
Այսօր՝ Հայաստան-Լիխտենշտայն. մերոնք պարտավոր են հաղթել
Այսօր՝ 20:00-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի «Եվրո-2020»-ի ընտրական փուլի Հայաստան-Լիխտենշտայն հանդիպումը: Հիշեցնենք, որ երկու թիմերը ընտրական 10-րդ խմբի հետնապահներն են եւ կայացած երկու տուրում երկուական պարտություն են կրել:
Հայաստանն ու Եվրոպայի գաճաճ պետություններից մեկը համարվող Լիխտենշտայնը ազգային հավաքականների մակարդակով հանդիպել են երկու անգամ տակավին վերջերս՝ Ազգերի լիգայի մրցաշարում: Անցյալ տարվա սեպտեմբերի 6-ին Երեւանում կայացած հանդիպումն ավարտվեց մեր թիմի դժվարին հաղթանակով (2-1), գոլերի հեղինակ դարձան Մարկոսն ու Տիգրան Բարսեղյանը, իսկ Վադուցում գրանցվեց 2-2, մեր խաղացողներից գոլերը խփեցին Սարգիս Ադամյանն ու Ալեքսանդր Կարապետյանը:
Լիխտենշտայնը տեսականորեն ամենահարմար մրցակիցն է խմբի բոլոր մասնակիցների համար, քանի որ կարգով զիջում է մյուսներին: Ապրիլին հրապարակված ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում Հայաստանը 106-րդն է, իսկ Լիխտենշտայնը՝ 182-րդը: Մեր մյուս մրցակիցները շատ ավելի բարձր հորիզոնականներում են՝ Իտալիան 17-րդն է, Բոսնիա եւ Հերցեգովինան՝ 35-րդը, Հունաստանը՝ 43-րդը, Ֆինլանդիան՝ 60-րդը:
Հիշեցնենք, որ այսօրվա խաղից հետո մեր ընտրանին մեկնելու է Աթենք՝ հյուրընկալվելու Հունաստանի ընտրանուն: Այս պահին 10-րդ խմբում առաջատարն Իտալիան է, որն ունի 6 միավոր, Հունաստանն ու Բոսնիա եւ Հերցեգովինան վաստակել են 4-ական, Ֆինլանդիան՝ 3 միավոր:
Բացի Հայաստան-Լիխտենշտայն խաղից՝ այսօր կկայանան նաեւ Ֆինլանդիա-Բոսնիա եւ Հերցեգովինա, Հունաստան-Իտալիա հանդիպումները:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Մեկնաբանել