HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում․ Րաֆֆի Մելքոնյան

սկիզբը

1985 թ. տեղի է ունենում Խորհրդային Հայաստանի պատմության մեջ վերջին քաղաքական դատավարությունը: Երեւանի պետական համալսարանում գործող ուսանողական մի խմբի բացահայտումից հետո, որը զբաղվել էր արգելված գրականության ընթերցմամբ ու տարածմամբ, կալանավորվում է խմբին գրականություն մատակարարող, 1957 թ. ծնված հալեպահայ ուսանող Րաֆֆի Ղազարի Մելքոնյանը: Նրա նկատմամբ քրեական գործը հարուցվել էր 1985 թ. փետրվարի 25-ին: Մելքոնյանին ձերբակալում են օդանավակայանում, Հալեպից Երեւան վերադառնալիս: Նրան մեղադրանք է առաջադրվում ՀԽՍՀ քր. օր.-ի 65 հոդվածի 1-ին մասով (հակախորհրդային ագիտացիա եւ պրոպագանդա):

Ճիշտ է, գորբաչովյան վերակառուցումը եւ հրապարակայնությունը դեռ իրենց տարերքի մեջ չէին, բայց շրջանը գորբաչովյան էր. նկատելի էր, որ քաղաքական հալածանքներն ու բռնությունները թուլանում են, եւ խորհրդային երկրում ստեղծված նոր քաղաքական իրավիճակի թելադրանքով` բացահայտված խմբի անդամներից դատարանի առջեւ կանգնում է միայն Րաֆֆի Մելքոնյանը: Ավելին, քրեական գործով խումբը` որպես այդպիսին չի երեւում, հակառակ դեպքում մեղադրանքում պետք է լիներ նաեւ ՀԽՍՀ քր. օր.-ի 67 հոդվածը: Նրան դատապարտում են այնքան պատժաչափով, որքան ժամանակահատված գտնվել է քննչական մեկուսարանում` երեք ամիս եւ 27 օր: Դատարանի  դահլիճից Մելքոնյանն ազատ է արձակվել եւ հարկադրված լքել Խորհրդային Միության սահմանները:

Ինչպես որոշ դատավճիռներ, Րաֆֆի Մելքոնյանի նկատմամբ կայացված դատավճիռը նույնպես` մեզ չհաջողվեց ստանալ ԱԱԾ-ից:

Այժմ Մելքոնյանը Լոս Անջելեսում հրատարակվող «Ասպարեզ» թերթի հայկական բաժնի խմբագիրն է:

Պատմում է Միքայել Հայրապետյանը

Խորհրդային տոտալիտար համակարգում հայրենիքից կամ հայրենասիրությունից խոսելն, այդ մասին մտածելը, հատկապես՝ այդ ուղղությամբ որեւէ քայլ անելը ոչ միայն չէր խրախուսվում, այլ օրենքից դուրս էր համարվում ու խստորեն հետապնդվում էր։ Բայց, որքան էլ վտանգավոր էր այդ գործը՝ նման մտածողությամբ մարդիկ, հատկապես՝ երիտասարդներ, գտնվում էին։ Գտնվում ու իրար գլխի էին հավաքվում։ Այդպես էլ մեզ հետ պատահեց։ Համալսարանում հայրենասիրական մտքերով տարված, հայոց լեզվի մաքրությամբ հետաքրքրվող, ահագնացող չափերի հասնող ռուսիֆիկացիայի դեմն առնել ցանկացող ուսանողներով գտանք իրար։ Դա արդեն երկրորդ կուրսում էր։ Այդ տարիներին մարդիկ հայրենասիրության դասեր ընտանիքներում էին ստանում։ Այլ հնարավորություն չկար։ Երբ ես դեռ դպրոցի 7-րդ դասարանում էի սովորում՝ հայրս իր սուղ միջոցներից գումար առանձնացրեց եւ ինձ համար գնեց VEF 202 ռադիոընդունիչ, որպեսզի ես կարողանամ «Ամերիկայի ձայն» ռադիոհաղորդումը լսել։ Այդ տարիներին արեւմտյան ռադիոձայները խորհրդային երկրի համապատասխան ծառայությունները «խլացնում» էին՝ հատուկ աղմուկ էին ստեղծում, որպեսզի ձայնը հասկանալի չլինի, բայց որոշակի ջանք գործադրելով որսալ, այնուամենայնիվ, հաջողվում էր։ Եւ ընտանիքում եղած մթնոլորտը, եւ ռադիոձայները, բնական է, չէին կարող չազդել ինձ վրա։ Ես տարված էի հայրենասիրական մտքերով։

Համալսարանում հանդիպեցի ու ծանոթացա մի շարք լուսավոր մարդկանց։ Վահան էր Իշխանյան, Վարդանը՝ Դեւրիկյան եւ ինձ պես մտածող, իմ մտահոգությունները կիսող, հիմնականում ինձ հասակակից այլ երիտասարդներ։ Ավելի ուշ ես եւ Վահանը սկսեցինք մտածել, որ ինչ-որ բան պետք է անել։ Առաջին հերթին պետք էր իմանալ, թե մեզանից առաջ ովքեր են եղել ու ինչ եւ ինչպես են արել։ ԱՄԿ-ականներն այդ ժամանակ կալանավայրերում էին, այլ այլախոհների չգիտեինք։

Այդ շրջանում սփյուռքահայերի նկատմամբ ես հատուկ ակնածանք ունեի։ Այնպիսի տպավորություն էր, թե նրանցից յուրաքանչյուրը Աղբյուր Սերոբի ուղիղ ժառանգն է։ Համակուրսեցիներիցս մեկը՝ Ռաֆֆի Մելքոնը, սիրիահայ էր, Ղամշլի քաղաքից։ Մտերմացա նրա հետ։ Սկզբում իրար հետ պարապում էինք։ Համատեղ քննարկումների ու զրույցների ընթացքում պարզեցինք, որ շատ ընդհանրություններ ունենք։ Առաջին տարին, երբ նա Սիրիա գնաց, չվերադարձավ, զբաղվել էր ազգանունը փոխելու գործերով։ Այն հայացրել էր՝ Մելքոնը դարձրել էր Մելքոնյան։ Հաջորդ տարին, երբ նա վերադարձավ, Վահանի հետ միասին մենք արդեն ձեւավորված խումբ ունեինք։ Խմբի մեջ մտնում էին տարբեր ֆակուլտետների ու տարբեր բուհերի ուսանողներ։  

Թռուցիկներ տարածելու ծրագրեր ունեինք։ Տեքստեր էինք գրում, որոնց հեղինակը հիմնականում ես էի։ Ունեինք նաեւ հրապարակվելիք թռուցիկների համար կարգախոսներ։ Մեկը հիշում եմ՝ «Հայ ենք միայն հայերենով»։ Մեր տարածած թռուցիկները չպետք է ձեռագիր լինեն։ Գրամեքենայով տպագրելուց, պարզ է, խուսափում էինք՝ կբռնվեինք։ Խորհրդային տարիներին յուրաքանչյուր վաճառված գրամեքենա ենթակա էր խիստ հաշվառման ու համապատասխան կառույցներում գրանցվում էր եւ գրամեքենայի համարը, եւ գնորդի տվյալները։ Որոշեցինք, որ պետք է կնիքներ պատվիրենք եւ կնիքների շրիֆտն օգտագործենք։ Խորհրդային Հայաստանում կնիքներ պատվիրել չէինք կարող։ Անմիջապես կհայտնվեինք հատուկ ծառայությունների տեսադաշտում։ Դիմեցինք Րաֆֆուն, որ նա ձմեռային արձակուրդների ժամանակ այդ գործը Սիրիայում անի ու իր հետ Երեւան հասցնի։ Առաջարկեցինք, որ կնիքների հետ նաեւ Նժդեհի ու Դրոյի մասին գրականություն բերի։

Դեպքերը շատ անակնկալ զարգացան։ Նույն այդ ձմեռային արձակուրդների ժամանակ չեկիստները Երեւանում խուզարկություն են կատարում կրիշնայական Արայիկ Հակոբյանի տանը, եւ նրա եղբոր դարակից հանում են Դաշնակցության ծրագիրը։ Նրանք արագ կարողանում են պարզել, որ այն Արայիկի եղբորն է հասել Րաֆֆի Մելքոնից։ Ես եւ Վահանը տեղեկացանք այս խուզարկության մասին, բայց այն ժամանակվա կապի միջոցներով ոչ մի կերպ հնարավոր չէր Րաֆֆուն տեղեկացնել, որ նա Հայաստան չգա։ Նրան տեղեկացնելու մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն։ Բանից անտեղյակ Րաֆֆին գալիս է Զվարթնոց օդանավակայան, որտեղ նրան խուզարկում են եւ հագուստի տակից հայտնաբերում թաքցված գրականությունը։

Խուզարկությունից հետո նրան բաց էին թողել։ Բնական է` տեսնելու համար, թե ու՞ր կգնա եւ ու՞մ կհանդիպի։ Իսկ Րաֆֆին՝ հանրակացարանի իր սենյակ գնալու փոխարեն անմիջապես գալիս է մեր տուն։ Դա առավոտ շուտ էր։ Պատմեց եղելությունը եւ ասաց, որ ես տանից պետք է հանեմ այն ամենը, ինչը չէի ցանկանա, որ հայտնվի չեկիստների ձեռքում։ Տանը ունեի Ռուբեն Տեր-Մինասյանի հատորներից, այդ թվում «Հայ հեղափոխականի մը հիշատակները», որ այն ժամանակ որպես մասունք էի պահում, իսկ այսօր անգամ գնդակահարության սպառնալիքի տակ կհրաժարվեի կարդալ, ինչպես նաեւ Ազգային միացյալ կուսակցության հրապարակած «Փարոս» թերթի օրինակը, որ ինձ էր տվել ժողինստիտուտում սովորող իմ եւ Վահանի ընկերներից մեկը։ Ամբողջը տվեցի մեր բակի իմ ընկերներից մեկին՝ Արթուրին, բայց կասկածում էի, որ Արթուրի հետքի վրա կարող են դուրս գալ։ Երախտագիտությամբ եմ հիշում Աշոտ Հայրունուն, այսօր հայտնի բանասեր, պատմաբան, որին խնդրել էի գիշերով Արթուրենց տնից տանել թաքցրած ողջ նյութը, ինչն էլ նա արել էր։ Դրանց մեջ նաեւ իմ ձեռագրերից կային, այդ թվում` Զորի Բալայանի հոդվածի հետ կապված իմ ծավալուն պատասխանը։ Այն մի ամբողջ տետր էր կազմում։ «Գրական թերթում» Զորի Բալայանը «Դրոշի ստվերն ընկնում է հողին» վերնագրով մի հոդված էր հրապարակել։ Այդ հոդվածում նա պարսավում էր Էդուարդ Հովհաննիսյանին՝ Վահան Հովհաննիսյանի հորը, որը նոր էր անցել Արեւմուտք եւ զրկվել ԽՍՀՄ քաղաքացիությունից, քննադատում էր դաշնակցությանը եւ այն ամենը, ինչն իր կարծիքով սովետական չէր։ Գրածս այդ պատասխանն ընկերներով քննարկել էինք։ Որոշում կար, որ դրա օրինակը պետք է տանել ու քցել Զորի Բալայանի բակը այնպես, որ գտնի ու կարդա։ ՊԱԿ-ում հետագայում իմացան, որ ինձ մոտ «Փարոս» թերթ է եղել։ Շատ էին հետաքրքրված այս հանգամանքով։ Անընդհատ փորձում էին պարզել, թե որտեղից այն եւ ու՞մ եմ ես փոխանցել։

Մի քանի օրից ՊԱԿ-ից մի մեծ խումբ եկավ մեր տուն՝ խուզարկության։ Միաժամանակ խուզարկություն էր իրականացվում նաեւ Վահանենց տանը։ Խուզարկությունը երկար տեւեց, մի 7-8 ժամ։ Առգրավեցին կլոր կասետների վրա պապիկիս ձայնագրությունները, իմ գրամեքենան, Րաֆֆու մի քանի հատոր գիրք, որոնց վրա ես իմ ձեռքով նշումներ էի կատարել, «Սովետական Հայաստան» ամսագրի համարը, որտեղ Գեւորգ Էմինի տպագրված բանաստեղծության կապակցությամբ կրկին էջին նշումներ էի արել։ Խուզարկության ավարտին, երբ ինձ իրենց հետ տանում էին, մայրս ուշաթափվեց։

Սկսվեց հարցաքննությունների շրջանը։ Փետրվարից մինչեւ մայիս՝ երեք ամիս տեւել է այդ փուլը։ Հարցաքննում էր պետանվտանգության քննիչ Ժորա Վարդանյանը։ Նրա հետ կապված անչափ վատ հիշողություններ են մնացել։ Զարմանալի է, բայց անցան տարիներ, եւ արդեն անկախ Հայաստանում՝ 2008 թ․ մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ, երբ կրկին ԱԱԾ ավտոմատավորները՝ ինձ կալանավորելու նպատակով իմ հետեւից մեր տուն էին եկել, բայց ինձ ոչ մի կերպ գտնել ու կալանավորել չկարողացան՝ խուզարկության թույլտվությունը ստորագրել էր նույն Ժորա Վարդանյանը։ Նա անկախ Հայաստանի դատավոր ու դատարանի նախագահ էր։ Ողջ այս պատմության մեջ սա երեւի ամենավիրավորական դրվագն է։ Սա ճակատագրի չար հեգնանք է, որ հուսահատեցնում ու հիասթափեցնում է։

Հիշում եմ, թե ինչպես էր խորհրդային տարիների քննիչ Ժորա Վարդանյանը հոխորտում․ «Ի՞նչ է, լակոտ, քեզ չի՞ բավարարում Սովետական Հայաստանը, Անկախ Հայաստան ես ուզում, հա՞։ Ես քեզ Սիբիր կուղարկեմ՝ սպիտակ արջեր արածացնելու ու նոր կհասկանաս, թե ի՞նչ է նշանակում անկախ Հայաստան»։

Խորհրդային տարիներին նա մեզ էր հալածում, անկախության շրջանում հերթով՝ ում կառաջարկեն։ Նրա համար միեւնույն էր։ Սկսեց դաշնակցության տղաներից եւ հասավ մինչեւ 2008 թ․ մարտյան դեպքերով կալանավորվածներ։ Հիմա, որքան տեղյակ եմ, հանգուցյալ է։

Առաջին հարցաքննությունը երկար տեւեց։ Արդեն գիշերվա կեսին մոտ էր, որ ավարտվեց։ Վարդանյանն արձանագրությունը տվեց, որ ծանոթանամ։ Տառասխալ նկատեցի։ Հարցրի՝ կարո՞ղ եմ ուղղել, ասաց՝ այո։ Դե, եթե մի սխալ կարելի է ուղղել, ուրեմն մնացածը նույնպես կարելի է։ Սկսեցի հերթով ուղղել։ Սա տեսնելով` Վարդանյանն արագ վերցրեց ուղղածս էջը, կրկին իր ձեռագրով այն արտագրեց եւ պահանջեց, որ հաջորդ էջերի սխալները չուղղեմ։ Հակառակ դեպքում նա բոլոր էջերը պետք է հերթով արտագրեր։  

Մեզ չկալանավորեցին։ Միայն Րաֆֆին էր կալանավորված։ Մեզանից քաղաքից չհեռանալու մասին ստորագրություն վերցրին։ Երբ իրենց պետք էր լինում, կանչում էին հարցաքննության։ Մեր տան խուզարկությունից ու ինձ ՊԱԿ տանելուց հետո, հիշում եմ, մեր ազգականները մեր տուն այլեւս չէին գալիս, վախենում էին։ Միայն քեռիս էր, որ անընդհատ հետեւում էր ինձ, որ փողոցում հանկարծ կալանավորեն՝ տեղյակ լինի։ Հարեւանները բակում մորս չէին բարեւում։ 104 հոգանոց կուրսում քչերն էին հավուր պատշաճի մեզ հետ շփվում։ Մթնոլորտն էր այդպիսին։ Հիմա, իհարկե, օրերի հեռավորությունից այս ամենը խամրել է, բայց, չկեղծեմ, չի մոռացվել։

Քննության ժամանակ քննիչի գլխավոր գործերից մեկն էլ մեր խմբակի անդամների միջեւ արհեստական հակասություններ ստեղծելը եւ անվստահություն սերմանելն էր։ Մի ցուցմունքի հետ կապված Վահանն ինձանից նեղվել էր։ Մեր հարաբերությունները սրվեցին։ Սա նկատել էր լուսահոգի Ռաֆայել Իշխանյանը։ Մի օր համալսարանի միջանցքում դուրս եկավ մեզ ընդառաջ ու դիտողություն արեց․ «Եթե ձեր հարաբերություններում դուք լարվածություն եք ստեղծում նշանակում է՝ չեկիստները հաջողում են, նրանք ձեզ հաղթում են»։

1985 թ․ մարտին մահացավ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Չերնենկոն եւ ԽՍՀՄ-ում իշխանության գլուխ անցավ Գորբաչովը։ Տեղի ունեցավ ապրիլյան պլենումը, որտեղ հռչակվեց ԽՍՀՄ զարգացման նոր ուղին՝ վերակառուցումը։ Երկրում սկսում էր իրավիճակ փոխվել։ Մեզ դատելու ծրագրերը փակվեցին։ Մայիսին մեզ վերադարձրին մեր անձնագրերը, իսկ ամռանը կազմակերպեցին Րաֆֆու դատը։ Նրան տվեցին այնքան, որքան ժամանակ նա կալանավայրում էր գտնվել՝ 3 ամիս եւ 27 օր, ապա ազատ արձակելով` արտաքսեցին ԽՍՀՄ-ից։

Ավելի ուշ, վերակառուցման տարիներին, արդեն 1987-ին, մենք նոր խմբեր ստեղծեցինք։ Այդ շրջանում բանակից վերադարձավ իմ շատ սիրելի ընկեր, լուսահոգի Թաթուլ Կրպեյանը։ Մենք միասին էինք։ Վահանն էլ առանձին խմբակ էր ստեղծել։ Վերակառուցում կոչվածը գործունեության նոր դաշտ էր բացում։

Գլխավոր լուսանկարը՝ «Արմենպրես»-ի

Շարունակությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter