HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոտ Մելքոնյանը չգիտի, թե ինչու է արգելվել իր մուտքը Վրաստան. «Սա ինչ-որ թյուրիմացության արդյունք է»

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի մուտքը Վրաստան երեկ վրացի սահմանապահներն արգելել են, երբ նա Արևմտյան Հայաստանից ցամաքային ճանապարով վերադառնալիս փորձել է անցնել թուրք-վրացական Կարծախի անցակետով:

Միջադեպի վերաբերյալ զրուցեցինք Աշոտ Մելքոնյանի հետ:

Պրն. Մելքոնյան, ինչո՞վ էին հիմնավորում Ձեր մուտքի արգելքը վրացի սահմանապահները:

Ճիշտն ասած` ես ինքս լուր չունեմ, թե իրականությունն ինչ է: Թուրք-վրացական սահմանը հատելուց հետո մտանք Վրաստան: Ինձ 2 ժամ սպասեցնելուց հետո ասացին, որ Վրաստանը նպատակահարմար չի գտնում Ձեր մուտքը Վրաստանի Հանրապետություն: Թուղթ տվեցին, որտեղ վրացերենով ու անգլերենով գրված էր այն, ինչն արդեն ասացի:

Դրանից առաջ վերջին անգամ ե՞րբ էիք եղել Վրաստանում, և ինչ-որ խոչընդոտ եղե՞լ էր այդ այցերի ժամանակ:

Վերջին շրջանում` փետրվարի 4-ից սկսած, երբ եղբայրս շատ ծանր հիվանդացավ` անբուժելի հիվանդությամբ, և ես գիտեի` ինչ է լինելու վախճանը, բնականաբար, անկողնուն գամված մարդուն հրաժեշտ տալու համար պիտի ամեն շաբաթ այցելեի նրան: Եվ փետրվարի 4-ից` ամեն շաբաթ և կիրակի գնում, այցելում էի նրան և վերադառնում. աշխատանքից հետո գնում էի, կիրակի վերադառնում: Ըստ երևույթին` հաշվարկել են, որ հաճախակի եմ գնում, դրա տակ կարելի է ինչ-որ վտանգ գտնել, այն դեպքում` ուղիղ հակառակը, վերջին շրջանում միշտ եղել եմ հայ-վրացական բարեկամության ջատագով, վերջին շրջանում Ջավախքում կազմակերպել էինք հայ-վրացական մեծ գիտաժողով` նվիրված երկու հանրապետությունների հարյուրամյակին: Շատ ակտիվ համագործակցել ենք վրացի` Պատմության ինստիտուտի մեր գործընկերների հետ: Ինձ համար անակնկալ էր, երբ որ ասացին, որ պիտի վերադառնաք:

Ինչպե՞ս լուծվեց Ձեր վերադարձի հարցը:

Սահմանին 2 ժամ սպասեցնելուց հետո, բարեբախտաբար, մեզ հետ էին ԱԺ պատգամավորներ, արտգործնախարարության միջոցով կարողացան ապահովել իմ անցումը Վրաստանի տարածքով դեպի Բավրայի անցակետ և Հայաստան:

Ձեզ զգուշացրի՞ն, որ այդ խոչընդոտը չի վերանալու, և միայն այս անգամ են թույլ տալիս մտնել Վրաստան, թե՞ արգելքը վերացավ ընդհանրապես:

Չասացին ոչ մի բան, որովհետև սահմանապահները չգիտեն դա և իրենց պարտավորություններն են կատարում:

Իսկ Հայաստանի ԱԳՆ-ի կամ Վրաստանում ՀՀ դեսպանի միջոցով չկարողացա՞ք պարզել արգելքի պատճառները:  

Չեն ասում երևի, չեմ կարող ես ասել, բայց ես շնորհակալ եմ ԱԳՆ-ի աշխատակիցներին և դեսպանին, եթե նրանց միջամտությունը չլիներ, ես չէի կարողանա վերադառնալ Հայաստան, քանի որ ինձ մնում էր վերադառնալ կա՛մ Անկարա, կա՛մ Ստամբուլ և վերադառնալ այնտեղից օդանավով:

Եթե պարզվի, որ Ձեր մուտքն այլևս արգելվելու է, ի՞նչ եք փորձելու անել:

Շատ բարդ հարց եք տալիս, մանավանդ, երբ մարդը ծնվել է Ջավախքում, որտեղ թաղված են նրա ծնողները, եղբայրը, և թույլ չեն տալիս ծննդավայր վերադառնալ... որտեղ նրա հարազատներն են, նրա դպրոցն է, ինչ ասեմ: Ես կարծում եմ, որ սա ինչ-որ թյուրիմացության արդյունք է, որովհետև որպես գիտնական՝ քաղաքական նման գործունեություն չեմ ծավալել, առավել ևս՝ հակավրացական, և կասեի ուղիղ հակառակը` վրացամետ գործունեություն եմ ծավալել:  Բացի դրանից, վրացի մորաքրոջ տղաներ ունեմ, մուրաքույրս վրացու հետ է ամուսնացել: Որ պատմաբան եմ և անաչառ զբաղվել եմ հայ-վրացական հարաբերություններով, և հիմա ճիշտն ասած` չեմ էլ զբաղվում, պիտի արգելե՞ն մտնել Վրաստան: Թե ինչն է դրդել մարդկանց նման վերաբերմունքի, չեմ կարող ասել: Կարող եմ ասել, որ գուցե թյուրիմացության արդյունք է, տա Աստված հարցը լուծվի:

Փետրվարից մինչ օրս մոտավորապես քա՞նի անգամ եք այցելել Վրաստան, որ այդ հաճախականությունը կարող էր կասկած առաջացնել վրացական իշխանությունների շրջանում:

Ոչ աշխատանքային օրերին մշտապես գնում էի, հետո թաղումն էր, քառասունքն էր, եղբորս ծննդյան օրն էր մայիսի 24-ին: Եթե էդպես համարեք, ուրեմն տաքսիստներ կան, որոնք ամեն օր առավոտյան անցնում են, երեկոյան վերադառնում են, ստացվում է, որ նրանց առաջինը պիտի թույլ չտան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter