HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Առջեւում՝ արդյունավետ ու գեղեցիկ խաղ, թիկունքում՝ աճպարարություններ

Անցյալ տարվա հոկտեմբերի 16-ին Երեւանում մակեդոնացիներին 4-0 հաշվով հաղթելուց հետո՝ 8 ամիս անց, Հայաստանի հավաքականը ցույց տվեց խաղ, որն իսկապես գոհացրեց երկրպագուներին: Լիխտենշտայնի հետ երեկվա հանդիպումից (3-0) թե՛ մասնագետները, թե՛ երկրպագուները միայն հաղթանակ էին ակնկալում, սակայն կարեւոր էր ոչ միայն հաշիվը, այլեւ խաղի որակը:

Բարձր որակներ տեսանք հատկապես առաջին կեսում գրոհի թեւում, իսկ երկրորդում, ունենալով 2 գնդակի առավելություն, թիմը գցեց տեմպը, ինչը կախված էր նաեւ առաջին 45 րոպեների ընթացքում կատարած ֆիզիկական մեծ աշխատանքից: Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը գրոհում էր թե՛ եզրերով, թե՛ խորքից հեռահար փոխանցումների միջոցով, այսինքն՝ ոչ միօրինակ, բազմազան, այնպես, ինչպես խաղում են բարձրակարգ թիմերը:

Խաղից առաջ կասկած չկար, որ դարպասում լինելու է Արամ Հայրապետյանը, ով Արսեն Բեգլարյանից հետո դարձել է թիմի հիմնական դարպասապահը, սակայն «Բանանցի» դարպասապահի խաղը, մեղմ ասած, հիասթափեցնող էր, ու հարց է, թե արդյոք նա կպաշտպանի դարպասը հույների հետ ամսի 11-ին կայանալիք արտագնա խաղում: Երկրպագուները կհիշեն, որ ազգային թիմի հանդիպումներում Բեգլարյանը հատկապես անվստահ էր օդից եկած գնդակները որսալիս, երեկվա խաղում նման կերպ հանդես եկավ Հայրապետյանը, որը գնդակը որսալու փոխարեն բռունցքով այն հեռացնում էր նույնիսկ այն ժամանակ, երբ հանգիստ կարող էր վերցնել: Սա ավելորդ լարվածություն էր առաջացնում թիմի պաշտպանությունում:

Դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին այս առումով անելիք ունի: Հայրապետյանը երեկ առանձնացավ նաեւ իր անփույթ, ավելորդ գործողություններով, որոնք, թերեւս, հոգեբանական խնդրի հետեւանք էին: Դեպի անկյունային դուրս եկող գնդակը որսալու փոխարեն մրցակցին նվիրելը, խաղընկերոջ՝ ոտքով կատարած փոխանցումը ձեռքով վերցնելը, գնդակը խաղի մեջ մտցնելիս անհասցե հարվածներ կատարելը պատանի ֆուտբոլիստի անփորձ, անվարժ գործողություններ էին, այնինչ Հայրապետյանն արդեն 32 տարեկան է ու պրոֆեսիոնալ մակարդակով հանդես է գալիս 13 տարի: Այդ ամենի պատճառները (կլինի լարվածությունը, ավելորդ ինքնավստահությունը, թե այլ հանգամանք) պիտի պարզեն մարզիչներն ու հնարավորինս արագ խաղացողին «հետ բերեն»: Բոլորն էլ գիտակցում են, որ եթե Լիխտենշտայնը չկարողացավ օգտվել մեր թիկունքի ձախողումներից (Հայրապետյանի տարօրինակ «հնարքներին» ավելացնենք նաեւ Տարոն Ոսկանյանի կոպիտ սխալը՝ թույլ փոխանցումը հետ, երբ մրցակիցը մեն-մենակ հայտնվեց Հայարապետյանի առաջ, բայց վերջինս ավելի շուտ հասավ գնդակին), ապա մեզ կարգով գերազանցող հույները հաստատ կօգտագործեն նման «նվերները»:

Պաշտպանությունում Գյուլբուդաղյանցի համեմատական անակնկալներից մեկը կենտրոնում Հարոյանի հետ Տարոն Ոսկանյանին դաշտ դուրս բերելն էր. Անդրե Չալըշըրի բացակայությամբ շատերն այդ դիրքում սպասում էին Հայկ Իշխանյանին: Ոսկանյանի սխալի մասին վերը նշեցինք, սակայն մինչ այդ նա կարողացավ թիմին փրկել վերահաս գոլից, երբ Հայրապետյանի սխալից հետո մրցակիցը հարվածեց դեպի անպաշտպան դարպասը, բայց Տարոնը գնդակը գլխով հեռացրեց: Լիխտենշտայնի կարգը թույլ էր տալիս, որ մեր թիմը եզրային ճեղքումներով, խաղարկումներով ու խորքից կատարվող փոխանցումներով անընդհատ լարվածության մեջ պահի հյուրերի պաշտպանությանը եւ գրեթե ամբողջ առաջին խաղակեսն անցկացնի նրա կիսադաշտում: Այս պարագայում թիկունքում հերթապահում էին Հարոյանն ու Ոսկանյանը, որոնց գործը պաշտպանությունում այնքան էլ շատ չէր առաջին կեսում, փոխարենը շատ վտանգավոր էին Վարազդատի երկար փոխանցումները դեպի գրոհի եզր: Այդպես էլ արդեն 2-րդ րոպեին ծնվեց առաջին գոլը. Ղազարյանը վարպետորեն ընդունեց գնդակն ու առանց խոչընդոտի ուղարկեց Հոբիի դարպասի հեռավոր անկյունը: Սա Գեւորգի 12-րդ գոլն էր հավաքականում:

Հետաքրքիր էր նաեւ, որ պաշտպանության ձախ եզրում հանդես եկավ Կամո Հովհաննիսյանը, ով, որպես կանոն, աջ թեւում է խաղում՝ պաշտպանությունում կամ կիսապաշտպանությունում: Գյուլբուդաղյանցը խաղից հետո նշեց, որ Կամոյի համար թեւերի միջեւ տարբերություն չկա, նա ղազախական «Ժետիսուում» նաեւ ձախ եզրում է հանդես գալիս: Կամոն այս դիրքում խաղացել է նաեւ հավաքականում, սակայն ազգային թիմում վերջին տարիներին այդ գոտում հիմնականում հանդես են եկել Լեւոն Հայրապետյանը, Արտակ Եդիգարյանը, Գագիկ Դաղբաշյանը, որոնցից այս անգամ հավաքական էր հրավիրվել միայն Եդիգարյանը: Կամոյի նման արագություն մեր թիմում երեւի ոչ մեկ չունի, նրա եւ աջ եզրային Համբարձումյանի միացումները գրոհներին չի կարելի չառանձնացնել, քանի որ երկու պաշտպանները խաբքերով, անցումներով ու դեպի մրցակցի տուգանային հրապարակ սուր փոխանցումներով հնարավորություն չէին տալիս հյուրերին ուշքի գալ, իսկ հարկ եղած դեպքում խաղընկերների հետ կարողանում էին արագ խլել գնդակն ու նոր գրոհ սկսել:

Առաջին կեսում մեր թիմի ցուցադրած ֆուտբոլը բարձրակարգ էր, ինչպես սովոր ենք տեսնել գրանդ ակումբների կամ հավաքականների ելույթներում: Բնականաբար, այստեղ կարեւոր է նաեւ մրցակցի մակարդակը, քանի որ մերոնք ազատ տարածություններ շատ ունեին եւ կարողանում էին իրագործել իրենց մտահղացումները, բայց նույնիսկ մրցակցի թույլ լինելը չի մթագնում այն փաստը, որ նախորդ հանդիպումների համեմատ առջեւի գոտում դրական փոփոխություններ կան:

Դժվար է հիշել, թե մեր թիմը երբ է խաղացել 4-3-3 դասավորությամբ, քանի որ ուժեղ թիմերի դեմ հիմնականում հանդես ենք եկել 4-2-3-1 սխեմայով, իսկ համեմատաբար թույլերի դեմ՝ մեկ հենակետայինով: Գյուլբուդաղյանցի ընդգծված հարձակողական մարտավարությունը աշխատեց. բացի Հարոյանից, Ոսկանյանից ու նրանցից քիչ առաջ քաշված Կառլեն Մկրտչյանից, ով թիմի առանցքային հենակետայիններից է, մյուսները գլխավորապես միտված էին գրոհների: Պատահական չէ, որ 3 գոլերը խփեցին հարձակվողի դիրքում մեկնարկային կազմ դուրս եկած Ղազարյանը, Կարապետյանը եւ Բարսեղյանը:

Շատ ենք գրել, որ Գեւորգը միջին մակարդակի ելույթներ չի ունենում՝ կա՛մ լավ է խաղում, կա՛մ վատ: Դեռ Մոնտենեգրոյի հետ երեւանյան հանդիպմանն (3-2) է Գեւորգը ապացուցել, որ իր հեռահար ուժեղ հարվածները մրցակիցների դարպասապահների համար փորձություն են: Դրանում համոզվել են նաեւ մակեդոնացիները, երեկ էլ Լիխտենշտայնը զոհ դարձավ: 18-րդ րոպեին մեր խաղացողի հարվածը Հոբին կենտրոնով հետ մղեց, ու առիթից օգտված Ալեքսանդր Կարապետյանը կրկնահարվածով հաշիվը դարձրեց 2-0:

31-ամյա Կարապետյանն ազգային թիմում անցկացրած 7 խաղում 3 գոլ է խփել: Այս խաղացողն էլ Գեւորգի պես առանձնանում է իր աշխատասիրությամբ, անընդհատ վազքի ու պայքարի մեջ է: Երեկ նա 3 գոլ խփեց, բայց երկուսի դեպքում գտնվում էր խաղից դուրս, մեկ անգամ էլ դարպասպահին դիպչելուց հետո գնդակը ուղղահայաց դարպասաձողից դուրս եկավ անկյունային: Մեկ այլ դեպքում էլ մեր կենտրոնական գրոհայինը շրջադարձ հրաշալի հարված կատարեց, բայց գնդակը բարձր ընթացավ: Կարապետյանը հարձակվողին անհրաժեշտ ճարպկություն եւ հոտառություն ունի, կարողանում է բաց տարածություններ գտնել, մանեւրել, պարզապես երեկ հաճախ էր խաղից դուրս հայտնվում, ինչը հիմնականում այն պատճառով էր, որ խաղընկերներն ուշացնում էին վճռական փոխանցումը մի փոքր շուտ կատարել: Ինչ վերաբերում է Տիգրան Բարսեղյանին, ապա Ղազախստան տեղափոխվելուց հետո այս հարձակվողը դրականորեն փոխվել է՝ կոմբինացիոն գործողությունները, ձախ ոտքով գրագետ, երբեմն նաեւ ուժեղ ու հեռահար հարվածները բարձրացրել են նրա ՕԳԳ-ն: Ավելացված ժամանակի առաջին րոպեին Էդգար Բաբայանի փոխանցումից հետո Բարսեղյանի այդպիսի գրագետ հարվածից հետո հաշիվը դարձավ 3-0, ինչը միանգամայն համապատասխանում էր խաղի ընթացքին (սա Տիգրանի 3-րդ գոլն էր հավաքականում): Ավելին՝ մեր թիմը կարող էր հաղթել ավելի խոշոր հաշվով:    

Մերոնք կարող էին գոլ խփել առնվազն եւս 3 անգամ, սակայն գնդակը դիպավ դարպասաձողին. մեկը՝ Կարապետյանի, մյուս երկուսը՝ Մխիթարյանի փորձերից հետո: Արդարության համար ասենք, որ բոլոր դեպքերում էլ գնդակը դիպավ մրցակցի խաղացողներին, ապա նոր դարպասաձողին, այսինքն՝ առանց այդ դիմադրության գոլերն անխուսափելի կլինեին:

Լիխտենշտայնի հետ երեւանյան երկու հանդիպումներում Հենոն 4 հիանալի առիթ է ձեռքից բաց թողել. նախորդ խաղում էլ, որում մերոնք դժվարությամբ հաղթեցին 2-1, մեր ավագը նախ չկարողացավ իրացնել 11-մ հարվածը, որը հետ մղեց դարպասապահ Բյուխելը, ապա գլխով հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:  

Նորեկներից Պետրոս Ավետիսյանը, որն իր երկրորդ հանդիպումն անցկացրեց ազգային թիմում, վատ հանդես չեկավ, չնայած Գյուլբուդաղյանցը խաղից հետո նշեց, որ 23-ամյա ֆուտբոլիստն ավելի լավ կարող է խաղալ: Հավաքականում չորրորդ անգամ դաշտ դուրս եկած 24-ամյա Էդգար Բաբայանը դարձավ երրորդ գոլի համահեղինակ իր համառության ու ճարպկության շնորհիվ՝ գնդակը փախցնելով մրցակցից ու գրոհի նետելով Բարսեղյանին:

Քանի որ առաջին կեսում մեր ընտրանին բավականին մեծ էներգիա ծախսեց, երկրորդում սպասելի էր խաղային որոշակի անկումը: Բայց այս հանդիպումն արդեն անցյալում է, ու հիմա ամենակարեւորը վերականգնվելն է, ինչի մասին նշել է նաեւ գլխավոր մարզիչը: Հունիսի 11-ին մերոնց դժվար խաղ է սպասվում Աթենքում, որտեղ երեկ հույները 0-3 զիջել են խմբի առաջատար իտալացիներին: Բավականին հաջող են ելույթ ունենում ֆինները, որոնք տանը 2-0 հաղթեցին բոսնիացիներին:

Ամսի 11-ին Հունաստան-Հայաստան խաղին զուգահեռ կկայանան Լիխտենշտայն-Ֆինլանդիա, Իտալիա-Բոսնիա եւ Հերցեգովինա հանդիպումները:          

Լուսանկարները՝ ՀՖՖ-ի  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter