
«Վերոնիկայի» մանկապարտեզը կվերակառուցվի և կշահագործվի. փոխքաղաքապետը մանրամասնում է
Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցում գտնվող «Վերոնիկա» անունը ստացած չգործող մանկապարտեզը պլանավորում են շահագործել: Այս մասին «Հետք»-ին տված հարցազրույցում նշել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
Մանկապարտեզի նախկին տնօրեն Վերոնիկա Գևորգյանի անունը ստացած նախակրթարանը փակվել էր 10 տարի առաջ: 2009 թվականին մանկապարտեզի տարածքն անհատույց օգտագործման իրավունքով 50 տարով տրվել էր ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական ՀԿ-ին:
«Այդ տարածքը իր գործունեությամբ մեծապես օժանդակելու է Երևան քաղաքում հերթագրված երեխաների թվի նվազեցմանը, և այդ թիվը չի լինելու այն 1000 նոր ընդունվող երեխաների թվի շարքում, այն գալու է, համալրելու է այդ 1000-ը»,- ասաց Տիգրան Վիրաբյանը: Հարցին՝ մանկապարտեզը կվերաբացվի՞, նա պատասխանեց.
«Բնականաբար, ինքն իր մեջ կունենա նաև այդ կրթական բաղադրիչը և բնականաբար կծառայի համայնքի շահերին և դա կլինի համայնքի շահերից բխող պայմանավորվածություն և ի շահ համայնքի փոխշահավետ համագործակցություն»:
Անդրադառնալով շահագործման ժամկետներին, Երևանի փոխքաղաքապետն ասաց, որ այդ տարածքի վերաբերյալ նախկինում եղել են բանավոր պայմանավորվածություններ, իսկ քաղաքային իշխանությունն այսօր ցանկանում է պայմանավորվածությունների փոխարեն իրավական փաստաթուղթ ունենալ և այժմ այդ քննարկումներն են ընթանում:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը 2018 թ.-ի նոյեմբերի 2-ին «Ալեքսանյան ընտանիք» հասարակական կազմակերպությանը հասարակական շինությունը վերակառուցելու շինթույլտվություն է տրամադրել:
Մեկնաբանել