HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տնտեսական աճի որակը չի փոխվել. այն հիմնված է առևտրի ու ծառայությունների վրա

Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս քննարկվեց նաև Հայաստանի տնտեսական աճի որակը։ Ըստ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ տնտեսական աճի այժմյան կառուցվածքը փոխելու անհրաժեշտություն կա։ Նշվածն, իհարկե, նորություն չէր, քանի որ վերջին տարիներին միշտ խոսվում է այն բարեփոխելու մասին։ Սակայն, փաստն այն է, որ ինչպես 2018 թվականի տարեկան տվյալներով, այնպես էլ այս տարվա առաջին եռամսյակում որևէ էական որակական փոփոխություն չկա։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա տնտեսական աճն ապահովում են առևտուրն ու ծառայությունները։ Եվ, հատկապես ծառայությունների կազմում էական կշիռ ունեն բուքմեյքերական ընկերություններն ու խաղատները, որոնց գործունեությունը սահմանափակելու թեման ևս վերջին շրջանում ամենաքննարկվողներից է։

Ամենաթարմ տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 1 տրլն 241.5 մլրդ դրամ։ Ինչպես վկայում են Վիճակագրական կոմիտեի տվյալները (ՀՀ ՎԿ), նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 7.1 %։

Եթե համեմատենք 2018 թվականի առաջին եռամսյակում գրանցված աճի տեմպի հետ, ապա այս տարի այն ավելի ցածր է. 2018 թվականի առաջին եռամսյակում, 2017-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, ՀՆԱ-ի աճը կազմել է 9.9 %:

Վերադառնալով այս տարվա ցուցանիշներին՝ առաջին եռամսյակում ՀՆԱ-ի ամենամեծ մասը՝ 57.4 %-ը, ապահովել են առևտուրն ու ծառայությունները։ Համեմատաբար էական կշիռ ունի նաև արդյունաբերությունը, որին բաժին է ընկել ՀՆԱ-ի 20.7 %-ը։ Գյուղատնտեսությունը զբաղեցրել է 4.9 %-ը, իսկ շինարարությունը՝ 3.5 %-ը։

ՀՆԱ-ի կառուցվածքում 15.8 %-ն էլ արտադրանքի հարկերն են՝ հանած սուբսիդիաները։ Հատկանշական է, որ արտադրանքի հարկերի կշիռը ՀՆԱ-ում մեծացել է։ Համեմատության համար նշենք, որ 2018 թվականի առաջին եռամսյակի տվյալներով այն կազմել է 13.4 %:

Համախառն ներքին արդյունքի ծավալը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև ՖՄԱՉԾ-ն (ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունները)։

Առևտուրն ու ծառայություններն այս ընթացքում ավելի մեծ տեմպերով են ավելացել, քան մյուս ոլորտները։ Մասնավորապես, այս ոլորտներում ՀՆԱ-ն աճել է 10.7 %-ով։ Աճի տեմպով հաջորդը շինարարությունն է՝ 9.2 %-ով։ Իսկ արդյունաբերության ու գյուղատնտեսության աճի ցուցանիշները բավականին ցածր են՝ համապատասխանաբար 0.4 % և 0.8 %։

Արդյունաբերությունն առանձին դիտարկելիս տեսնում ենք, որ մասնավորապես մշակող արդյունաբերության աճը կազմել է 5.1 %։ Իսկ համեմատության համար հանքարդյունաբերության ոլորտում 6.5 % անկում ունենք։

ՀՆԱ-ի վերաբերյալ վիճակագրության մեջ առավել կարևոր ցուցանիշներից է ՀՆԱ-ի հավելաճին նպաստելու չափն ըստ ոլորտների։ Սա հստակ ցույց է տալիս, թե ինչի հաշվին է աճում տնտեսությունը։ Դրանք ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսական աճի որակը չի փոխվել. ինչպես և նախկինում, այն ապահովում են առևտուրն ու ծառայությունները։

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա առաջին եռամսյակում արձանագրված 7.1 % տնտեսական աճի 6 տոկոսային կետն ապահովել են առևտուրն ու ծառայությունները։ Արդյունաբերությունը՝ ներառյալ էներգետիկան, տնտեսական աճին նպաստել է ընդամենը 0.1 տոկոսային կետով, շինարարությունը՝ 0.3 տոկոսային կետով։ Իսկ գյուղատնտեսության նպաստման չափը զրո է։ Արտադրանքի հարկերի նպաստման չափն էլ 0.8 տոկոսային կետ է։

Ինչ վերաբերում է տարեկան տվյալներին, ապա հիշեցնենք, որ տնտեսական աճը` համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) հավելաճը, 2018 թվականին, 2017 թվականի համեմատ, կազմել է 5.2 %:

Նշված 5.2 % աճին ևս ամենաշատը նպաստել են առևտուրն ու ծառայությունները՝ 5.1 տոկոսային կետով։ ՀՆԱ-ի հավելաճին արդյունաբերության բերած նպաստի չափը բավականին փոքր է եղել՝ 0.7 տոկոսային կետ, շինարարության չափը՝ գրեթե զրոյական՝ 0.1 տոկոսային կետ։ Իսկ գյուղատնտեսությունը 2018 թվականին բացասական ազդեցություն է ունեցել տնտեսական աճի վրա՝ 1.3 տոկոսային կետով։

Հավելենք, որ 2018 թվականին Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն, որը ներկայացվում է շուկայական գներով, տարեկան կազմել է շուրջ 2 մլն 22 հազ. դրամ կամ 4200 ԱՄՆ դոլար։ Իսկ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ 418 917 դրամ կամ 860 դոլար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter