
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարական է տվել
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուք գրառմամբ, որը նույնությամբ ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի՛ ընկերներ, իմ սիրելի՛ ժողովուրդ
Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Մեր ժողովրդի համար այս պատմական ժամանակահատվածում նախարարի մանդատ ստանձնելը գերպատասխանատու, բայց և իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն ունենալուն միտված քայլ էր: Գոհ եմ այդ քայլից, շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդարադատության նախարարի պաշտոնում իմ թեկնածությունն առաջարկելու համար, շնորհակալ եմ Նախարարության աշխատակիցներին համատեղ հետաքրքիր, արգասաբեր ու պատասխանատու աշխատանքի համար: Շնորհակալ եմ միջազգային գործընկերներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համատեղ աշխատանքի համար:
Վստահ եմ՝ լավ է լինելու, ... սակայն, եթե լավ չլինի՝ լինելու է՝ շատ լավ:
Հարգանքով՝ Արտակ»
Հիշեցնենք, որ Արտակ Զեյնալյանը արդարադատության նախարար էր նշանակվել 2018 թվականի մայիսի 12-ին:
Մեկնաբանել