
Թուրքիան առաջարկում է բացել գերմանական արխիվները. ինչո՞ւ
Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը առաջարկում է բացել գերմանական արխիվները` Հայոց ցեղասպանությանը վերաբերող նյութերն ուսումնասիրելու նպատակով: Նրա խոսքով` գերմանական արխիվներում պետք է որ լինեն Օսմանյան Թուրքիայում 1915թ.-ի դեպքերն ապացուցող նյութեր, որոնց ուսումնասիրությունը կլուծի բազում բանավեճեր:
Այդ բանավեճերից մեկն էլ վերջերս ծավալվեց Ֆրանսիայի և Թուրքիայի միջև և հարթվեց ոչ հօգուտ Թուրքիայի: Դրանից հետո Թուրքիան աչքի է ընկնում անզուսպ և դիվանագիտության առումով թույլ մտածված քաղաքական ձեռնարկումներով: Արդյոք գերմանական արխիվները բացելու առաջարկը կարելի՞ է դասել անհեռատես քայլերի շարքը: Պատասխանում են հայ թուրքագետները:
-Ի՞նչ է թաքնված թուրքական այս առաջարկի հետևում:
Լևոն Հովսեփյան. Կարևորն այստեղ այն է, որ նման կոչով Է. Բաղըշը դիմել է հենց Գերմանիային: Սրանով, կարծում եմ, Թուրքիան ցանկանում է մի քանի խնդիր լուծել և գնալ իր տեսակետից խորամանկ քայլի: Առաջին հերթին սա քայլ է՝ կանխելու այն զարգացումների հնարավորությունը Գերմանիայում, ինչ եղավ Ֆրանսիայի պարագայում:
Թուրքիան փորձում է հասկացնել Գերմանիային ձեռնպահ մնալ նման նախաձեռնություններից և արխիվները պատմաբանների առջև բացելու կոչով փորձում է խնդիրը կենտրոնացնել առավելապես պատմական քննարկման հարթությունում: Թուրքիային անհանգստացնում է, որ Գերմանիայում կան քաղաքական գործիչներ, որոնք հանդես են գալիս Ֆրանսիայի օրինակին հետևելու առաջարկությամբ:
Բացի դրանից` հնարավոր է, որ Թուրքիան այս հարցով դիմել է Գերմանիային` համոզված լինելով, որ Հայոց ցեղասպանության մեջ մեղսկացություն ունեցող Գերմանիան ընդառաջ կգնա Թուրքիայի նախաձեռնությանն ու առաջարկներին: Այս համատեքստում սա մեկ քայլ է եվրոպական հարթության մեջ Գերմանիայի միջոցով փորձել «անհարմար» վիճակում գցել Ֆրանսիային:
Միգուցե Թուրքիան նպատակ է հետապնդում նման քայլերով հիմնավորել Ֆրանսիայի «կողմնակալությունը» Ցեղասպանության հարցում: Պատահական չէ, որ Բաղըշը կոչ է արել Գերմանիային հանդես գալ որպես միջնորդ Ֆրանսիայի ու Թուրքիայի միջև այդ հարցում:
Ռուբեն Մելքոնյան. Գերմանիան և հատկապես գերմանական ռազմական ուժերը որոշակի դեր են ունեցել Հայոց ցեղասպանության իրականացման գործում, և սա գիտական շրջանակներում հայտնի փաստ է: Այս առաջարկությամբ թուրքերը ցանկանում են ստեղծել այնպիսի վիճակ, որ ի հայտ գան նոր մեղսակիցներ Հայոց ցեղասպանության հարցում: Եթե գերմանական արխիվները բացվեն, ապա չի կարելի բացառել, որ կգտնվեն փաստեր, որոնք կապացուցեն Գերմանիայի որոշակի մեղսակցությունը:
Եվ իմ կարծիքով` թուրք քաղաքական գործչի արած այս հայտարարության ենթատեքստում կա սպառնալիք՝ ուղղված գերմանական կողմին, ինչը պետք է ստիպի նրան քայլեր կատարել Ֆրանսիայում քննարկվող օրինագծի դեմ: Բացի դրանից` սրանով թուրքերը կարող են նաև նպատակ հետապնդել կանխել Գերմանիայում նմանատիպ օրինագծի քննարկման հավանականությունը:
Անդրանիկ Իսպիրյան. Թուրքիայի` Եվրամիության հետ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը վերջին շրջանում Հայոց ցեղասպանությանը և Հայաստանի հետ հարաբերություններին վերաբերվող հարցերում հանդես է գալիս անհավասարակշիռ հայտարարություններով: Շվեյցարիայում Հայոց ցեղասպանությունը հերքելուց հետո Էգեմեն Բաղըշի դեմ Ցյուրիխի դատախազությունը նախնական հետաքննություն սկսեց, որին հետևեց Եվրոպական խորհրդարանի նախագահի կոչը Բաղըշին` առերեսվել սեփական պատմության հետ:
Այս պայմաններում Էգեմեն Բաղըշը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել տարբեր հայտարարություններով և առաջարկներով: Ֆրանսիայի և Թուրքիայի միջև լարված հարաբերությունների պատասխանատուն հենց թուրքական կողմն է, և հենց Թուրքիան կարող է լուծել Ֆրանսիայի հետ իր խնդիրները: Գերմանիան Հայոց ցեղասպանությունը ընդունած երկրների շարքում է, և ավելին, Գերմանիայում ևս սկսել են խոսել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին:
-Հավանակա՞ն է, որ Գերմանիան կհամաձայնի բացել արխիվները:
Անդրանիկ Իսպիրյան. Գերմանիայում արխվներ բացելու խնդիր չկա, քանի որ դրանք հետազոտողների առաջ բաց են: Թուրքական կողմը հերթական անգամ պարզապես շահարկում է «արխիվները բացեք» արտահայտությունը: Երկար տարիներ մի շարք գիտնականներ ուսումնասիրել են գերմանական արխիվները և հրապարակել բազմաթիվ փաստագրական աշխատություններ, հոդվածներ, նամակներ, որոնք ապացուցում են, որ 1915-ին Օսմանյան Թուրքիայում ցեղասպանություն է տեղի ունեցել:
Ցեղասպանության ժամանակ Գերմանիան Օսմանյան Թուրքիայի դաշնակիցն ու հովանավորն էր: Շատ վայրերում գերմանացի սպաների լուռ հայացքների ներքո են իրականացվել հայերի կոտորածները: Չնայած գերմանացի զինվորականները դրանց մասին չեն բարձրաձայնել, սակայն այդ մասին արձանագրել և ուղարկել են վերադասին: Գերմանական արխիվները ուսումնասիրած գերմանացի հայտնի պատմաբանները ևս պնդում են, որ օսմանյան կառավարությունը հայերին ոչնչացնելու համար հատուկ ծրագրված նպատակ է ունեցել:
Լևոն Հովսեփյան. Դա երկրորդային հարց է: Հենց նույն գերմանական արխիվային բազում փաստաթղթեր արդեն իսկ լիարժեք լույս են սփռում թե Հայոց ցեղասպանության անվիճարկելիության, թե Կայզերական Գերմանիայի մեղսակցության վրա:
Ռուբեն Մելքոնյան. Իրականում Գերմանիան տիրապետում է բավական լուրջ արխիվների, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանությանը, և կարևոր է փաստել, որ դրանց մեծ մասը ուսումնասիրված չէ: Եթե իրականում թուրք նախարարի կոչին ընդառաջեն և բացեն բոլոր արխիվները, ապա կարող են ի հայտ գալ Հայոց ցեղասպանությունը ոչ թե հերքող, այլ հաստատող նորանոր փաստեր:
Արտակ Շաքարյան. Թուրքիան գիտի, որ Գերմանիան չի բացելու արխիվները և խիզախաբար պահանջում է դա, որպեսզի աշխարհին ցույց տա Գերմանիայի երեսպաշտությունը: Գերմանիայի կողմից արխիվի բացումը խիստ անհավանական է:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել