HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն օգտվում է հեռախոսային հավելվածից, որը կբացառի գաղտնալսումը

Ազգային անվտանգության ծառայության պահպանման ծախսերը 2018-ի պետական բյուջեով նախատեսվել են 20 միլիարդ 372 միլիոն 956 հազար դրամ, փաստացի ծախսը կազմել է 19 միլիարդ 522 միլիոն 217 հազար դրամ։

Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային և Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

Վանեցյանի խոսքով՝ ընթացիկ ծախսերը կազմել են 18 միլիարդ 671 միլիոն դրամ, որից միայն աշխատավարձի վարձատրությունը՝ 15 միլիարդ 548 միլիոն 446 հազար դրամ, մնացածը շարունակական ծախսեր են՝ ապրանքների, ծառայությունների ձեռքբերման համար։

«ԱԱԾ պահպանման ծախսերի տնտեսված միջոցներից 472 միլիոն 510 հազար դրամ գումարը վերադարձվել է պետական բյուջե»,- ասաց Արթուր Վանեցյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հիշեցրեց, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետի խոսակցությունը գաղտնալսվել է, ապա հետաքրքրվեց, արդյոք ապահովագրված ենք նման դեպքերից, որ ավելի բարձրաստիճան պաշտոնյաների չգաղտնալսեն։

«Գործի բացահայտման հետ կապված զերծ կմնամ որևէ մեկնաբանությունից, որովհետև գործը քննվում է Քննչական կոմիտեում, խնդրում եմ իրենց դիմեք»,-ասաց Վանեցյանը։

Անդրադառնալով առհասարակ հեռախոսային խոսակցությունների պաշտպանվածության հարցին Վանեցյանն ասաց.

«Ժամանակակից աշխարհում հարյուր տոկոսանոց գաղտնիության ապահովում գրեթե անհնարին է, մեզ բոլորիս հայտնի են տասնյակ ու հարյուրավոր դեպքեր, երբ գաղտնալսել են երկրի ղեկավարների, քաղաքական գործիչների, հազարավոր դեպքերի մասին էլ չի բարձրաձայնվել։ Այդ առումով խոսել հարյուր տոկոսանոց պաշտպանվածության մասին չեմ կարող, բայց մինչ այդ գաղտնալսումների ի հայտ գալը, ԱԱԾ-ն մեր տեղի մասնագետների հետ սկսել էր մշակել մի ծրագիր, որը պետք է կիրառվեր և զերծ պահեր գաղտնալսումից։ Այդ ծրագիրն այսօր կա, իմ հեռախոսի վրա տեղադրված է, դեռևս թեստային տարբերակն է, ստուգում ենք բոլոր տեսակի խոցելիությունները, այս պահին բավականանին պաշտպանված է։ Շատ մասնագետներ տվել են եզրակցություն, որ գրեթե անհնար է այդ հավելվածի գաղտնալսումը։ Այն լրիվ հայկական պրոդուկտ է, սերվերը ֆիզիկապես ԱԱԾ շենքում է, գաղտնագրվում է ամբողջությամբ, անգամ եթե ուզենանք գաղտնալսենք մեզ, անհնարին է»։

Վանեցյանի խոսքով, եթե այդ հավելվածն արդարացնի իրեն, ապա կորոշվի այն պաշտոնյաների խումբը, որոնք պետք է օգտվեն այդ հավելվածից։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը հետաքրքրվեց, թե արդյոք ԱԱԾ տեխնիկական հագեցվածությունը համապատասխանո՞ւմ է ժամանակակից մարտահրավերներին։

«Այն տեխնիկական միջոցները, որ մենք ունենք, ինչ ունենք դրանով աշխատում ենք, կատարում ենք մեր առջև դրված խնդիրները, բայց ցանկալի կլինի, որ միշտ արդիականացվեն, և ունենանք ավելի նորը, որովհետև ներկայիս ժամանակից տեխնիկական միջոցները ամեն օր փոխվում են։ Ահռելի մեծ գումարների մասին է խոսքը, մի փոքր գաղտնալսող սարքը կարող է հասնել մի քանի տասնյակ հազար դոլարների, դա ամենապրիմիտիվ բանն եմ ասում»,-ասաց ԱԱԾ տնօրենը։

Վանեցյանի խոսքով՝ տեխնիկական ապահովություն ասելով` նկատի ունեն նաև պետական մարմինների կայքերի պաշտպանությունը, այդ սերվերները պետք է պաշտանվեն։

«Բայց ահռելի մեծ գումարների մասին է խոսքը, չկա հստակ թիվ, որ ասենք էդ թվի շրջանակում կարող ենք ապահովել, եթե գումարները տրամադրվեն։ Մինիմալ պահանջները բավարարում ենք, բայց եթե հավելյալ գումարներ լինեն, շնորհակալ կլինենք»,- ասաց Վանեցյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter