HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նազարբաևի մերձավորների գաղտնի անշարժ գույքը Դուբայում

Ալբերտ Ակաև

Դուբայի ճկուն օրենքները, հարկերի բացակայությունը, գաղտնիության երաշխիքներն ու ազատ գոտիների առկայությունը Արաբական Միացյալ Էմիրությունները գրավիչ են դարձնում ամբողջ աշխարհի հարուստների համար։ Տարբեր կազմակերպություններ օտարերկրացիներին բացեիբաց առաջարկում են օֆշորային ընկերությունների գրանցման և կառավարման ծառայություններ։ Ղազախստանցիներին, սակայն, դա անել չի խրախուսվում, քանի որ ըստ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի՝ Դուբայը ներառված է օֆշորային գոտիների ցանկում։ Այն անձինք, ովքեր ունեցվածք, բանկային հաշիվներ կամ բիզնես ունեն Դուբայի Արմավենիների կղզիներում, ըստ օրենքի, պետք է ենթարկվեն մանրազննին ստուգումների։

Անշարժ գույքի մասին տվյալների նոր ատահոսքը բացահայտում է մի շարք պաշտոնյաների անուններ, ովքեր միլիոնների ներդրումներ ունեն Դուբայում։ Այս տվյալները հավաքագրվել են տարբեր մասնագետների կողմից, այդ թվում՝ C4ADS ոչ առևտրային խմբի, որը տրամադրել է դրանք OCCRP-ին։

Ըստ տվյալների բազայի տեղեկատվության՝ Ղազախստանի մի շարք պաշտոնյաներ և իշխանություններին մոտ կանգնած անձինք Դուբայում շքեղ անշարժ գույք ունեն։ Նրանց շարքերում են Նուրսուլթան Նազարբաևի թոռը՝ Նուրալի Ալիևը և Ազգային անվտանգության կոմիտեի նախագահ Կարիմ Մասիմովը։

nurali_aliyev.jpg (97 KB)
Նուրալի Ալիև

Նուրսուլթան Նազարբաևի 34-ամյա թոռ Նուրալի Ալիևը չորս անշարժ գույք է ձեռք բերել Դուբայի տարբեր նորակառույց թաղամասերում՝ Աստանայի քաղաքապետի (աքիմ) տեղակալ լինելու ժամանակ։ Այս պաշտոնը նա զբաղեցրել է 2014-ից 2016 թվականներին:

Ալիևի երկու պենտհաուսները գտնվում են Ջումեյրա Բիչ Ռեզիդենս միկրոշրջանում՝ Պարսից ծոցի ափին։ Առանձնատներից ևս երկուսը գտնվում են Դուբայի Մարինա շրջանում։


Ջումեյրա Բիչ Ռեզիդենս

Ինչպես երևում է, նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը՝ Նուրալի Ալիևը, զբոսանավերի իսկական երկրպագու է․ նա 2008թ-ին, երբ դեռ 24 տարեկան էր, Baltimore Alliance օֆշորային ընկերության միջոցով ավելի քան $1,8 մլն արժողությամբ զբոսանավ էր գնել։ Զբոսանավը Նուրալին անվանել էր Nomad։ Այդ մասին հայտնի դարձավ «Պանամական փաստաթղթերի» հրապարակման արդյունքում՝ 2016 թվականին։

2016թ-ին Ալիևը զբաղեցրեց Աստանայի քաղաքապետի պաշտոնը։ Այդ ժամանակ էլ, «Պանամական փաստաթղթերի» համաձայն, նա հանդիսացել է ևս մեկ օֆշորային ընկերության՝ Կիպրոսում գրանցված Alba International-ի բաժնետերը։ Ընկերության միջոցով իրականացվում էին մի շարք բանկային գործարքներ։ Այս տեղեկության հանրայնացումից հետո նախագահի թոռը որոշեց զբաղվել միայն բիզնեսով։

Մարինա էլիտար զբոսանավերի մատույց

Նուրալի Ալիևի կենսագրությունը, որը ըստ Forbes Kazakhstan-ի՝ Ղազախստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, բազմաթիվ հարցեր է առաջացնում։

18 տարեկանում Մանկավարժական համալսարանը ավարտելուց հետո Ալիևը աշխատանքի է անցել ֆրանսիական առևտրային ընկերության միջազգային առևտրի բաժնում։ Մեկ տարի այնտեղ աշխատելուց հետո՝ 2004 թվականին, դարձել է ղազախստանյան «Շաքարային կենտրոն» («Сахарный центр») մենաշնորհային ընկերության միջազգային բաժնի ղեկավարը։ «Շաքարային կենտրոն»-ը ընկերությունների խումբ է, որը պատկանում է Նուրալի Ալիևի հորը՝ Ռախատ Ալիևին, ով այդ պահին զբաղեցնում էր Ղազախստանի ԱԳՆ փոխնախարարի պաշտոնը։ 2004 թվականին Նուրալի Ալիևը գլխավորել է «Շաքարային կենտրոնը»։

2006 թվականը արգասաբեր էր 21-ամյա երիտասարդի համար. նա դարձավ Hit TV ժամանցային հեռուստաալիքի նախագահը, հիմնադրեց Capital Holding մասնավոր ներդրումային հիմնադրամը, դարձավ «Նուրբանկ» ԲԸ-ի առաջին փոխնախագահը։ Այդ ժամանակ «Նուրբանկի» գլխավոր բաժնետերը Նուրալիի հայրն էր՝ Ռախատ Ալիևը։ 2007 թվականին Ռախատ Ալիևին մեղադրանք է առաջադրվել «Նուրբանկի» երկու մենեջերների առևանգման համար, և նա փախել է երկրից։ Այնուհետև Նուրալի Ալիևի մայրը՝ Դարիգա Նազարբաևան, դարձել է «Նուրբանկի» գլխավոր բաժնետերը․ նրան էին պատկանում բաժնետոմսերի 50,71 տոկոսը, իսկ Նուրալիին՝ 5,98 տոկոսը: Տնօրենների խորհրդից Նուրալի Ալիևը և Դարիգա Նազարբաևան դուրս են եկել 2010 թվականին։

2008 թվականին Նուրալի Ալիևը դարձավ Ղազախստանի զարգացման բանկի գործադիր տնօրենը։ Այն պետական բանկ է, որը զբաղվում է երկրի արտադրողական ենթակառուցվածքների զարգացմամբ և ներդրումների ներգրավմամբ։ Այստեղ նախագահի թոռն աշխատել է մինչև 2013 թվականը։

2013 թվականի դեկտեմբերին Նուրալի Ալիևը դարձել է «Տրանստելեկոմ» խոշոր կապի օպերատորի ղեկավար, իսկ 2014 թվականի դեկտեմբերին՝ 29 տարեկանում, պաշտոնավարման է անցել՝ որպես Աստանայի քաղաքապետի տեղակալ։ Պաշտոնավարել է գրեթե երկու տարի և հեռացել  «Պանամական փաստաթղթերի» հանրայնացումից հետո։

Երկրի օրենսդրությամբ նախատեսված որևէ ստուգում Նուրալի Ալիևի նկատմամբ չի իրականացվել։ Ավելին՝ Ղազախստանի գլխավոր դատախազությունն այդ ժամանակ կասկածի տակ էր առել նյութերի տեղեկատվության աղբյուրների հավաստիությունը։ Նշենք, սակայն, որ ICIJ-ը հրապարակել է պայմանագրեր Նուրալի Ալիևի ստորագրությամբ՝ դրանց կից անձնագրի պատճենով։

karim_masimov.jpg (113 KB)
Կարիմ Մասիմով

Կարիմ Մասիմովը Ղազախստանի խոշորագույն դեմքերից է։ Ներկայում նա զբաղեցնում է Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգության կոմիտեի (ԱԱԿ) ղեկավարի պաշտոնը։

Նա շքեղ բնակարաններ ունի Դուբայի Executive Towers համալիրում, որը 12 աշտարակներից բաղկացած համալիր է, որոնցից 10-ը բնակելի են։

Executive Towers

Կարիմ Մասիմովի մեկ այլ բնակարան էլ  գտնվում է Dubai International city-ում: Այն օտարերկրացիներով խիտ բնակեցված 800 հեկտար մակերեսով տարածք է։ Այնտեղ տարբեր շրջաններ կան՝ ռուսական, չինական, ֆրանսիական, անգլիական և այլն։ Դրանցից մեկում էլ բնակություն է հաստատել Կարիմ Մասիմովը։

International City Dubai

Հայտնի չէ, թե որքան է վաստակում Կարիմ Մասիմովն այժմ, սակայն 2011 թվականին նա ստանում էր օրական 228 դոլար։

Կարիմ Մասիմովի մոտ ազգականները խոշոր բիզնեսմեններ են։ Օրինակ, ԱԱԿ ղեկավարի հայրը՝ Կաժիմկան Մասիմովը, մահանալը (մահացել է 2019-ի ապրիլին՝ 79 տարեկանում) 39 ընկերությունների հիմնադիր է եղել։ Վերջին տասը տարիներին նրան մեղադրում էին աշխատանքային օրենսդրության խախտումների, փաստաթղթերի կեղծման և բաժնետերերին խաբելու մեջ, բայց երբևէ պատասխանատվության չի ենթարկվել։ Միայն մեկ անգամ փաստաթղթերի կեղծման համար դատարանը պարտավորեցրել է Կաժիմկան Մասիմովին պետական տուրք վճարել 100 հազար տենգեի (մոտ 125 հազար դրամ) չափով։ Բազմաթիվ կազմակերպություններ նա գրանցել է Parigi Equity Partners խոշոր միջազգային ներդրումային հիմնադրամի փոխնախագահ Այդին Հարունի հետ համատեղ։

Կարիմ Մասիմովի մայրը՝ Էլեոնորա Մասիմովան, 78 տարեկան է։ Նա մասնակցություն ունի երեք ընկերություններում։

Առաջինը Էլեոնորա Մասիմովայի անվան երեխաների պաշտպանության սոցիալական հիմնադրամն է, որը վերջինս գրանցել է 2013 թվականին։ Հիմնադրամը հարկեր չի վճարում և չի հիշատակվում ԶԼՄ-ներում։

Հիմնադրամից բացի, ԱԱԿ ղեկավարի մայրը բաժնետեր է երկու ՍՊԸ-ներում՝ TERRA NOVA XXII և TERRA FIRMA։

Երկու ընկերություններն էլ գրանցվել են Կարագանդայում՝ 2018 թվականի մայիսին։ Տերա Նովան 8 հիմնադիր ունի, իսկ Տերա Ֆիրման՝ 7: Դրանց հիմնադիրներից մեկը՝ Սերիկ Աբուբակիրովը, նաև ղեկավարում է Կաժիմկան Մասիմովի ընկերություններից մեկը։ Մինչև բիզնես գալը, նա եղել է ՂՀ Ներքին գործերի նախարարության թմրանյութերի շրջանառության վերահսկողության և նարկոբիզնեսի դեմ պայքարի կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության պետը։ Ընկերություններից ոչ մեկը հարկեր չի վճարել։

Կարիմ Մասիմովի երեք երեխաներից ոչ ոք բիզնեսով չի զբաղվել և չի աշխատել պետական ծառայություններում։ Բայց Մասիմովի փեսան՝ Ազամատ Կապենովը, քիչ թե շատ հանրային կերպար է։ Նա Մասիմովի ավագ դստեր՝ Տամիլայի ամուսինն է, կապված է ածխի հանքարդյունաբերության և երկաթգծի հետ։ Եղել է «Կաստեմիրտրանս» ԲԸ-ի գործառնությունների և լոգիստիկայի գծով փոխնախագահը։

2017 թվականին «Վեդոմոստին» գրել է, որ Ազամատ Կապենովը «Ղազախստանի ածուխ» ՍՊԸ-ի միջոցով գնել է «Զարեչնոյե» ռուսական ածուխ արդյունահանող ընկերության 64 տոկոսը՝ պարտքի հետ միասին։ Գործարքի արժեքը կազմել էր 10,5 միլիոն ռուբլի։ Ավելի ուշ Կեմերովոյի մարզի փոխմարզպետ Եվգենիյ Խլեբունովը հաղորդել էր, որ «Ղազախստանի ածուխը» «մի կողմ է քաշվել»։ Թե ինչ է դա նշանակում, չէր պարզաբանել։

53-ամյա Կարիմ Մասիմովը հետաքրքրական կենսագրություն ունի։ Խորհրդային շրջանում սովորել է Մոսկվայում՝ ուսումնասիրելով արաբերեն։ Փլուզումից քիչ առաջ չինարեն է սովորել Պեկինում, իսկ ավելի ուշ՝ ընդունվել է Կոլումբիայի համալսարան։ Դոկտորականն ավարտելուց հետո դարձել է Ղազախստանի աշխատանքի նախարարության բաժնի ղեկավար, աշխատել է չինական ընկերություններում և ղազախստանյան բանկերում։ 2000 թվականին Մասիմովը, լքելով բանկերից մեկի խորհրդի նախագահի պաշտոնը, դարձել է կապի և տրանսպորտի նախարար։ Մեկ տարի անց՝ 2001 թվականին, դարձել է վարչապետ, իսկ 2003-ին՝ նախագահի օգնական։ 2007 թվականին Մասիմովը կրկին վարչապետ է ընտրվել։ Հենց նրա վարչապետության օրոք են Ռախատ Ալիևին մեղադրել պետական հեղաշրջման պլանավորման մեջ։ Իր «Կնքահայրերը» գրքում, որը լույս է տեսել 2009 թվականին, Ալիևը Կարիմ Մասիմովին անվանել է «Նուրսուլթան Նազարբաևի գլխավոր գանձապետ»։

2012 թվականին նա դարձավ նախագահի ադմինիստրացիայի ղեկավար, 2014-ի հունվարին՝ Ղազախստանի պետքարտուղար, իսկ 2014-ի ապրիլին՝ նորից վարչապետ։ 2016 թվականին Կարիմ Մասիմովը դարձավ Ազգային անվտանգության կոմիտեի նախագահ և զբաղեցնում է այդ պաշտոնը մինչ օրս։ Նա երբեք չի բարձրաձայնել իրեն և իր ընտանիքին պատկանող անշարժ գույքի մասին։

 

Այս հոդվածում կատարվել են փոփոխություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter