HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ջիբրալթարի երազն սկսվեց ու ավարտվեց Հայաստանի դեմ խաղերում

Հայաստանի հավաքականը իրականացրեց այն ակնկալիքը, որն ունեին երկրպագուները թիմից երեկվա խաղում: Ջիբրալթարի հետ երեւանյան առաջին մրացվեճը, որում մերոնք, կարելի է ասել, 0-1 հաշվով ճակատագրական պարտություն կրեցին ու, թերեւս, զրկվեցին «Եվրո-2020»-ի ուղեգրի համար պայքարելու իրավունքից, բնականաբար, երկար է հիշվելու, բայց եղածը եղած է, ու այս պահին կարեւոր էր, որ ազգային թիմը մի բան ապացուցեր. այն, ինչ կատարվել է Երեւանում, ոչ թե Ջիբրալթարի վաստակն էր, այլ մեր ընտրանու ձախողված ելույթի հետեւանքը:

Հայաստանին հաղթելուց օրեր անց ջիբրալթարցիները ոգեւորության ալիքի վրա սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել էին նաեւ Լիխտենշտայնին ու, ինչու չէ, կարող էին մտածել նաեւ տանը հայերից միավոր խլելու մասին:

Գյուլբուդաղյանցի թիմը խաղում էր գրեթե նույն սխեմայով, ինչ Երեւանում: Պարզապես եթե առաջին խաղում Մովսիսյանն ընդգծված հարձակվող էր, իսկ նրան թիկունքից աջակցում էին 3 գրոհային կիսապաշտպաններ, ապա հիմա նրանցից երկուսը՝ Ղազարյանն ու Ադամյանը, ավելի առաջ էին քաշված, քան Մխիթարյանը, որը կատարում էր դիսպետչերի պարտականությունը: Այսինքն՝ 4-2-3-1-ը դարձել էր 4-2-1-3:

Այդուհանդերձ, խաղի մեկնարկում մերոնց գործերը լավ չընթացան: Նախ դեղին քարտ ստացավ ազգային թիմում իր նորամուտը նշող կենտրոնական պաշտպան Արթուր Քարտաշյանը, որը կանոնները խախտեց, թերեւս, փորձի պակասի պատճառով, չնայած հետո աստիճանաբար մտավ հունի մեջ: Զգուշացվեց նաեւ Յուրան, ու լավ է, որ սա Մովսիսյանի առաջին դեղին քարտն էր Ազգերի լիգայում, այլապես նա բաց էր թողնելու ամսի 19-ին կայանալիք Լիխտենշտայնի հետ հանդիպումը:

Ջիբրալթարի հավաքականի նման մրցակիցների դեմ ամենադժվարն առաջին գոլը խփելն է, ինչն ամեն կերպ փորձում էին անել Գյուլբուդաղյանցի սաները, բայց մրցակիցը եռաշերտ պաշտպանություն էր կազմել ու շարունակ պրեսինգի էր դիմում՝ խոչընդոտելով ցանկացած բովանդակային գրոհի կազմակերպում: Եթե Երեւանում մեր պարտության պատճառը դարձավ կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանի կոպիտ սխալը սեփական տուգանայինում եւ արդյունքում նշանակված 11-մ հարվածը, ապա Ջիբրալթարում սխալվեցին միանգամից մի քանիսը: Հենակետայիններից Արտակ Գրիգորյանը անհաջող փոխանցում կատարեց մյուսին՝ Ռումյան Հովսեփյանին, վերջինս չկարողացավ գնդակը հասցեագրել ձախ եզր, այն խլեց Կաշիարոն եւ գրոհի դուրս բերեց Դե Բարին: Ճարպիկ մրցակցին չկարողացավ հասնել Քարտաշյանը, բայց թվում է, թե Հարոյանը խանգարելու էր նրան, այնինչ դարպասապահ Հայրապետյանը, դուրս գալով իր տեղից, հեշտացրեց հարձակվողի գործը, որը, նրան շրջանցելով, արդեն 10-րդ րոպեին գրավեց մերոնց անպաշտպան դարպասը՝ 1-0: Մի պահ թվաց, թե երեւանյան մղձավանջը կրկնվելու է: Բայց դեռ 80 րոպե կար, ու նկատելի էր, որ մեր խաղացողները ցայտնոտի մեջ չեն, պարզապես անհրաժեշտ էր մեկ պատասխան գոլ՝ մրցակցի ոգեւորությունը հնարավորինս արագ կոտրելու համար:

Դա հաջողվեց անել 27-րդ րոպեին. Ղազարյանի՝ աջ եզրից կատարած փոխանցումը գրոհի ծայրին հայտնված Քարտաշյանը չկարողացավ եզրափակել, սակայն գնդակը հայտնվեց Մովսիսյանի մոտ, ում հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին եւ հայտնվեց ցանցում: Երկու խաղերում միասին 117 րոպե պահանջվեց, որ մերոնք կարողանան խոցել գաճաճ երկրի թիմին: Քանի որ Ջիբրալթարին ոչ-ոքին նույնպես միանգամայն ձեռնտու էր, նրա ֆուտբոլիստները չէին շտապում փոխել իրենց պաշտպանական մարտավարությունը, ինչի շնորհիվ էլ  1-1 հաշիվը պահպանվեց մինչեւ ընդմիջում:

Սակայն երկրորդ կեսի սկիզբը փոխեց ամբողջ խաղի ելքը, քանի որ Գյուլբուդաղյանցի սաներն արեցին այն, ինչն այս նույն թիմի դեմ նախորդ երեք խաղակեսերում չէր հաջողվում անել՝ արագ գոլ խփեցին: 48-րդ րոպեին ուսուցողական էր Գրիգորյան-Հովսեփյան-Մովսիսյան կոմբինացիան: Արտակից ստանալով գնդակը՝ Ռումյանը գեղեցիկ մեկ հպումով գնդակն ուղարկեց Յուրային, ով, մեն-մենակ մնալով դարպասապահ Գոլդուինի դեմ, նրան ձեռնունայն թողեց՝ 1-2:

Ահա այսպիսի իրավիճակներում Ջիբրալթարի նման թիմերը, որպես կանոն, քանդվում են, ինչը տեսանք նաեւ երեկ: Խնդիրն առաջին հերթին հոգեբանության մեջ է. մրցակիցն այլեւս չէր հավատում, որ կարող է փրկել խաղը, իսկ մերոնք լավ գիտեին, որ ամեն ինչ իրենց ձեռքում է ու պետք է իրացնել գոլային հնարավորությունները: Երկրորդ գոլից 4 րոպե անց Յուրան նաեւ հեթ-տրիկ ձեւակերպեց՝ եզրափակելով աջ թեւից Կամո Հովհաննիսյանի փոխանցումը: Սա Հայաստանի ազգային հավաքականում երկրորդ հեթ-տրիկն էր եւ առաջինը պաշտոնական խաղերում: Առաջինը 2016-ի մայիսին ԱՄՆ-ում կայացած Գվատեմալայի հետ ընկերական հանդիպմանը ձեւակերպել էր Մխիթարյանը: Բայց դե էլ վերջը չէր. եւս 2 րոպե անց՝ 54-րդ րոպեին, Ադամյանի փոխանցումից հետո գնդակը դիպավ մրցակցի պաշտպանին, սակայն միեւնույնն է՝ հասավ Յուրային, ով առանց խոչընդոտի խփեց այս խաղում իր 4-րդ գոլը: Սա առաջին պոկերն է մեր թիմի պատմության մեջ: Մյուս կողմից՝ այս գոլերի շնորհիվ Յուրան ընտրանու կազմում կտրուկ բարելավեց իր ցուցանիշը (14 գոլ) եւ հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների մեջ դուրս եկավ երկրորդ հորիզոնական: Առաջինը Մխիթարյանն է 26 գոլով: 11-ական գոլ են խփել Գեւորգ Ղազարյանը, Մարկոսը, Արթուր Պետրոսյանը:

Այլեւս հոգեբանորեն կոտրված ջիբրալթարցիները խուճապի մատնված էին պաշտպանվում՝ հապճեպ փորձելով հեռացնել գնդակը տուգանայինի մատույցներից: Խաղի նման ընթացքը լիովին ձեռնտու էր մեր թիմին: 66-րդ րոպեին էլ աչքի ընկավ նորեկը՝ Քարտաշյանը. Մխիթարյանի տուգանային հարվածից հետո Գոլդուինը գնդակը հետ մղեց թիմակիցներին միացած Արթուրի ուղղությամբ, որն էլ հեշտությամբ հաշիվը դարձրեց 1-5: Այդուհանդերձ, 78-րդ րոպեին Քարտաշյանն ու Հարոյանը բաց թողեցին Պրիստլիի անցումը: Նախ՝ Արթուրն արագությամբ զիջեց մրցակցին, սակայն Վարազդատը վերջին պահին կարող էր սահանկումով փակել գնդակի ճանապարհը: Կարելի է ասել, որ Հարոյանն այդ դրվագում թերացավ, ու գնդակը հայտնվեց Հայրապետյանի դարպասի հեռավոր անկյունում:

2-5-ն այն հաշիվը չէր, որն իրականում արտացոլում էր ուժերի հարաբերակցությունը: Այս առումով տրամաբանական էր փոխարինման մտած Ալեքսանդր Կարապետյանի գոլը հիմնական ժամանակին ավելացված վերջին՝ 4-րդ րոպեին: Կարապետյանին գեղեցիկ փոխանցումով գրոհի նետեց Մխիթարյանը, հարձակվողը ճիշտ վարվեց՝ գնդակը չփոխանցելով Ղազարյանին, քանի որ ինքն ավելի լավ դիրքում էր. արդյունքում նա խփեց իր առաջին գոլը ազգային թիմում:

Բնականաբար, Ջիբրալթար-Հայաստան մրցավեճը մեր թիմի համար առաջին հերթին պատվի խաղ էր. մարզական գործոնն այստեղ մեծ չէր, քանի որ «Եվրո-2020»-ի ուղեգրի ճակատագիրը որոշվում էր Վադուցում, որտեղ Լիխտենշտայնը 0-2 հաշվով զիջեց ՆՀՀ Մակեդոնիային: Վերջինս 12 միավորով 4-րդ դիվիզիոնի 4-րդ խմբի առաջատարն է ու դժվար թե ամսի 19-ին չկարողանա գոնե մեկ միավոր վաստակել Ջիբրալթարի հետ տնային խաղում, ինչը մակեդոնացիներին անհասանելի կդարձնի հետապնդող հայերից: Մերոնք ունեն 9 միավոր եւ վերջին խաղում հյուրընկալվելու են Լիխտենշտայնին, որին Երեւանում դժվարությամբ հաղթել են 2-1:               

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter