
«YouTube»-ը կհեռացնի նացիստական, բռնության և նմանատիպ այլ նյութեր պարունակող հազարավոր հաշիվներ
«YouTube»-ը կհեռացնի հազարավոր օգտատերերի հաշիվներ, որոնցում կան նացիստական, բռնության և այլ վնասակար տեսություններ պարունակող նյութեր:
Ըստ 2019 թ. հունիսի 5-ին տարածած պաշտոնական հաղորդագրության՝ սույն որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ տվյալ կայքի՝ ատելությանը վերաբերող կանոնները խորությամբ վերլուծության են ենթարկվել և վերանայվել ղեկավարության կողմից՝ խորհրդակցելով տասնյակ մասնագետների հետ:
Նախկինում էլ, ճիշտ է, արգելվել են ատելություն պարունակող վիդեոները, սակայն թույլատրվել են նացիստական գաղափարներով վիդեոներ, ինչպես նաև եղել են այնպիսիք, որոնք սեպտեմբերի 11-ի հայտնի իրադարձությունը (2001թ.-ին ԱՄՆ-ում երկնաքերների կործանումը), հոլոքոստը կամ ակնհայտ ողբերգական այլ իրադարձություններ են հերքել, ինչպես նաև պարունակել են խտրականության քարոզչություն:
Այդ տեսանյութերը, ինչպես նաև նմանատիպ բովանդակության այլ տեսակներ, այժմ պաշտոնապես արգելվում են «YouTube»-ում:
Այս փոփոխությունը սպասելի էր, քանի որ «YouTube»-ն այն ընկերություններից մեկն է, որոնք սկսել են պայքարել ինտերնետում ահաբեկչության և ծայրահեղականության դեմ: Արդեն հայտնել ենք, որ սույն թվականի մայիսի 15-ի հանդիպումից հետո «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նույնպես արգելափակվել են բազմաթիվ կեղծ հաշիվներ:
Մեկնաբանել