HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի ընտրանին նվեր է գաճաճ երկրների հավաքականների համար

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այնպիսի վայրիվերումներով է հանդես գալիս, որ անկախ նրանից, թե ինչ մակարդակի թիմ է մրցակիցը, չի կարելի վստահ լինել, որ մեր ընտրանին կարող է առավելության հասնել նրա նկատմամբ: Վերջին օրինակը երեկվա Լիխտենշտայն-Հայաստան հանդիպումն է (2-2):

Չնայած այս մրցավեճը մարզական առումով շատ փոքր նշանակություն ուներ, քանի որ «Եվրո-2020»-ի ուղեգրի համար պայքարը շարունակելու հարցը վճռվում էր ՆՀՀ Մակեդոնիա-Ջիբրալթար խաղում (4-0), այդուհանդերձ, մակեդոնացիներին 4-0 եւ ջիբրալթարցիներին 6-2 հաղթելուց հետո մեր թիմից սպասվում էր գեղեցիկ գրոհային ֆուտբոլ, շատ գոլեր եւ, բնականաբար, հաղթանակ՝ հաշվի առնելով նաեւ, որ Լիխտենշտայնը ոչ միայն վարկանիշով է մեզ բավականին զիջում, այլեւ Երեւանում մերոնք թեկուզ դժվարությամբ, բայց հաղթել էին 2-1:

Ջիբրալթարի հետ մրցավեճի համեմատ Գյուլբուդաղյանցը 3 փոփոխություն էր կատարել. պաշտպանության կենտրոնում Քարտաշյանի փոխարեն կրկին Խաչատուրովն էր խաղում, վնասվածք ստացած Հովհաննիսյանին աջում փոխարինել էր Համբարձումյանը, բայց ամենամեծ անակնկալը, թերեւս, դարպասապահի դիրքն էր. Արամ Հայրապետյանի տեղում խաղալու իրավունք էր ստացել երիտասարդականի անդամ Հենրի Ավագյանը, որն իր նորամուտը նշեց ազգայինում: Կարելի է վստահորեն ասել, որ եթե այս խաղում վճռվեր խմբում առաջին տեղի ճակատագիրը, ապա կրկին կտեսնեինք Հայրապետյանին: Բայց մի շարք գործոններից ելնելով՝ մարզիչները խաղաժամանակ էին տվել երիտասարդ Ավագյանին: Ու ամենավատն այն է, որ արդեն որերորդ անգամ մարզիչների փորձարկումները փորձանք են դառնում թիմի գլխին: 44-րդ րոպեին Մարսել Բյուխելի հեռու տարածությունից հարվածը նպատակային ստացվեց այն պարզ պատճառով, որ, չգիտես ինչու, Հենրի Ավագյանը դարպասային գծից առաջ էր եկել ու չկարողացավ հասնել գնդակին: Մինչ այդ խաղի ընթացքը վերահսկող մեր թիմը, որը 9-րդ րոպեին Սարգիս Ադամյանի գոլի շնորհիվ նաեւ առաջ էր անցել հաշվի մեջ, ինչպես ասում են, հանդերձարանի ճանապարհին գոլ ընդունեց:

Էլ ավելի ցավոտ էր 47-րդ րոպեին Հասլերի գոլը Հարոյանի կոպիտ, ավելի ճիշտ է ասել, մանկական սխալից հետո. պաշտպանն առանց գլուխը բարձրացնելու անհաշվենկատ փոխանցում կատարեց սեփական կիսադաշտի կենտրոն, որտեղ մերոնցից ոչ ոք չկար. վրա հասած Հասլերն օգտագործեց այդ նվիրատվությունն ու հաշիվը դարձրեց 2-1: Այսքանից հետո, ինչպես տեսել ենք նույն Լիխտենշտայնի ու Ջիբրալթարի հետ երեւանյան խաղերում, մերոնք սկսեցին շտապել, հախուռն գրոհներ ձեռնարկել՝ հերթական խայտառակությունից փրկվելու համար: Դեռ լավ է, որ այդքանից հետո 85-րդ րոպեին Ալեքսանդր Կարապետյանը գլխի գրագետ հարվածով գեղեցիկ գոլ խփեց՝ թիմին փրկելով երկրորդ անփառունակ պարտությունից:

Խայտառակ վիճակագրություն

Հետադարձ հայացք գցելով Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի անցած ճանապարհին՝ շատ տխուր եզրահանգումների ենք գալիս: Նայենք վիճակագրությանը:

Մրցաշարում մեր ընտրանու անցկացրած խաղերում աչք է ծակում դարպասներին կատարած հարվածների եւ գոլերի հարաբերակցությունը. մեր մրցակիցները իրենց նվազ հնարավորությունները գրեթե 100 տոկոսով իրացրել են, ինչը չի կարելի ասել հայ ֆուտբոլիստների մասին: Չենք հաշվում դարպասի ուղղությամբ կատարած շեղ, ինչպես նաեւ պաշտպանների կողմից արգելափակված հարվածները:

Հայաստան-Լիխտենշտայն առաջին խաղում (2-1) մերոնք 13 անգամ հարվածել են դարպասին ու հաջողության հասել ընդամենը 2 անգամ (արդյունավետությունը՝ 15 տոկոս), մրցակիցը 100-տոկոսանոց արդյունք է ունեցել. միակ հարվածը գոլի է վերածվել:

ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան մրցավեճում (2-0) հայ ֆուտբոլիստները, ինչպես հիշում ենք, շատ վատ հանդես եկան՝ հաշվի առնելով մարզական տրամադրվածությունը խաղին: Մերոնք դարպասին հարվածեցին ընդամենը 2 անգամ եւ ապարդյուն, իսկ տանտերերը 5 հարվածից 2-ը վերածեցին գոլի (40 տոկոս արդյունավետություն):

Խայտառակ էր նաեւ Հայաստան-Ջիբրալթար խաղի (0-1) վիճակագրությունը. հայ ֆուտբոլիստների 10 հարվածից հետո գնդակն այդպես էլ ցանցում չի հայտնվել, իսկ ջիբրալթարցիները 2-ից մեկը հաղթական գոլի են վերածել (Հրայր Մկոյանի կոպիտ սխալից հետո նշանակված 11-մ հարվածի արդյունքում. 50 տոկոս արդյունավետություն):

Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա խաղում (4-0) մեր թիմի վիճակագրությունը վատ չի եղել: Եթե հյուրերի 3 հարվածներից ոչ մեկը նպատակին չի հասել, ապա մերոնց 6 փորձերից 4-ը հաջող ավարտ են ունեցել (արդյունավետությունը՝ 66 տոկոս), չնայած այստեղ պետք է շեշտել մակեդոնացիների դարպասապահի «հրաշքները», որն անմեղ իրավիճակներում իրար հետեւից բաց էր թողնում գնդակը ձեռքերի միջից:

Ջիբրալթար-Հայաստան հանդիպման ժամանակ էլ (2-6) հայ խաղացողները շարունակել են նվիրատվությունների շարքը: Եթե Գյուլբուդաղյանցի սաները 9 անգամ հարվածել են դարպասին եւ 6 գոլ խփել (66 տոկոս արդյունավետություն), ապա տանտերերը 3 փորձից հաջողության են հասել 2 անգամ (նույնպես 66 տոկոս):

Եվ երեկվա մրցավեճում վիճակագրությունն այսպիսին է. Հայաստանը 9 հարվածից հետո է խփել 2 գոլ (22 տոկոս արդյունավետություն), իսկ Լխիտենշտայնը՝ նույնքան գոլ 3 փորձից (66 տոկոս): Սրան գումարենք նաեւ այն, որ հանդիպման ընթացքում մերոնք Լիխտենշտայնի դարպասի ուղղությամբ շեղ են հարվածել 11 անգամ, իսկ մրցակիցը՝ 4:

Ամփոփելով վերը նշվածը՝ պետք է փաստել հետեւյալը. Հայաստանի հավաքականը պաշտպանությունում շատ մեծ խնդիրներ ունի: Գաճաճ երկրների՝ Ջիբրալթարի ու Լիխտենշտայնի հետ 2-ական խաղերում մերոնք 3-ական գոլ են բաց թողել, ինչը ոչ միայն շքեղություն է զուտ խաղային առումով, այլեւ հենց դրա հետեւանքով թիմը չի կարողացել զբաղեցնել առաջին հորիզոնականը խմբում: Եթե հաշվի առնենք, որ կարգով շատ ավելի բարձր մակեդոնացիներից միայն 2 գոլ ենք ընդունել, ապա հասկանալի է դառնում, որ ընտրանին անփույթ, թափթփված է գործել իրենից թույլ համարվող հավաքականների դեմ խաղերում: Սա լուրջ ազդակ է, որին մարզիչները պարտավոր են ուշադրություն դարձնել: Տպավորություն է, որ Ազգերի լիգայում մեր թիմի դարպասի մոտ գրեթե ամեն խաղում «բաց դռների» օր է եղել: 6 խաղում Հայաստանի հավաքականը բաց է թողել 8 գոլ, դրանցից 6-ը՝ գաճաճ երկրների ընտրանիներից: Միայն մակեդոնացիների հետ խաղում է հավաքականին հաջողվել անառիկ պահել սեփական դարպասը: 6 խաղում մեր դարպասին կատարվել է 17 հարված, դրանցից 8-ը գոլով են ավարտվել, այսինքն՝ գրեթե ամեն երկրորդ հարվածը գոլի է վերածվել. սարսափեցնող ցուցանիշ է, եթե հաշվի ենք առնում, թե ովքեր են եղել մրցակիցները, եւ դեռ ինչպիսի մրցակիցների դեմ պիտի խաղանք «Եվրո-2020»-ի ընտրական փուլում:

Հարձակման մասին: Կաղում է արդյունավետությունը: Եթե թույլ հավաքականների դեմ այսքան պահեր ենք ստեղծում ու ընդամենը մի քանիսն իրացնում, ապա ավելի ուժեղ թիմերի դեմ նման հնարավորություններ հաստատ չեն լինելու: Հարկ է նշել, որ գոլային պահերի առատությունը պայմանավորված է խաղի անհաջող ընթացքով. պարտվելիս կամ ոչ-ոքի խաղալիս հայ խաղացողներն առաջ են նետվել հախուռն գրոհների եւ տարբեր դիրքերից հարվածներ կատարել, որոնք մեծամասամբ չեզոքացվել են դարպասապահների կողմից: 6 խաղում Հայաստանի հավաքականը մրցակիցների դարպասներին հարվածել է 49 անգամ եւ հաջողության հասել 14 դեպքում (գոլ է դարձել ամեն 3,5-րդ հարվածը): Բայց նորից նշենք, որ սրանք միայն դարպասին կատարված հարվածներն են, չենք հաշվում դարպասի ուղղությամբ շեղ եւ արգելափակված հարվածները: Լիխտենշտայնի ու Ջիբրալթարի նման մրցակիցներ ունենալով՝ այս ցուցանիշը չի կարող գոհացնող լինել, ընդհակառակը՝ այն մտահոգում է:

Եվ այս պարագայում չի կարելի ասել, թե ֆուտբոլ է, ամեն ինչ էլ պատահում է: Եթե վիճակագրությունը ցույց է տալիս, որ պաշտպանությունը (ներառյալ՝ դարպասապահը) թերացել է ամեն երկրորդ հարվածի ժամանակ, իսկ գրոհայիններից 3-ից ավելի հարված է պահանջվել, որ գոլ խփեն, ուրեմն գործ ունենք ոչ թե ինչ-որ խաղում անհաջողության, այլ թիմային օղակներում առկա հստակ խնդիրների հետ:

Ազգերի լիգայի անդրանիկ խաղարկությունը Հայաստանի հավաքականը միանշանակ ձախողեց: Խոսքը թե՛ հավաքած միավորների, թե՛ ցուցադրած խաղի մասին է:

Կուզեինք մի քանի բառ ասել թիմի ավագի ու առաջատարի՝ Հենրիխ Մխիթարյանի մասին: Հենոն 6 խաղում աչքի է ընկել միայն 1 անգամ: Նման մրցակիցների ֆոնին սա շատ վատ ցուցանիշ է նրա մակարդակի ֆուտբոլիստի համար: Ճիշտ է, նույն Ջիբրալթարի հետ արտագնա խաղում մեր ավագը մեծ ծավալի աշխատանք կատարեց, սակայն կարելի է եւ բերել մակեդոնացիների հետ առաջին խաղում նրա անհաջող ելույթը: Հենոն իր անկայուն ելույթներով չի առանձնացել ընդհանուր թիմից: Երեկվա հանդիպումը նաեւ հերթական անգամ ցույց տվեց, որ հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն, Անգլիայում խաղալով, չափազանց շռայլ է դարձել գոլային պահերը չիրացնելիս: Եթե Ուկրաինայում եւ Գերմանիայում Մխիթարյանը ոչ միայն հրաշալի ասիստենտ էր, այլեւ փայլուն գոլահար, ապա Անգլիայում, ի տարբերություն նույն իր ակումբակիցների, շատ համեստ է գրոհի վերջնամասում ու հիմնականում ձգտում է ոչ թե ինքը հարվածել, այլ փոխանցում կատարել խաղընկերոջը, այնինչ չէր խանգարի երբեմն ժլատություն դրսեւորել եւ անձամբ փորձել հաջողության հասնել: Վադուցում կայացած խաղում եղան դրվագներ, երբ Հենոն, որ լավ է հարվածում երկու ոտքով էլ, դարպասին նշան բռնելու փոխարեն հարվածի էր դուրս բերում ընկերներին, ովքեր չէին կարողանում իրացնել պահը: Սա, թերեւս, կարելի է որոշակի անվստահություն համարել սեփական ուժերի հանդեպ: Չմոռանանք նաեւ նույն Լիխտենշտայնի հետ առաջին խաղում Մխիթարյանի չիրացրած 11-մետրանոցը կամ դարպասաձողին կատարած հարվածները թե՛ այդ, թե՛ մակեդոնացիների հետ երեւանյան հանդիպմանը: Մեր ավագի դերն անչափ մեծ է թիմում, դժվար է այն գերագնահատել, մնում է, որ առաջին հերթին ինքը չթուլացնի գոլահարի հոտառությունը եւ նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի ամենավճռական պահերին:

Վերադառնալով Ազգերի լիգային՝ նշենք, որ ընտրական փուլն ավարտվում է այսօր: Հաջողակների ու անհաջողակների վերջնական ցանկը հայտնի կդառնա միայն բոլոր հանդիպումների ավարտից հետո, հետեւաբար մրցաշարի այս փուլը հնարավոր կլինի ամփոփել այդ ժամանակ:

Ինչ մնում է 4-րդ դիվիզիոնի 4-րդ խմբին, ապա 15 միավորով հաղթող դարձավ ՆՀՀ Մակեդոնիան, ով դիվիզոնի մյուս խմբերի հաղթողներ Բելառուսի, Վրաստանի ու եւս մեկ թիմի հետ (Կոսովո կամ Ադրբեջան) կվիճարկի «Եվրո-2020»-ի մեկ ուղեգիր: Հայաստանը 10 միավորով խմբում երկրորդն է, Ջիբրալթարը 6 միավորով երրորդն է, իսկ 4 միավոր վաստակած Լիխտենշտայնը՝ չորրորդը:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter