HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փորձագետ. «Չպետք է սպասել, որ Ալիեւի ձեռագիրը փոխվելու է մոտ ապագայում»

«Հետքի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանը

-Պարոն Վերանյան, Նախիջեւանում մեկնարկում են թուրք-ադրբեջանական զորավարժությունները՝ «Անխախտ եղբայրություն 2019» խորագրով: Առհասարակ նման զորավարժությունները Հայաստանի ու Երեւանի անմիջական հարեւանությամբ ի՞նչ ուղերձներ կամ նպատակներ ունեն: Տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ նման վարժանքները:

-Նախ նշեմ, որ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները պետք է դիտարկել Նախիջեւանի ռազմականացման միտումների համատեքստում, ինչին ականատես ենք հատկապես վերջին տասնամյակում: Կարծում եմ, որ այդ հարցում շահագրգռված է առաջին հերթին Անկարան, որը ձգտում է Նախիջեւանը վերցնել իր պաշտպանական ու անվտանգային հովանու ներքո:

Զորախաղերի անցկացմամբ Անկարան ու Բաքուն թերեւս փորձում են հայկական կողմի վրա բանեցնել հոգեբանական-տեղեկատվական ճնշումներ: Նման գործողությունները մեր հարեւանները կարեւորում են հատկապես Հայաստանի ներքաղաքական իրադրության ակտիվության ֆոնի ներքո: Չպետք է ուռճացնել համատեղ զորավարժանքների ռիսկայնությունը Հայաստանի անվտանգության տեսանկյունից, քանի որ դրանք նախեւառաջ պլանային նշանակություն ունեն: Մյուս կողմից, իհարկե, սխալ է նաեւ թերագնահատել զորախաղերի անցկացման հարցերն առհասարակ, քանի որ վերջին ամիսներին Բաքուն հաճախակի է զորախաղեր անցկացնում:

Կարեւոր է հասկանալ, որ նման զորավարժությունները, բացի հակահայկական ուղղվածությունից, ունեն ավելի լայն նշանակություն, ընդգրկվածություն: Պատահական չէ նշյալ զորախաղերի համար ընտրված խորագիրը՝ «Անխախտ եղբայրություն». նման խորագրով զորավարժանքներ տարեկան հիմունքներով անցկացվում են ՀԱՊԿ շրջանակում: Ասել է թե՝ Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ զորավարժությունները նախեւառաջ մեսիջ են Ռուսաստանի համար: Թուրքիան դրանով ընդգծում է իր հատուկ շահերը Հարավային Կովկասում եւ պատրաստակամությունը դրանց պաշտպանության հարցում մրցակցելու Մոսկվայի հետ: Այս դիտանկյունից խորհրդանշական է այն, որ նման խոշոր համատեղ զորավարժություններ նախատեսում են անցկացնել Ռուսաստանն ու Հայաստանը:

-Ներկայում ականատես ենք տարածաշրջանում հստակ լարվածության ու խոշոր խաղացողների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի ու Թուրքիայի ռազմաքաղաքական շահերի երկկողմ ու բազմակողմ բախման՝ թուրք-իրանական սահմանային առճակատում, ռուս-թուրքական ռազմական համագործակցություն, ամերիկաիրանական չլուծվող թնջուկ եւ այլն: Այս համատեքստում ի՞նչ դիրք է զբաղեցնում Հայաստանը: Արդյոք մեր արտաքին քաղաքականությունը մեզ գործընկեր ու բարեկամ, բայց միմյանց հետ խնդիրներ ունեցող երկրների հանդեպ հավասարակշռված է:

-Շատ կարեւոր հարց եք բարձրացնում: Իսկապես տարածաշրջանային ու միջազգային բավական բարդ իրադրություն է ստեղծվել: Եվ այս ամենի արդյունքում էական է, որպեսզի Հայաստանում չդրսեւորվեն կամ չտեղայնացվեն այլ երկրների շահերի միջեւ հակասությունները: Մեր խնդիրն է ստեղծել այդ տարակարծությունների զսպման, հնարավորության դեպքում՝ հակամարտող կողմերի միջեւ երկխոսության հարթակ: Այլապես մեծ եւ միաժամանակ անկանխատեսելի են ռիսկերը, եթե Հայաստանը փորձի ուղղակի եւ միակողմանի մասնակցություն ունենալ ներգրավված շահերի հատման ողջ տրամաբանությունում: Առավել եւս հայկական կողմը չունի ուղղակի շահեր այդ տարածաշրջանային գործընթացներում:

Վերջին տարիներին մասնագիտական գրականությունում հաճախակի են սկսել խոսել «խելամիտ ուժի» (smart power) դիվանագիտության մասին, որը համատեղում է փափուկ ու կոշտ ուժի դիվանագիտական տեխնոլոգիաները: Ստեղծված բարդ իրավիճակում մեծանում է նման հնարքների կիրառման անհրաժեշտությունը նաեւ հայկական դիվանագիտությունում:

-Որպես նախորդ հարցի շարունակություն՝ տարածաշրջանային լարվածության ի՞նչ հնարավոր զարգացումներ եք տեսնում: 

-Կարծում եմ, որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը ավելի շուտ Վաշինգտոնի բանեցրած հոգեբանական-տեղեկատվական ճնշումների ուժեղացման մասին է վկայում: Նման մոտեցումը հատուկ է Թրամփի մարտավարությանը: Դա նկատելի էր նաեւ Հյուսիսային Կորեայի հետ հակասություններում: Փորձագիտական կարծիքներ հնչեցին, որ ռազմական բախում սպասելի է, բայց այն տեղի չունեցավ: Կարծում եմ՝ Թրամփը հստակ գիտակցում է, որ Իրանը Սիրիա չէ, եւ Իրանի դեմ ռազմական հնարավոր գործողությունները կարող են լրջագույն սպառնալիքներ բերել ոչ միայն տարածաշրջանի, այլեւ միջազգային անվտանգության ու կայունության համար առհասարակ:

Ուղիղ առճակատման տանող գործողություններից այսօր խուսափում են բոլոր խաղացողները, այդ թվում՝ Ռուսաստանը, Թուրքիան կամ Իսրայելը: Ավելի շուտ, կարող ենք խոսել «պրոքսի» կոչվող ռազմական գործողությունների թեժացման հնարավորության մասին: Դա արդեն դրսեւորվում է Գազայի հատվածում, Սիրիայում՝ Իրան-Իսրայել ռազմական դիմակայությամբ, եւ այլն: Ինչ վերաբերում է Թուրքիային, ես չեմ բացառում, որ ի վերջո ԱՄՆ-Թուրքիա լարված հարաբերություններից Էրդողանը քաղի առավելագույնը՝ առաջին հերթին Վաշինգտոնից:

-Պարոն Վերանյան, վերջին շաբաթվա ընթացքում ղարաբաղաադրբեջանական սահմանին կրկին լարվածության աճ է նկատվում, հայկական կողմը զոհ ունեցավ, զուգահեռաբար ադրբեջանական կողմից շարունակվում են ռազմաշունչ, հայատյաց հայտարարությունները: Հասարակություններին խաղաղության նախապատրաստելու կոչերը թաղվեցի՞ն այս ամենով: 

-Սահմանում կայունության պահպանման, առավել եւս պայմանական խաղաղության հաստատման համար երկար ժամանակ է պահանջվում, դա գործընթաց է, որի ընթացքում, ցավոք, հնարավոր չէ խուսափել սահմանային միջադեպերից: Ի վերջո, չպետք է մոռանալ, որ մենք չունենք խաղաղություն, այլ ընդամենը հայկական կողմը փորձում է կիրառական քայլեր ձեռնարկել խաղաղության մթնոլորտ ստեղծելու նպատակով: Ավելին՝ չպետք է մոռանալ նաեւ, թե ով է մեր հակառակորդը: Ադրբեջանի իշխանությունները, դժբախտաբար, դեռեւս հեռու են այն ընկալումից, որ այս հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Չպետք է սպասել, որ Ալիեւի ձեռագիրը փոխվելու է մոտ ապագայում:

Մենք պետք է իրատես լինենք այդ հարցում, բայց դա ամենեւին չի նշանակում, որ չպետք է առաջ մղել խաղաղությանն ու կայունությանն ուղղված ջանքերը: Այստեղից չի հետեւում նաեւ այն պարզ տրամաբանությունը, թե հայկական կողմը զուտ խաղաղասիրություն է առաջ քաշում, այն դեպքում, երբ Ալիեւը պատերազմով է սպառնում: Ամենեւին ոչ. հայկական կողմը պատրաստ է համարժեք արձագանքել ցանկացած ագրեսիայի: Կարծում եմ, որ շարքային ադեկվատ յուրաքանչյուր քաղաքացի՝ թե՛ մեր, թե՛ ադրբեջանական հասարակությունում, խաղաղություն է ուզում, այլ ոչ թե պատերազմ: Հայկական կողմի ուղերձները թերեւս նաեւ այս տրամաբանությամբ պետք է դիտարկել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter