թ, ապա՝ դատապարտվեց 1977-ին, իսկ 1985-ին ստիպված եղավ լքել ԽՍՀՄ-ը։ 1986-ին նա զրկվեց ԽՍՀՄ քաղաքացիությունից)։ Շահենը աչքիս առաջ է։ Պատկերացրեք այդ հզոր, բռնապետական երկրում, մեկ էլ Շահենը ասում էր․«Հեսա գնում եմ Մոսկվա սաղ Կրեմլը իրար խառնեմ»։ Ես հմայված լսում էի։ Այդ ընթացքում նրան ձերբակալեցին, հետո որ ազատվեց էլի հորս այցելում էր։ Իմացանք, որ հիմա էլ նրա եղբարը՝ Մարզպետն է կալանավորվել։ Նրանից եմ լսել Իշխան Մկրտչյանի անունը։ Շահենը պատմում էր, ու մենք հիանում էինք նրա խիզախությամբ։ Շատ ավելի ուշ տեղեկացանք, որ նա կալանավայրում նահատակվել է։

Հայրս այլախոհներից մոտ էր նաև Ռոբերտ Նազարյանի հետ, նրան էլ եմ մեր տանը տեսել։ Հետաքրքիր գործիչ էր, մի պահ նաև հոգևորական էր դարձել, բայց կաթողիկոսը ԿԳԲ-ի պահանջով նրան հեռացրել էր եկեղեցուց։ Հետո արդեն որպես Հայաստանի հելսինկյան կոմիտեի անդամ՝ հակասովետական ագիտացիայի հայտնի մեղադրանքով դատապարտվեց, իսկ ազատվելուց հետո էլ մեկնեց ԱՄՆ։

Հայրս մտերիմ էր նաեւ Էդմոնդ Ավետյանի հետ՝ մտավորական, լեզվաբան և այլախոհ (իր հայացքների համար դատվեց 1982-ին ու փակվեց հոգեբուժարանում)։ Հետխորհրդային շրջանում ես հաճախ էի այցելում Ավետյանին։ Նա հենց ինձ տեսնում էր, սկսում էր հորիցս խոսել, պատմում էր, որ այն ժամանակ, երբ իրեն հալածում էին, հայրս այցելում էր իրեն, մի անգամ էլ, երբ հայրս իր տնից դուրս է եկել, աննկատ սեղանին գումար է թողել։ Շատ հուզված հիշում էր այս մասին։

Հայրս յուրահատուկ ջերմ վերաբերմունք ուներ այլախոհների նկատմամբ, և քանի որ ինձ համար նա միակ հեղինակությունն էր, այդ վերաբերմունքը ինձ էլ էր փոխանցվել։ Եվ ընդհանրապես, նրա շատ ուժեղ ազդեցությամբ եմ ինչ-որ գործունեությամբ զբաղվել։

Նա, հրապարակային, լեգալ, սովետական թերթերում հոդվածներ հրատարակելով, պայքարում էր ռուսական դպրոցների դեմ։ Պնդում էր, որ հայ երեխան պետք է հայկական դպրոց գնա։ Նրա համոզմունքն էր՝ հայ նշանակում է հայոց լեզու, որ հայ ժողովրդի պատմությունը սկսում է հայոց լեզվի առաջացումից, որ աշխարհում այն հայերը, ովքեր հայերեն չգիտեն և հայ են մնում, հայախոսների շնորհիվ է, ապա նաև՝ հայերենը այն լեզուներից է, որ կարողանում է յուրաքանչյուր բառ թարգմանել, ուրեմն, հայերենում օտար բառերի փախարեն պետք է դրանց հայերեն տարբերակները լինեն։ Իսկ թե ինչո՞ւ պետք է հայը հայերեն խոսի, երեխային տա հայկական դպրոց, հայերենը պահպանի, հրապարակվելիք հոդվածներում չէր կարող գրել, այդտեղից սկսում էր նրա այլախոհությունը։ «Հոդվածը» շարունակվում էր բանավոր, տանը, ու թեյի սեղանի շուրջ հարցնում էր՝ ինչու պետք է հայ երեխան գնա հայկական դպրոց, ինչու պետք է պահենք հայերենը, մենք էլ արդեն դասը սերտած աշակերտի պես պատասխանում էինք՝ որ ապագայում ստեղծենք անկախ հայկական պետություն։ Նրա գրությունները երկու մասի էին բաժանվում՝ մաս, որ խորհրդային հանդեսների խմբագրություններ էր տանում, և մաս, որ Սովետում տպել հնարավոր չէր։ Սրանք նա պահում էր իր գրասեղանի դարակներում։

Ես փոքրուց գիտեի, որ իմ կյանքը կապվելու է ազգային գործունեության հետ։ Եւ դպրոցի վերջին դասարաններում սովորելիս, եւ երբ արդեն համալսարանում էի։ Համալսարանում էլ մի խումբ համախոհներով իրար գտանք։

Մեր գործունեության հիմքում հորս գաղափարներն էին։ Մեր առաջին գործերից մեկը եղավ համալսարանի ռուսալեզու ֆակուլտետներում սովորող ուսանողների թոշակների բարձրացման դեմ բողոքը: 

1982 թե 1983 թիվն էր։ Մեր կուրսի Ֆրիկ Հովակիմյանն էր, որ զայրացած ասաց, թե համալսարանում բարձրացրել են ռուսական ֆակուլտետների ուսանողների թոշակը, եւ որ պետք է սրա դեմ բողոքել։ Էդիկ Բաղդասարյանն էր, Ֆրիկը ու ես՝ անցանք համալսարանի բոլոր ֆակուլետներով, ուսանողներին կոչ արեցինք հավաքվել համալսարանի գլխավոր մուտքի մոտ՝ խտրականության դեմ բողոքի։ Ահագին ուսանող հավաքվեց։ Հետո բանասիրական ֆակուլտետի զայրացած դեկանը՝ Հովհաննես Բարսեղյանը, բանասիրականի լսարաններից մեկում հավաքեց ֆակուլտետի բոլոր ուսանողներին ու մեր այդ արարքի համար մեզ խիստ հանդիմանեց։

Մենք ընդհատակյա լուրջ գործունեություն ծավալել չհասցրինք։ ԿԳԲ-ն շատ շուտ սկսեց մեզանով զբաղվել։ 1984-ի մայիսին էր կարծեմ, Լրագրողների միությունում Արթուր Մեսչյանի համերգն էր, Միքայել Հայրապետյանի հետ գնացել էինք։ Ընդմիջմանը Միքայելն առաջարկեց թե՝ գնանք Մեշչյանին ասենք՝ մեզ հետ մայիսի 28-ին գա Արամ Մանուկյանի գերեզմանին։ Գնացինք հետնաբեմ, ծանոթացանք։ Միքայելն ասաց՝ մենք մեծ խմբով գնալու ենք նշելու մայիսի 28-ը Արամ Մանուկյանի գերեզմանի մոտ, կխնդրեինք՝ դուք էլ գաք։

Մեսչյանը մի պահ լուռ մեզ նայեց, հետո ասաց՝ չէ, ես հավես չունեմ պերեդաչի բերելու, բայց մի խորհուրդ ձեզ, եթե գնալու եք, մեծ խմբով մի գնացեք, առանձին-առանձին գնացեք։

Մենք մայիսի 28-ին խմբով գնացինք՝ հայրս էլ էր հետներս, ելույթ ունեցավ։ Ավելի մանրամասներ չեմ հիշում։ Հետո, մեր քրեական գործում Արամ Մանուկյանի գերեզմանի այս այցելությունը մեզ ներկայացված գլխավոր մեղադրանքներից էր։

Ինչպես բացվեց գործը

Բանասիրականում ինձնից մեկ կուրս ցածր սովորում էր սիրիահայ Րաֆֆի Մելքոնը (Մելքոնյան)՝ դաշնակցական էր։ Նրա կուրսեցիներ Միքայել Հայրապետյանի ու Սեդա Գրպանեանի միջոցով ծանոթացա Րաֆֆու հետ, և որոշեցինք համատեղ գործունեություն ծավալել։

Այդ շրջանում մեզ համար երկու անչափ սիրելի երեւույթ կար՝ հայ քաղբանտարկյալները եւ դաշնակցությունը։ Դաշնակցական որեւէ թերթ, որեւէ հոդված կամ թուղթ որպես մասունք էինք ձեռքից ձեռք փոխանցում։ Րաֆֆին պետք է Սիրիայից բերեր դաշնակցական գրականություն՝ հիմնականում 1918-1920 թվերի Հայաստանի Հանրապետության վերաբերյալ, նաև անկախության խորհդանիշեր՝ եռագույններ, գերբեր, ազգային գործիչների լուսանկարներ՝ ասենք Արամ Մանուկյանի, Նժդեհի, Դրոյի և այլն, որ տարածելով արթնացնեինք անկախության գաղափարը։

1985-ին կրիշնաիտների գործով մի բնակարան խուզարկելիս չեկիստները հայտնաբերել էին Դաշնակցության ծրագիրը։ Կարողացել էին պարզել, որ այն մաթեմատիկայի ֆակուլտետի մի ուսանողի տվել է Րաֆֆի Մելքոնը։ Րաֆֆին Սիրիայում էր, պետք է շուտով վերադառնար։ Քրոջս ամուսինը՝ Վազգեն Մանուկյանը, ով մաթեմատիկոս էր և մաթեմատիկոսների այդ շրջանակի հետ առնչություն ուներ, իմացել էր այդ մասին։ Նա տեղյակ էր նաեւ Րաֆֆու հետ եղած մեր կապից։ Ինձ ու Միքայել Հայրապետանի հետ հանդիպեց, ասաց, որ Րաֆֆու վրա գործ է բացվում, և որ մենք կապվենք Սիրիա, խոսենք Րաֆֆու հետ, ասենք չվերադառնա։ Մենք Րաֆֆուն զգուշացնելու համար ինչ-որ կապ փորձեցինք գտնել, բայց ապարդյուն։ Կապի այն ժամանակվա հնարավորությունները խիստ սահմանափակ էին։ Եթե անգամ հեռախոսակապը հնարավոր էլ լիներ, մեկ է, ոչ ոք Րաֆֆու կոնտակտները չուներ։ Իսկ նրա գալուն երևի երեք-չորս օր էր մնացել։ Վազգեն Մանուկյանն ասում էր՝ հնարավոր է, որ մեզ բռնեն ու խորհուրդներ էր տալիս, թե ԿԳԲ ընկնելու դեպքում ինչպես պահենք մեզ։ Առաջարկում էր ցուցմունքներ չտալ ու ամեն ինչից հրաժարվել։ Մինչեւ այսօր հիշում եմ նրա խոսքերը․ «Ինչ ասեն հրաժարվեք, ասեք մենք բան չենք արել, ոչ մի բանի չենք մասնակցել, տեղյակ չենք։ Եթե հրաժարվեք ամեն ինչից, նրանք ձեզ կատեն, բայց չեն կարողանա վրաներդ գործ բացել, իսկ եթե նրանց բոլոր հարցերին ճիշտ պատասխանեք, նրանք ձեզ կսիրեն, հետներդ շատ ջերմ կլինեն, բայց արդյունքում դուք եք տուժելու։ Ձեր օգնությամբ ձեր վրա գործ կհարուցեն»։ Մեր ընկերներից Կարո Մեսելջյանն էր, որ ողջ նախաքննության ընթացքում չոր ամեն ինչից հրաժարվեց ու պահանջվող ցուցմունքներ չտվեց։ Քննիչ Ժորա Վարդանյանը ամենից շատ նրան էր ատում։ Բայց երբ մեր քրեական գործի հետ կապված 1985-ի նոյեմբերին «Коммунист» թերթում «Камень за пазухой» վերնագրով հոդված հրապարակվեց, մեզանից միայն Կարոյի անունն այնտեղ չէր հիշատակվում։ Այսինքն՝ Վազգենի խորհուրդը ճիշտ էր եւ աշխատում էր։ Ինչեւէ, Րաֆֆուն նախազգուշացնել չկարողացանք, նա վերադարձավ՝ իր հետ բերելով գրականություն ու ազգային, դաշնակցական տարբերանշաններ՝ եռագույններ և այլն, ու օդանավակայանում էլ բռնվեց։

Մի օր՝ առավոտյան ժամը 8-ին, մեր տուն լցվեցին յոթ թե ութ հոգի, չեկիստներ։ Մինչև երեկոյան 6-ը՝ 10 ժամ խուզարկեցին մեր նեղլիկ բնակարանը։ Բազմաթիվ գրքեր ու հանդեսներ վերցրին, առգրավեցին նաեւ հորս ձեռագրերը: Հայրս մի գիրք էր գրել ոչ Սովետում հրատարակման, այլ դուրս ուղարկելու եւ դրսում հրապարակելու համար։ Այդ ձեռագիր գիրքն էլ տարան։ (Հետագայում այդ գրքի մոտիվներով նա գրեց «Երրորդ ուժի բացառման օրենքը», որ 1989-ին հրատարակվեց ինքնահրատ «Մաշտոց» հանդեսում)։ Խուզարկությամբ հայտնաբերված իրերի թվում էր Պարույր Հայրիկյանի լուսանկարը։

Համապատասխան արձանագրություն կազմեցին ու ողջ հայտնաբերածի հետ նաեւ ինձ տարան ԿԳԲ։ Այդ օրն էլ եղավ իմ առաջին հարցաքննությունը։ Քննիչը Ժորա Վարդանյանն էր։ Մասնակցում էր նաեւ Լալայանը։ Ասաց՝ դե, պատմի։ Անկեղծ, չգիտեի, թե ինչ պիտի պատմեմ, ի՞նչ եմ արել, որ պատմեմ, հարցրի՝ ի՞նչ պատմեմ։ Գոռաց, հետո եկավ քննչական բաժնի պետը՝ Հակոբյանը, ասաց՝ երկնքից ես իջել, ոտքերդ էլ ամպոտ են, հա՞։ Թե ուզում ես կյանքում քո առաջ միշտ կանաչ լույս վառվի, ամեն ինչ պատմի, հակառակ դեպքում միշտ դիմացդ կարմիր լույս է վառվելու։ Բայց ի՞նչ պատմեի, չգիտեի։ Օրինակ, չգիտեի, որ Արամ Մանուկյանի գերեզմանի մոտ գնալը կամ Եղեգնաձոր արշավ գնալը հանցանք է։ Հետզհետե նրանք սկեսցին կոնկրետ հարցեր տալ՝ ինչ-որ արշավի, ինչ-որ հանդիպումների մասին։ Ինձ չկալանավորեցին։ Չհեռանալու մասին ստորագրություն վերցրին ու բաց թողեցին։ Բայց անընդհատ հարցաքննությունների էին կանչում։ Ասենք՝ համալսարանում դասի եմ նստած, մեկ էլ դեկանի տեղակալ Հենրիկ Հարությունյանը լսարան է գալիս, ինձ դուրս է կանչում՝ պետք է ՊԱԿ գնալ։ Այդպես մոտ մեկ ամիս շարունակվեց։ Դասախոսներից հորս՝ Ռաֆայել Իշխանյանին և Լևոն Ներսիսյանին էին կանչում հարցաքննության։

Ժորա Վարդանյանը ահավոր քննիչ էր, սպառնալիքներ ու շանտաժներ էր անում։ Դե մենք ինչ, մի ամիս ենք հարցաքննվել, իսկ նա եղել է Իշխան Մկրտչյանի քննիչը՝ քաղբանտարկյալ, որ նահատակվեց գաղութում 1985 թվի ապրիլի 24-ին, հենց այն ժամանակ, երբ մեզ Վարդանյանը հարցաքննում էր։ Սովետի փլուզումից հետո էլ Ժորա Վարդանյանը աշխատում էր ԱԱԾ-ում՝ քննիչ, երբ 1995-ին ԱԱԾ-ում սպանվեց դաշնակցական Արտավազդ Մանուկյանը, Վարդանյանը քննիչ էր։ Ապա դարձավ դատավոր Շահումյանի շրջանի, ապա Կենտրոնի ընդհանուր ատյանի դատարանի նախագահն էր։ Վերջերս լսեցի, որ մահացել է։ Ափսոս ոչ ոք չփորձեց նրանից հարցազրույց վերցնել սովետական ՊԱԿ-ի տարիների մասին։ Բաց դեռ ուշ չի, ՊԱԿ-ի բազմաթիվ պաշտոնյաներ դեռ ողջ են, և հետաքրքիր կլիներ, եթե լրագրողներն ու ուսումնասիրողները նրանցից հարցազրույցներ վերցնեին։

Երբ ժամանակ առ ժամանակ ինչ-որ քաղաքական գործիչ լյուստրացիայից է խոսում, կարծում եմ անկեղծ չի, նրա նպատակը ոչ թե լյուստրացիան է, այլ անուղղակիորեն Սովետի պատրվակով Ռուստաստանի դեմ գործելը, այլապես այդ գործիչները աղմուկ կբարձրացնեին, երբ ԿԳԲ-ի քննիչները պատվով շարունակում էին պետական կարևոր պաշտոններ զբաղեցնել։ Եւ առաջ, եւ այսօր։ Ոմանք էլ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքը կանգնում ու գոռում էին լյուստրացիա, բայց չէ՞ որ Տեր-Պետրոսյանն է այդ պակակաների դատավոր նշանակելու որոշումները ստորագրել, և ոչ ոք ձայն չի հանել։

Իսկ սովետական այլախոհության ուսումնասիրողներին կհորդորեի դիմել նոր կառավարությանը, որ բացեն ՊԱԿ-ի արխիվները։ Խրուշչովյան շրջանից մինչև Սովետի փլուզումը, որ հնարավոր լինի ուսումնասիրել այդ շրջանի պատմությունը, ինչպես նաեւ քրեական գործերում գտնվող «ապացույցները», հարցաքննությունները, հավաքված նյութերը, տներից առգրավված գրականությունը, ՊԱԿ-ի եզրակացությունները և այլն։ Նախկին իշխանությունները՝ ՀՀՇ-ից սկսած, չէին բացում արխիվները՝ հավանաբար մտավախություն ունենալով, որ ոչ բարենպաստ տեղեկություններ դուրս կհորդեն իրենց և իրենց կոլեգաների մասին։ Նոր իշխանություններն արդեն այլ սերունդ են, մեծացել են հետսովետական ժամանակներում և չպետք է կաշկանդված լինեն նման մտավախություններով։

Մեզանից միայն Րաֆֆի Մելքոնին կալանավորեցին։ Ինձ սպառնում էին, թե կկալանավորեն։ «Կկոխեմ պադվալը»,- սպառնում էր Ժորա Վարդանյանը։ Բայց չկոխեց, ու մնացինք ակվարիումային ձուկ (Ազատ Արշակյանի խոսքն էր, մի անգամ ինձ ասաց՝ դուք ակվարիումի ձկներ եք, իսկ մենք՝ ովքեր դատվել ու կալանավայրեր են գնացել՝ օվկիանոսի։ Ասաց, այ օրինակ, Վարդան Հարությունյանը օվկիանոսայի դելֆին է)։

Հորս էլ էին սպառնում, թե կբռնեն, վերջին հաշվով մեր տնից տարված հսկայական գրականությունը հորս էր պատկանում, հորս ձեռագրերն էին ու հորս գրքերը։ Բայց հայրս այս պատմությանը շատ ավելի թեթեւ էր մոտենում։ Հարցաքննություններից մեկի ժամանակ քննիչին ասել էր, որ պատերազմ է տեսել, ապա՝ գերմանական գերություն, կրկին պատերազմ, իսկ հիմա էլ հետաքրքիր կլինի տեսնել խորհրդային կալանավայրերը եւ աքսորավայրերը։

Հետո եղավ Րաֆֆի Մելքոնի դատը։ Նա մեղադրվում էր հակասովետական ագիտացիա և պրոպագանդա անելու մեջ։ Դատարանը վճռեց արտաքսել նրան երկրից։

Շատ ավելի ուշ՝ արդեն մեր օրերում, Ռուզան Խաչատրյանի ֆիլմից տեղեկացա, որ անկախ Հայաստանում Րաֆֆուն հանցակազմի բացակայության հիմնավորմամբ արդարացրել են։

Մեր խմբում ներգրավվածների ճակատագրերը հետագայում տարբեր կերպ դասավորվեցին։ Րաֆֆի Մելքոնն ԱՄՆ-ում է ապրում։ Կարո Մեսելջյանը երկար ժամանակ դասավանդում էր Բերձորի դպրոցում, հիմա Երևանում է, կարծեմ գործազուրկ է։ Էդիկ Բաղդասարյանը «Հետք» պարբերականի խմբագիրն է, Ֆրիկ Հովակիմյանը, որքան տեղյակ եմ, Մոսկվայում է, Միքայել Հայրապետյանը Պահպանողական կուսակցության ղեկավարն է, Սեդա Գրպանեանն ամուսնացավ Մոնթե Մելքոնեանի հետ, այսօր ԱՄՆ-ում է բնակվում՝ Ալյասկայում։

Բացի նրանցից, մեր նեղ շրջանակում էին և այս կամ այն չափով առնչվում էին մեր գործունեությանը Սուսան Մկրտչյանը՝ անգլերենի մասնագետ է, Աշոտ Ասլիբեկյանը՝ հիմնադրել է Տաթև հանրակրթական դպրոցը, Խաչիկ Ադամյանը՝ եղել է Կովսականի քաղաքապետը, այժմ, կարծեմ, գործազուրկ է, Դավիթ Գուլզադյանը՝ լեզվաբան, որքան տեղյակ եմ Վանաձորի համալսարանում է դասավանդում, Աշոտ Հայրունին՝ Երևանի պետհամալսարանում պատմության դասախոս է, Վարդան Դևրիկյանը՝ Ակադեմիայի գրականության ինստիտուտի տնօրենն է, Արշակ Բանուչյանը՝ մի ժամանակ Մատենադարանի փոխտնօրենն էր, հիմա տեղյակ չեմ՝ ինչ է անում, Միհրան Մանուկյանը՝ ֆերմեր է՝ Առուճ գյուղում, Մկրտիչ Հովսեփյանը՝ նկարիչ է, ապրում է Իրինդ գուղում և Թաթուլ Կրպեյանը, որ զոհվեց Արցախյան պատերազմում։

Րաֆֆու դատավճռի հրապարակումից երկու տարի անց՝ 1987-ի վերջերին, այս շրջանակից մի խմբով և նաև այլ երիտասարդների հետ, որոնց մեջ հիմնականում ֆիզիկայի ֆակուլտետի մի խումբ ուսանողներ էին՝ Վաչե Քալաշյանի գլխավորությամբ, ստեղծեցինք «Գոյապայքար» երիտասարդական միությունը։ Առաջին ակցիան իրականացրինք 1988-ի փետրվարին, Աբովյանում։ Ցույց կազմակերպեցինք կենսաքիմիական գործարանի դեմ, ապա երթով եկանք Երևան։ Չնայած ընդամենը երկու տարի էր անցել, բայց արդեն այլ ժամանակներ էին։ ՊԱԿ այլեւս չկանչեցին։ Փոխարենը՝ դաստիարակչական զրույցի նպատակով հրավիրեցին Կոմերիտմիության կենտկոմ և այն ժամանակվա Կոմերիտմիության երկրորդ քարտուղար Լևոն Յոլյանը գործունեությանս անթույլատրելիության մասին հետս բացատրական աշխատանք էր տանում։ Հետագայում նա էներգետիկայի նախարար դարձավ։  

1988-ից սկսեցինք հրատարակել «Մաշտոց» ինքնահրատ ամսագիրը։

Առաջին լուսանկարը՝ Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Շարունակությունը

Մեկնաբանություններ (1)

Միքայէլ Հայրապետեան
Բրավո, Վահան, ի՜նչ լուսավոր ու խորն ես հիշում: Անցյալ տարի ես ԱՄՆ-ում 33 տարվա ընդմիջումից հետո հանդիպեցի Րաֆֆուն: Երանի պատմեի քեզ այդ հանդիպման մասին: Վահանի գրածին հավելեմ նաև, որ ինքը դարձավ հայ ինքնահրատներից երկուսի՝ «Գոյապայքարի» և «Մաշտոցի» խիզախ խմբագիրը, երբ ԽՍՀՄ-ը դեռ չէր կործանվել: Նրա այդ պարբերականները որոշ իմաստով ուղենշային եղան անկախացած Հայաստանի մամուլի հետագա ընթացքի համար: Եվ ևս մեկ բան. մեզնից շատերը /ես որ հաստատապես/ սերում էինք մեր սիրելի ու Մեծ ՈՒՍՈՒՑՉԻ՝ լուսահոգի պրոֆեսոր Ռաֆայէլ Իշխանեանի գաղափարներից. ինքն է ինձ կերտել որպես պահպանողական: Շնորհակալություն Վահանի պրոֆեսիոնալ այս հուշագրության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter