HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային տրանսպորտում ծխող վարորդների հարցով քաղաքացին դիմել է ոստիկանություն

Կենսաբան Ֆլորա Սարուխանյանն ամեն աշխատանքային օր օգտվում է հասարակական տրանսպորտից: Ասում է՝ հաճախ է ստիպված լինում վարորդներին խնդրել, որ ծխախոտը հանգցնեն, ծխի հոտն արագ տարածվում է հատկապես ամռանը, երբ ավտոբուսի կամ միկրոավտոբուսի պատուհանները բաց են լինում:

Վարորդները ծխում են՝ կոպտորեն խախտելով օրենքը:

«Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրենքը, որը գործում է 2004-ից, արգելում է ծխելը քաղաքային տրանսպորտում եւ փոխադրամիջոցներում, ներառյալ՝ ավտոբուսները, երթուղային տաքսիները, գնացքները (բացառությամբ այդ նպատակով առանձնացված վագոնների), ինչպես նաեւ օդանավակայանները, ավտոբուսի եւ գնացքի կայարանները։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքն էլ սահմանում է, որ հասարակական՝ օդային, ջրային, էլեկտրական եւ երկաթուղային տրանսպորտում ծխելը, բացառությամբ ջրային եւ երկաթուղային տրանսպորտում ծխելու համար առանձնացված հատուկ տարածքների, առաջացնում է տուգանքի նշանակում 5.000 դրամի չափով: Նույն խախտման կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում 10.000 դրամի չափով: Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթեւ մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելն էլ առաջացնում է տուգանքի նշանակում 20.000 դրամի չափով:

Վերջին շրջանում քննարկումների բուռն առիթ դարձավ առողջապահության նախարարության մշակած «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման եւ կանխարգելման մասին» օրինագիծը: Դրանով արգելվելու է ծխելը տրանսպորտում (ուղեւորափոխադրում իրականացնող տրանսպորտ, երկաթուղային, վերգետնյա էլեկտրական, մետրոպոլիտեն), տրանսպորտի կանգառներում, սպասասրահներում, ուղեւորների սպասարկման համար նախատեսված տարածքներում:

Ֆլորան նկատում է, որ օրենսդրական կարգավորման եւ տուգանքի առկայության պայմաններում վարորդները շարունակում են հանրային տրանսպորտում ծխել անգամ այն դեպքում, երբ տրանսպորտում փակցված է՝ «հարգելի ուղեւոր, պահանջեք վարորդից, որ չծխի»:

Նախորդ ամիս նա գրավոր հարցեր էր ուղարկել ճանապարհային ոստիկանություն՝ փորձելով ճշտել, թե ինչպես է ոստիկանությունը վերահսկում վարորդների ծխելու երեւույթը հանրային տրանսպորտում:

«Եթե չծխելու վերաբերյալ օրենք կա, նախատեսված են տուգանքներ, ապա ինչպե՞ս է աշխատում այդ տուգանքների համակարգը, ինչպե՞ս է վերահսկվում տրանսպորտում վարորդի ծխել-չծխելը: Արդեն որերորդ դեպքն է, երբ ականատես եմ լինում վարորդների բացարձակ անտարբերությանը: Եթե օրենքը միայն որոշում է թղթի վրա եւ գործ չի դառնալու, ապա ոչ մի փոփոխություն էլ չենք արձանագրի»,- ասում է Ֆլորա Սարուխանյանը:

Ճանապարհային ոստիկանությունից քաղաքացուն պատասխանել են. «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ղեկին ծխելու փաստը հայտնաբերելու դեպքում ՃՈ ճանապարհապարեկային ծառայության ծառայողների կողմից կիրառվում են օրենքով սահմանված կարգով վարչական ներգործության միջոցներ: Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ղեկին ծխելու դեմ պայքարելու այլ միջոց ՃՈ-ն իրավասու չէ կիրառել»:

Ֆլորան ասում է՝ ոստիկանության պատասխանն անգամ մեկնաբանելու կարիք չկա, քանի որ այնտեղ իր հարցադրումներին որեւէ հստակ պատասխան չի տրվել: «Ես՝ որպես քաղաքացի, ուզում եմ հասկանալ, թե համակարգն ինչպես պետք է վերահսկի դա: Եթե պիտի տուգանեն, ապա ինչպե՞ս են ֆիքսելու այդ երեւույթը: Ոստիկանության պատասխանն ընդհանրական էր, թե ՎԻՎ օրենսգրքով նախատեսված այդ տուգանքները պետք է լինեն, դա ես էլ գիտեի, եւ դրանից ելնելով եմ արել իմ հարցադրումները»,- նշում է մեր զրուցակիցը:

Ֆլորայի խոսքով՝ այսուհետ ծխող վարորդներին տեսալուսանկարահանելու է եւ ուղարկի կա՛մ ոստիկանություն, կա՛մ հրապարակի սոցցանցերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter