HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանապահներն անտեսել են դատավոր Ազարյանի որոշումը և արգելել Վլադիմիր Սաչկովին դուրս գալ երկրից

«ԱրմենՏել» ՓԲԸ-ում  (այժմ «ՎԵՌՆ Արմենիա» ՓԲԸ) զարտուղի կապուղի ստեղծելու գործով մեղադրվող տեխնիկական բլոկի նախկին տնօրեն, ՌԴ քաղաքացի Վլադիմիր Սաչկովին հունիսի 8-ի երեկոյան ևս թույլ չեն տվել դուրս գալ երկրից:

Չնայած այն հանգամանքին, որ հունիսի 5-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Ազարյանի, որոշում է կայացրել` թույլատրել Վլադիմիր Սաչկովին հունիսի 8-ից մինչև հունիսի 22-ը մեկնել ՀՀ-ից, և համապատասխան մարմիններին գրություններ ուղարկել է` նշված ժամանակահատվածում նրա նկատմամբ կիրառված սահմանափակումները վերացնելու մասին, «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահները թույլ չեն տվել Սաչկովին լքել երկիրը:

Վլադիմիր Սաչկովին ուղեկցել է նաև ՌԴ գլխավոր հյուպատոս Անդրեյ Շանինը, ինչպես նաև նրա փաստաբան Նարինե Ռշտունին: «Մեզ ասացին, որ իմ տեղաշարժի արգելքը հանված չէ»,- պատմեց Վլադիմիր Սաչկովը:

Վլադիմիր Սաչկովի ՌԴ մեկնելը հրատապ էր և կապված էր ընտանեկան հարցերի, մասնավորապես` նրա երեխայի առողջության հետ: Նա դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին` խնդրելով օգնել դատարանի որոշումը կատարելու հարցում, ինչպես նաև փոխհատուցում է պահանջել իր կատարած ծախսերի համար:

Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի, «ԱրմենՏել» ՓԲԸ-ի որոշ պաշտոնյաների (այդ թվում` Սաչկովի) և նույն կազմակերպության հետ անուղղակիորեն կապված անձանցից կազմված խումբը ստեղծել է մի կապուղի, որի միջոցով արտերկրյա օպերատորներից ստացվող միջազգային զանգերը շրջանցել են ընկերության հաշվարկային համակարգը: Ընկերության հաշվարկային համակարգը շրջանցած կապուղին գործել է 2011-2013թթ.: Խմբի գործունեության արդյունքում վնաս է հասցվել թե´ ընկերությանը, թե´ պետությանը՝ հարկերի մասով:

Այս տարվա հունվարին դատավոր Արմեն Բեկթաշյանը Վլադիմիր Սաչկովին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (ապօրինի ձեռնարկատիրություն, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով և կատարվել է կազմակերպված խմբի կողմից) և 214-րդ հոդվածի 2-րդ մասով (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ):

Սաչկովի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 7 տարի ժամկետով, որի մեջ հաշվարկվել է նաև նրա կալանքի տակ գտնվելու ավելի քան 3 տարին և վերջնական պատիժ թողնվել է 3 տարի, 8  ամիս 17 օր ժամկետը` զրկելով որոշակի գործունեությամբ` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից` 2 տարի ժամկետով:

Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Վլադիմիր Սաչկովի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` գրավը պետք է վերանա և նրան կրկին կալանքի տակ վերցնելու: Սակայն Սաչկովը բողոքարկել է Բեկթաշյանի կայացրած դատավճիռը և այժմ գործը Վերաքննիչ դատարանում է, իսկ ինքը` դեռևս ազատության մեջ:

Դատավճռով նաև Սաչկովին պարտավորեցրել են հօգուտ տուժող  ճանաչված «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲ ընկերության բռնագանձել շուրջ 1,8 մլրդ դրամ` որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:

Դատարանը բավարարել է նաև Գլխավոր դատախազության քաղաքացիական հայցը` Վլադիմիր Սաչկովից հօգուտ պետական բյուջե բռնագանձել 875 մլն դրամ` որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:

Հիշեցնենք, որ նույն օրը սահմանափակել էին նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ելքը դեպի Վրաստան: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter