HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի թիվ 5 դպրոցը՝ կառավարման խորհրդի «թակարդում»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Արմավիր քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցում տնօրենի ընտրություններ էին նշանակված: Միակ թեկնածուն եղել է Մաշա Իվանյանը: Վերջինս նույն դպրոցի տնօրենն էր, իսկ ընտրության օրը եղել է պաշտոնակատար: Դպրոցի կառավարման խորհրդի 8 անդամներից 5-ը դեմ են քվեարկել միակ թեկնածուին, որոնց թվում եղել է նաև խորհրդի ծնողների կողմից ներկայացված անդամը: Իսկ դպրոցի ներկայացուցիչները և մեկ ծնող կողմ են քվեարկել: Մաշա Իվանյանը 5-3 հարաբերակցությամբ չի ընտրվել տնօրեն, ինչը ծնողների, աշակերտների և ուսուցիչների մոտ զայրույթ է առաջացրել:

Ծնողներն ու աշակերտներն այսօր առավոտից մարզպետարանի դիմաց դասադուլ էին անում և պահանջում մարզպետի հետ հանդիպում: Նա ավելի ուշ ընդունեց ծնողներին ու մի քանի ուսուցչի:

Նշենք, որ Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոցի կառավարման խորհրդի նախագահը մարզպետարանի իրավաբանական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Լիաննա Հարությունյանն է: Նա աշակերտների և ծնողների բողոքի ակցիայի ամբողջ ժամանակահատվածում դուրս չեկավ մարզպետարանի շենքից և դռների արանքից էր նայում կատարվածին: Այնուհետև բարձրացավ աշխատասենյակ ու այլևս չերևաց ներկաներին: Ակնհայտ էր, որ Լիանա Հարությունյանը խուսափում էր երևալ դպրոցի ներկայացուցիչների առաջ:

Դպրոցի ծնողկոմիտեի նախագահ Հայաստան Հակոբյանը «Հետք»-ին պատմեց, որ եղել է ուղղորդված ընտրություն: Մաշա Իվանյանին դեմ են քվեարկել խորհրդի այն անդամները, որոնք ներկայացնում են պետական մարմինները և Արմավիրի քաղաքապետարանը: Իսկ ծնողների կողմից ներկայացված մեկ թեկնածուն դեմ է քվեարկել վերջին պահին՝ ճնշման ազդեցության տակ:

Հայաստան Հակոբյանի պատմելով՝ ճնշում գործադրողը եղել է այդ ծնողի սկեսրայրը՝ Արմավիրի փոխքաղաքապետ Խաչիկ Մկրտչյանը: Վերջինս նույնպես խորհրդի անդամ է և ներկայացնում է համայնքը:

«Հավաքարարները լսել են, մուտքի դռան մոտ նրանք բացահայտ ասել են, որ 5 հոգի դեմ են քվեարկելու տիկին Իվանյանին: Այդպես էլ եղել է: Այսինքն մինչև ընտրությունն իրենք ուղղորդված են եղել: Խորհրդում Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչը ներկայացել է վերջին վայրկյանին, ով նույնիսկ կրթական ոլորտից չէ, այլ կոմունալ բաժնի աշխատակից է: Նա պետք է առնվազն մեկ ամիս առաջ ծանոթանար կառավարման խորհրդի անդամների հետ, մինչդեռ վերջին պահին է եկել ու խորհրդի անդամներին տեսել»,- ասում է Հայաստան Հակոբյանը:

Ծնողական կոմիտեի նախագահը կարծում է, որ նոր հայտարարված մրցույթում, եթե Մաշա Իվանյանը դարձյալ առաջադրվի, էլի դեմ կքվեարկեն, և գործը կհայտնվի փոխվարչապետի մոտ, իրենք ուզածը կանեն:

«Դարձյալ ուզում են նախորդ իշխանությունների ձևով առաջնորդվել: Մենք դա թույլ չենք տա: Մենք Ժողովուրդն ենք, այս իշխանությանը մեր ձեռքերով վերև բարձրացրած մարդիկ ենք, թույլ չենք տալու, հաստատ»,- ասում է Հայաստան Հակոբյանը:

Տեղեկացրել էինք նաև, որ մինչև մարզպետի հետ հանդիպումը ծնողներին ընդունել էր փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը: Երբ ծնողները խոսեցին գործադրված ճնշման մասին և նշեցին, որ դա արել է Արմավիրի փոխքաղաքապետը, Կարեն Գրիգորյանը ներկաների համար ծիծաղ առաջացնող պատասխան տվեց. «Մենք չենք կարող մտնել ուրիշների ընտանեկան հարաբերությունների մեջ»:

Երբ ավելի ուշ մարզպետարանում ծնողների հետ հանդիպեց մարզպետը, սկսեց խրատներ տալ ներկաներին՝ «դուք իրավունք չունեք», «երեխաներն իրավունք չունեն» և այլն: Ծնողները նրա ամեն բառին հակադարձում էին՝ իսկ մեկ տարի առաջ իրավունք կա՞ր դասադուլներ անել, ճանապարհներ փակել, բողոքի ակցիաներ կազմակերպել: Եթե այո, ապա նույն իրավունքն ունեն նաև այսօր: Ընդ որում, ծնողներն ասացին, որ երեխաների կարծիքը լսելուց հետո են դասադուլ արել, և որևէ մեկի իրավունքը չի ոտնահարվել: Բացի այդ, նշեցին, որ դպրոցի տնօրենի հարցը վերաբերում է նաև երեխաներին, հետևաբար նրանք կարող են մասնակից դառնալ այդ գործընթացներին:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նաև նշեց, որ տեղեկացել է, որ երեխաներ են դրսում վատացել և այլն, հորդորեց վերջ տալ նման ակցիաներին և հարցը քննարկել, ինչին ծնողներից մեկը պատասխանեց՝ «եթե այդքան շատ էիք մտածում երեխաների մասին, հանդիպման շուտ գայիք»: Մարզպետը կամ չլսեց պատասխանը, կամ ձևացրեց, թե չի լսել:

Նշենք, որ Համբարձում Մաթևոսյանը շրջում էր համայնքներով և մարզպետարան եկավ միայն 12:30-ի սահմաններում: Իսկ մինչ այդ փոխանցել էր, որ ծնողների հետ կարող է հանդիպել միայն ժամը 14:00-ին:

Համբարձում Մաթևոսյանը ներկաներին բացատրեց, որ սխալ տեղում են բողոքում, և մարզպետարանը որևէ լծակ չունի՝ խորհրդի անդամների վրա ազդելու: Ընդ որում, նշեց, որ մարզպետարանի ներկայացուցիչները խորհրդում ունեն հավասար ձայնի իրավունք, ինչ, օրինակ, դպրոցի կամ ծնողների ներկայացուցիչները: Նա պահանջեց, որ մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Լիաննա Հարությունյանը նույնպես գա հանդիպմանը, բայց նա կանգնեց դահլիճի դռան մոտ ու ներս չմտավ, որևէ խոսք չասաց և քիչ անց հեռացավ:

Ծնողները մարզպետից պահանջում էին, որ նոր անցկացվող մրցույթը թափանցիկ լինի և չնմանվի երեկ անցկացրած մրցույթին: Երբ ծնողները շարունակեցին պնդել, թե անարդար ձևով է եղել, մարզպետը հակադարձեց՝ «այդ դեպքում դպրոցում նոր աուդիտ կանցկացնենք, ստուգումներ կլինեն, որ պարզենք, թե ինչ է կատարվել»: Բացի այդ, կրկնում էր, որ եթե նմանատիպ բողոքի ակցիաները շարունակվեն, դրան կհետևեն իրավական հետևանքներ:

Հավաքված հինգ տասնյակից ավել ծնողների շրջանում մարզպետի այս խոսքերը զայրույթ հարուցեցին: Ծնողկոմիտեի նախագահ Հայաստան Հակոբյանն այն որակեց որպես ճնշման փորձ ու սպառնալիք: Ընդհանուր համաձայնության չգալով՝ որոշվեց փոքր կազմով քննարկումը շարունակել ավելի ուշ:

Միջանցքում էլ մարզպետի հետ հանդիպում էին պահանջում Արմավիրի ավագանու անդամները: Ներկայացնում էին, որ եկել են պաշտպանելու դպրոցի շահերը, սակայն նրանց խոսակցություններից պարզ դարձավ, որ ավելի շատ մտահոգված են փոխքաղաքապետ Խաչիկ Մկրտչյանի ճակատագրով: Մարզպետը խոստացավ նրանց հետ ևս հանդիպել:

Արդեն մարզպետարանի շենքի դիմաց փոքր միջադեպ եղավ նաև փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի և ուսուցիչներից մեկի միջև: Փոխմարզպետը ցուցամատի շարժումով իր մոտ կանչեց տարիքով մեծ ուսուցչին, ինչը դժգոհություն առաջացրեց: Ուսուցիչը նույն ոճով պատասխանեց փոխմարզպետին, և Կարեն Գրիգորյանը հունից դուրս եկավ. «Ձեր չափերի մեջ մնացեք»:

Նշենք, որ Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոցում են կայանալու ավարտական միասնական քննությունները: Ուսուցիչներից մի քանիսը և ծնողները նշեցին, որ եթե հարցը չլուծվի, պատրաստ են ծայրահեղ քայլերի դիմել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter