HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքագետ. «Ադրբեջանը զգում է, որ իր ձեռքերն արձակված են»

«Հետքի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Անուշ Սեդրակյանը

-Տիկին Սեդրակյան, ֆուտբոլի Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկությունից հետո Ադրբեջանը կրկին ինտենսիվորեն սկսել է խախտել հրադադարը: Նման բան եղավ նաեւ 2015-ին Բաքվում կայացած եվրոպական խաղերից հետո, ինչը ամիսներ անց հանգեցրեց ապրիլյան պատերազմի: Ըստ Ձեզ՝ արդյոք Ադրբեջանը կրկին նույն քայլին է դիմում:

-Մենք չենք կարող քննարկել, կանխագուշակել եւ հաշվարկել Ադրբեջանի քայլերը: Ի՞նչ կարող ենք անել. կարող ենք հաշվարկել, կանխագուշակել ու նկատել բոլոր այն ակներեւ թերացումները Արցախի հարցի վերաբերյալ, որոնք կան նոր Հայաստանում: Բաքվում Եվրալիգայի գավաթի խաղարկությանը Հենրիխ Մխիթարյանի մասնակցության մասով Ադրբեջանը բազմաթիվ խախտումներ թույլ տվեց, որոնք կապված են մարդու իրավունքների կոնվենցիայի, պրոֆեսիոնալ էթիկայի, մրցակցային պայքարի համար խաղաղ միջավայր ստեղծելու հետ: Բայց այդ բոլոր շանսերը, որ, փաստորեն, Ադրբեջանը տվեց մեր արտգործնախարարությանը, քննության չառնվեցին: Միակ նշանակալի հայտարարությունը, որով հանդես եկավ ԱԳՆ-ն այդ ամբողջ ընթացքում, այն էր, թե կասկած չկա, որ Հայաստանում լինելու է ռուսական ռազմաբազա:

Մենք կարող ենք միայն տեսնել մեր սեփական սխալները, բացթողումները եւ թե ինչպես ենք հերթական անգամ միջազգային հանրության մոտ երաշխիքներ ձեւավորելու, կարծիք առաջացնելու եւ համապատասխան միջավայր ստեղծելու պարարտ հնարավորությունները բաց թողնում:

-Օրեր առաջ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորն աչքի ընկավ ակնհայտ ռասիստական արտահայտությամբ՝ կոչ անելով ֆիզիկապես ոչնչացնել ՀՀ վարչապետին եւ պաշտպանության նախարարին: Սրան հետեւեց մեր ԱԳՆ-ի արձագանքն այն մասին, որ Ադրբեջանը լիակատար պատասխանատվություն է կրելու իրադրության հետագա սրման ռիսկերի համար: Ինչպե՞ս եք գնահատում հայկական պատասխանը, այն համարո՞ւմ եք իր կոշտությամբ աննախադեպ, եւ արդյոք բավարար արձագանք է:

-Չեմ համարում, որ այն աննախադեպ էր իր կոշտությամբ, եւ գտնում եմ, որ եթե իմ ասած վերոնշյալ արձագանքը լիներ, երկրորդ հայտարարությունն (նկատի ունի պատգամավորի ելույթը- Մ.Մ.) այդպես չէր լինի: Ադրբեջանը զգում է, որ իր ձեռքերն արձակված են, որ մենք միջազգային ասպարեզում մատնված ենք լիակատար անգործության, որ Արցախի հարցը, ցավում եմ, բայց արդեն երեւում է, որ Հայաստանի քաղաքականության մեջ գերակա չէ եւ նույնիսկ չորրորդական է, ստորադասված է բազմաթիվ այլ կարեւոր եւ անկարեւոր հարցերի: Դրա պատճառով Ադրբեջանը նման լկտիություն եւ հանդգնություն է ցուցաբերում: Կարծում եմ, որ ճիշտ կլիներ այդ պատգամավորին դատի տալ միջազգային մակարդակով, բայց Հայաստանը, ցավոք, բաց է թողնում դիվանագիտական այդ խնդրում առաջնահերթությունները հաստատելու եւ գերակա դիրք գրավելու բոլոր հնարավոր շանսերը:  

-Նախիջեւանում մեկնարկում են թուրք-ադրբեջանական զորավարժություններ: Վերջերս էլ Ադրբեջանն է մեծամասշտաբ զորավարժություններ անցկացրել: Սա կարելի՞ է համարել նախապատրաստություն ռազմական լայնամասշտաբ գործողությունների:

-Երբ գործ ունես Ադրբեջանի նման դիկտատուրայի հետ, որը միեւնույն ժամանակ դրսեւորում է բացառիկ ճկունություն իր արտաքին պարտնյորների հետ խաղի մեջ, ապա ոչինչ բացառել պետք չէ: Չի կարելի թշնամուն մեղադրել արածների կամ չարածների համար, միակ բանը, որ կարող ենք անել, մեզ մեղադրելն է մեր չարած գործերի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter