HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզի 110 դպրոցից 80-ի կառավարման խորհրդի նախագահները մարզպետարանի ներկայացուցիչներն են

Մարզային պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդները շարունակում են ըստ էության կախված մնալ մարզպետարաններից: Իհարկե, մարզպետները ժխտում են այդ փաստը՝ նշելով, թե խորհրդի կազմում իրենք ունեն ընդամենը երկու անդամ, սակայն, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գրեթե ամբողջությամբ կարողանում են իրավիճակը վերահսկողության տակ պահել: Բացառություններ լինում են, սակայն ընդհանուրի մեջ իրավիճակ չեն փոխում:

Նշենք, որ պետական ուսումնական հաստատությունն ունի կոլեգիալ կառավարման մարմին` խորհուրդ: Վերջինս կառավարության սահմանած կարգով ընտրում է դպրոցի տնօրեն, քննարկում և հավանություն է տալիս ուսումնական հաստատության հաստիքային և տարիֆիկացիոն ցուցակներին, տնօրենի ներկայացմամբ քննարկում է ուսումնական հաստատության ամենամյա ծախսերի նախահաշիվը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը, տալիս է հավանություն և ներկայացնում պետական լիազորված մարմնի հաստատմանը: Խորհուրդը քննարկում է ֆինանսատնտեսական և ուսումնադաստիարակչական գործունեության հաշվետվությունները, հաստատում է իր աշխատակարգը և հաստատության կանոնադրությամբ ու խորհրդի ընտրության կարգի համաձայն՝ ընտրում է խորհրդի նախագահ և այլն:

Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցների օրինակով կարող ենք ցույց տալ, թե դպրոցներում ինչ ազդեցություն ունեն մարզպետները: Արմավիրի մարզպետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ մարզում գործում է 120 հանրակրթական ուսումնական հաստատություն, որից 94-ը գյուղական, 26-ը՝ քաղաքային: Մարզպետարանի ենթակայությամբ գործում է 111 հանրակրթական ուսումնական հաստատություն:

Խորհուրդները բաղկացած են 8 անդամից: Կրթության և գիտության նախարարի 2010թ. որոշման համաձայն՝ մարզային ենթակայության հաստատություններում մարզպետն առաջադրում է խորհրդի 3 անդամ, որից մեկին ներկայացնում է տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը: Երկուական անդամ առաջադրում են մանկավարժական և ծնողական խորհուրդները: Խորհուրդը փակ քվեարկությամբ ընտրում է խորհրդի նախագահ` անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Մարզային ենթակայության 110 դպրոցների վերաբերյալ Արմավիրի մարզպետարանը «Հետք»-ին տրամադրել է տեղեկատվություն (բացակայում է մեկ դպրոցի տվյալ), թե մարզպետարանը դպրոցներում ում է ներկայացրել խորհրդի կազմում և նրանցից ովքեր են ընտրվել խորհրդի նախագահներ:

Ուշագրավն այն է, որ 110 դպրոցից 80-ի նախագահները Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչներն են: Միայն 30 դպրոցում է, որ խորհրդի նախագահը մարզպետարանի ներկայացուցիչ չէ:

Օրնակ՝ Վաղարշապատի թիվ 4, թիվ 6, թիվ 11 հիմնական դպրոցներում խորհրդի նախագահը մարզպետարանի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանն է: Վերջինս խորհրդի անդամ է Գետաշենի, Մրգաշատի թիվ 1 դպրոցներում:

Նշենք, որ կանոնադրության համաձայն, նշված վարչության միջոցով մարզպետն կոորդինացնում է Արմավիրի մարզպետարանի ենթակայության կրթական, մշակույթի և սպորտի պահանջներն իրականացնող կառույցներում կրթության, դաստիարակության, մշակույթի և սպորտի կազմակերպման գործը, այն բնագավառների կառավարումը։ Ակնհայտ է, որ այստեղ առկա է շահերի բախում, ոլորտը համակարգող Սոնյա Բուդաղյանը կոնկրետ դպրոցներում ղեկավարում է կառավարման խորհուրդը: Պարզ է, որ մարզպետարանի ենթակայության դպրոցներում Բուդաղյանի ներկայությունը կաշկանդող է:

Բացի այդ, պատահական չէ, որ Սոնյա Բուդաղյանը խորհրդի նախագահ է ընտրվել հենց Էջմիածնի դպրոցներում: Մինչև վարչության պետի պաշտոնակատար նշանակվելը Սոնյա Բուդաղյանն աշխատել է Էջմիածնի թիվ 5 դպրոցում, և իր ունեցած կապերով կարող է ազդել խորհրդի անդամների վրա:

Արմավիրի թիվ 5, թիվ 8 հիմնական, Նորավանի միջնակարգ դպրոցներում խորհրդի նախագահ է մարզպետարանի իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատար Լիաննա Հարությունյանը, իսկ Այգեվան գյուղի դպրոցում խորհրդի անդամ է:

«Հետք»-ն անդրադարձել է Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրենի ընտրության գործընթացին հաջորդած բողոքի ակցիաներին: Լիաննա Հարությունյանի ղեկավարած խորհրդի կազմում էին նույն ընտանիքի երկու անդամներ՝ Արմավիրի փոխքաղաքապետը, որը ներկայացնում էր համայնքը և վերջինիս հարսը՝ խնողական խորհդից: Սկեսրայրը ճնշել էր հարսին, որպեսզի վերջինս դեմ քվեարկի տնօրենի միակ թեկնածուին: Կասկածից վեր է, որ այս ամենը տեղի է ունեցել մարզպետի գիտությամբ, քանի որ վերջինս բացահայտ հայտարարել է, թե չի ցանկանում աշխատել դպրոցի տնօրեն Մաշա Իվանյանի հետ: Ընդ որում, այս դպրոցի կառավարման խորհուրդի մեծամասնությունը կարող է ենթարկվել մարզպետին: Բացի մարզպետարանի ներկայացուցիչ 2 անդամները, խորհրդի անդամ փոխքաղաքապետը նույն քաղաքական թիմից են, իսկ այս դպրոցում կրթության և գիտության նաարարության ներկայացուցիչը ոչ ավել, ոչ պակաս կոմունալ բաժնի աշխատակից է, որը դարձյալ ենթակա անձ է: Այս դպրոցում մեծամասնություն ունենալու համար պահանջվում էր ընդամենը մեկ ձայն, դա էլ որոշվել էր ապահովել ճնշման միջոցով:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ծնողների և ուսուցիչերի հետ հանդիպման ժամանակ սպառնացել էր ընտրությունից դժգոհ մանկավարժներին, որ դադարեցնեն բողոքի ակցիաները, հակառակ դեպքում կազատի աշխատանքից:

Նմանատիպ դեպքերը մարզում եզակի չեն: Սակայն, եզակի են դեպքերը, երբ մարզպետարանը չի կարողանում իր նախընտրած թեկնածուին դարձնել դպրոցի տնօրեն: Մարզում հայտնի է, որ Արմավիրի թիվ 10 հիմնական դպրոցի տնօրեն Լիանա Հայրապետյանի քրոջը՝ Հրաչուհի Հայրապետյանին, Արմավիրի մարզպետարանը ամեն գնով ցանկանում էր տնօրեն դարձնել: Սկզբում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել մարզի Դաշտ գյուղի դպրոցում, այնուհետև տնօրենի թեկնածու է առաջադրվել Մրգաշատի դպրոցներից մեկում, որտեղ չի ընտրվել, հետո՝ Լենուղի գյուղում, որտեղ դարձյալ չի ընտրվել: Խոսակցություններ կան, որ հարմար առիթի դեպքում նրան այնուամենայնիվ դարձնելու են դպրոցի տնօրեն և խոսվում է հենց Արմավիրի թիվ 5 դպրոցի մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter