HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսպես պետք էր խաղալ բոլոր մրցավեճերում

Ինչպես ասում են, պատմությունը սիրում է կրկնվել: Նման բան տեղի ունեցավ երեկ, երբ Ջիբրալթարից կրած խայտառակ պարտությունից հետո Հայաստանի հավաքականը 4-0 հաշվով հաղթեց ՆՀՀ Մակեդոնիային: ԱԱ-2014-ի ընտրական փուլում՝ 2013-ի հունիսին, մեր ընտրանին Երեւանում 0-1 հաշվով պարտվել էր Մալթային, սակայն 4 օր անց Կոպենհագենում տարել էր իր ամենագեղեցիկ հաղթանակներից մեկը՝ 4-0 հաշվով հաղթելով Դանիային: Նախորդ հոդվածում համոզմունք էինք հայտնել, որ նման բան այս անգամ չենք տեսնի, բայց հավաքականն ապացուցեց հակառակը, ինչը խոսում է մի բանի մասին. երբ դանակը ոսկորին է հասնում, մեր ֆուտբոլիստները խաղին տրվում են մինչեւ վերջ եւ հասնում ցանկալիին:

Բայց, այնուամենայնիվ, Մալթայից կրած պարտությունը չէր կարող վճռական նշանակություն ունենալ, որովհետեւ մենք նույն խմբում ունեինք Իտալիայի, Դանիայի ու Չեխիայի նման հզոր մրցակիցներ, իսկ այս անգամ Ջիբրալթարից կրած տնային 0-1 հաշվով պարտությունը գործնականում մեզ արդեն զրկել է «Եվրո-2020»-ի ուղեգիր նվաճելու հնարավորությունից: Եթե գաճաճ ընտրանուն հաղթած լինեինք, ապա հիմա կգլխավորեինք 4-րդ դիվիզիոնի 4-րդ խումբն ու նոյեմբերին Լիխտենշտայնի ու Ջիբրալթարի հանդեպ եւս երկու հաղթանակ տանելուց հետո դուրս կգայինք խմբից, որից հետո մյուս 3 խմբերի հաղթողների հետ իրավունք կստանայինք վիճարկել Եվրոպայի առաջնության ուղեգիրը:

Հայաստանի հավաքականը ցույց տվեց, որ կարող է խաղալ, հարցն այլ է՝ ինչու՞ ֆուտբոլիստները նույն ձեւով չեն խաղում բոլոր խաղերում՝ անկախ հանգամանքից, թե ով է մրցակիցը, եւ որտեղ է կայանում խաղը: Կարելի է նվիրվել, պայքարել մինչեւ վերջ. այդ պարագայում, նույնիսկ եթե բացասական արդյունք գրանցվի, մարզասերը միայն կծափահարի, որովհետեւ բոլորն էլ հասկանում են, որ մեր թիմն ամեն դեպքում համեստ կարողություններ ունի եւ չի կարող ամեն խաղում ու բոլորին հաղթել: Ցավոք, նույն մակեդոնացիների հետ առաջին խաղում այնպիսի հակաֆուտբոլ տեսանք մերոնց կատարմամբ, որ ուղղակի աննախադեպ էր: Այո, ջիբրալթարցիների հետ հանդիպմանը կային հարվածներ, գրոհներ, բայց տրամադրվածության, նվիրումի, մարզական չարության պակասը երեկվա խաղի համեմատ ակնհայտ էր:

ՆՀՀ Մակեդոնիան, ինչպես գրել էինք, իրեն կարող էր թույլ տալ պարտվել Երեւանում, բայց մրցակիցը հաստատ խաղը հանձնելու տրամադրվածությամբ չէր խաղում, քանի որ, անկախ միավորների մեծ պաշարից, մակեդոնացիները դեռ 100 տոկոսով չեն ապահովագրել առաջին տեղը խմբում:

Այդուհանդերձ, այն, ինչ մեր թիմի 4 գոլերի պարագայում արեց նրանց դարպասապահ Դիմիտրիեւսկին, իսկապես տարօրինակ էր. 12-րդ րոպեին Մարկոսի հեռահար հարվածը չկարողացավ, ինչպես հարկն է, հետ մղել, չնայած խոստովանենք, որ գնդակը օդում փոխեց հետագիծն ու հավելյալ դժվարություն առաջացրեց դարպասապահի համար:

Հետո՝ 67-րդ րոպեին, Դիմիտրիեւսկին անփույթ փոխանցում կատարեց, գնդակը բաժին հասավ Ադամյանին, վերջինս ուղարկեց Հենոյին, Մխիթարյանն էլ՝ Մովսիսյանին՝ 2-0:

Առավել զարմանալի էին Ղազարյանի եւ Մխիթարյանի գոլային դրվագներում մակեդոնացի դարպասապահի գործողությունները. 81-րդ րոպեին տուգանայինից Գեւորգի ուժեղ հարվածից հետո նա իր ուղղությամբ եկող գնդակը կրկին վատ շեղեց, ինչը բավարար եղավ, որ գնդակը հատի դարպասային գիծը: Այստեղ թերացավ նաեւ պատը, որը չկարողացավ չեզոքացնել հարվածը: Ավելացված 4-րդ րոպեին էլ Մխիթարյանը անցք գտավ պատի մեջ ու կրկին հիմար դրության մեջ դարպասապահին:

Բնականաբար, այս ամենը մակեդոնացիների խնդիրն է, նրանք պետք է մտածեն, թե ինչպես էին այդքան անփույթ խաղում պաշտպանությունում, բայց ասվածը եւս մեկ անգամ փաստում է, որ մեր թիմն իրավունք չուներ այս հավաքականին պարտվել 0-2:

Հարցն այն է, որ ոչ թե մրցակիցներն են մեզ հաղթել, այլ մենք ենք պարտվել: Սա կրկնակի ցավալի է, քանի որ այդքան կարեւոր միավորներն ուղղակի նվիրել ենք մակեդոնացիներին ու ջիբրալթարցիներին: Այսքանից հետո ցույց տալ մի խաղ, որտեղ կա պրեսինգ, արագություն, միտք, նվիրվածություն, պայքար եւ էլի շատ բաներ, կրկնակի զգացողություններ է առաջացնում: Չէ՞ որ այդ ամենը կարելի էր անել նաեւ մյուս հանդիպումներում:

Արմեն Գյուլբուդաղյանցը մարտավարական առումով էլ ճիշտ դասավորություն էր ընտրել ֆուտբոլիստների համար: Կարելի է ասել, որ նա դասեր էր քաղել Ջիբրալթարից կրած պարտությունից, երբ թույլ թիմի դեմ դուրս էր բերել 2 հենակետային կիսապաշտպանի, ինչի պատճառով գրոհների թափն այն չէր: Այս անգամ էլ կենտրոնականները երկուսն էին՝ Հենոն ու Ռումյան Հովսեփյանը, բայց երկրորդը նախորդ խաղին չէր մասնակցել, թարմ էր, հետո հայտնի է, որ նա մեր թիմում գլխով ամենալավ խաղացողներից մեկն է, ինչն անհրաժեշտ որակ էր բալկանցիների դեմ մրցավեճում: Իսկ Մխիթարյանը հայտնի ունիվերսալ է. այս պարագայում նա ոչ միայն թիկունքից արագ գրոհ եւ հակագրոհ կազմակերպող էր, այլեւ գնդակ խլող ու վերահսկող: Այսինքն՝ այս անգամ մեր թիմն ավելի հարձակողական էր թե՛ կազմով, թե՛ գործնականում:

Նախորդ հանդիպումը տապալած Մկոյանի փոխարեն պաշտպանության կենտրոնում Խաչատուրովն էր, ձախ եզրում Դաղբաշյանն էր, որն իրեն լավագույն կողմերով դրսեւորեց, շատ լավ տեսք ուներ իր հարազատ աջ եզրում հայտնված Կամո Հովհաննիսյանը, որի արագ անցումները շարունակում են աչք շոյել: Գրոհներին միացող արագ եզրային պաշտպաններն այսօրվա ֆուտբոլի անբաժան մասն են, մեր հավաքականն իրավունք չունի հետ մնալ ներկա պահանջներից: Կենտրոնում էլ Հարոյանն էր, որն այս անգամ ամբողջ թիմի պես շատ ագրեսիվ էր եւ խաղում էր մոտավորապես այնպես, ինչպես Ռամոսը «Ռեալում» կամ Իսպանիայի հավաքականում՝ պարբերաբար կենտրոնից գրոհներ նախաձեռնելով: Ճիշտ էր եւ այն, որ ամենասկզբից խաղաժամանակ էր ստացել Մարկոսը, միայն ափսոս, որ նա վնասվածք ստացավ ու շուտ թողեց դաշտը, չնայած «մավրն արեց իր գործը»:

Նրան փոխարինած Արտակ Գրիգորյանը չնայած առաջին հերթին «քանդող» ֆուտբոլիստ է, սակայն Արտակի անցումները երբեմն հիշեցնում էին Մոնտենեգրոյի հետ երեւանյան խաղը, որում նա այդպիսի մի անցման արդյունքում գոլ խփեց:

Սարգիս Ադամյանն այն խաղացողն է, ում պետք է շարունակել վստահել. Գերմանիայում խաղալով՝ նա փորձ է կուտակել, անընդհատ վազքի մեջ է, մենապայքարներում կռիվ է տալիս, գլուխ չի պահում, դեռ գոլ չի խփել, բայց արդյունավետ գործողություններով աչքի է ընկնում: Կարելի է հիշել երկրորդ կեսում նրա նուրբ փոխանցումը Հենրիխին, որից հետո վերջինս հարվածեց հորիզոնական դարպասաձողին: Գեւորգ Ղազարյանը այն ֆուտբոլիստն է, որը կա՛մ շատ լավ է խաղում, կա՛մ շատ վատ, միջին մակարդակ նրա պարագայում չկա: Վատ անցկացրած խաղերում Գեւորգը, որպես կանոն, վնասվածքներից ամբողջովին ապաքինված չի լինում, բայց երբ լավ վիճակում է, շատ մեծ ծավալի աշխատանք է կատարում իր ձախ եզրում: Նախորդ հանդիպմանը նա կրկին գործի մեջ էր, բայց շատ բան միօրինակ էր, ինչն ամենեւին դժվարություն չէր առաջացնում ջիբրալթարցիների համար: Այս անգամ Գեւորգն անընդհատ պրեսինգի էր դիմում, մինչեւ վերջ գնում գնդակի հետեւից: Մի խոսքով՝ ձախ եզրում նա եւ Գագիկ Դաղբաշյանը, իսկ աջում՝ Կամոն եւ Սարգիս Ադամյանը իրենց լավագույն կողմերով դրսեւորեցին:

Ինչ վերաբերում է Յուրա Մովսիսյանին, ապա անկախ գոլից, որը նաեւ Սարգիսի ու Հենոյի վաստակն էր, բացի դրանից՝ մրցակցի անփութության հետեւանքը, մեր հարձակվողը նախկինը չէ: Գուցե ճիշտ է ասել՝ դեռեւս նախկինը չէ: Ժամանակը ցույց կտա՝ կտեսնե՞նք նախկին Յուրային, որի արագությունն ու դրիբլինգը, սուր անկյուններից կտրուկ հարվածներն ու մարզական չարությունը այն լավ տարիներից հետո դեռ ոչ մեկ ցույց չի տվել, թե՞ պիտի համակերպվենք մտքի հետ, որ 32-ամյա Յուրայի լավագույն ժամանակներն անցյալում են: Շատ բան կախված է նրա ակումբային պրակտիկայից. եթե ԱՄՆ-ում հարձակվողը չխաղա, կրկին հավաքականում կորցնելու է լավ պահերը, ինչը կարող է ճակատագրական լինել ամբողջ թիմի համար:      

Մակեդոնիայի հետ անձնական հանդիպումներում Հայաստանի հավաքականը ոչ միայն վերականգնեց հավասարակշռությունը՝ 3-ական հաղթանակ, 2 ոչ-ոքի, այլեւ գոլերով առաջ անցավ՝ 15-13: Թեկուզ գործնականում շատ դժվար կլինի խմբում առաջին տեղը զբաղեցնել, պետք է մյուս երկու հանդիպումներում խաղալ սեփական վարկի, հայերիս պարագայում՝ թասիբի համար: Եթե մակեդոնացիներին կարելի էր ապացուցել, որ իրականում այնքան վատը չենք, որքան մեզ ցույց տվեցինք Սկոպիեում, ապա Ջիբրալթարին պետք է իր իսկ հարկի տակ ցույց տալ, որ իրականում, ինչպես ասում են, ոչ թե մեզ հաղթել են, այլ մենք ենք պարտվել. այդ անհաջողությունը, բնականաբար, մնալու է պատմության մեջ, բայց պատասխան տալ պետք է, իսկ լավագույն պատասխանը կլինի խոշոր հաշվով հաղթանակը՝ պարտվել ենք մեր մեղքով, կհաղթենք մեր արժանիքների շնորհիվ: Լիխտենշտայնին նույնպես պարտավոր ենք հաղթել խոշոր հաշվով. թիմերի կարգերի տարբերությունը դա է պահանջում:   

Իսկ մինչ այդ Ջիբրալթարը ցնծում է. երեկ գաճաճ երկրի ֆուտբոլիստները իրենց գլխից վեր են ցատկել՝ տանելով երկրորդ պաշտոնական հաղթանակը, այն էլ՝ անընդմեջ: Իրենց հարկի տակ մեր խմբի հետնապահները 0-1 պարտվելիս կարողացել են 2 գոլ խփել Լիխտենշտայնին ու հաղթել 2-1: Հայաստանն ու Ջիբրալթարն ունեն 6-ական միավոր, բայց քանի որ անձնական խաղում հաղթել են նրանք, առավելությունը նրանցն է: Առայժմ:  

Լուսանկարները՝ Գագիկ Աղբալյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter