
Աբովյանը կշարունակի ղեկավարել Վահագն Գևորգյանը. նա ՔՊ-ի թեկնածուին հաղթել է 395 ձայնով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ Աբովյանի քաղաքապետ է վերընտրվել գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը։ Նրա օգտին քվեարկել է 8 453 աբովյանցի։ Գևորգյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանին հաղթել է 395 ձայնով։
Գևորգյանն արդեն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է հաղթանակի մասին. «Սիրելի աբովյանցիներ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ։ Շնորհակալ եմ ընկերներիս, մեր թիմից, մեր ընտանիքներից։ Հաղթանակ!!! Շնորհավորում եմ ընկերության միջազգային օրը»,- նման գրառում է կատարել քաղաքապետը։
Ըստ ԿԸՀ տվյալների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանը ստացել է 8 058 քվե, Սասուն Գրիգորյանը՝ 731 Արթուր Ղազարյանը՝ 139, իսկ Մանուկ Մկրտչյանը՝ 435 քվե։
Նշենք, որ Աբովյանում ընտրելու իրավունք ունեցող 44 519 քաղաքացուց ընտրության է գնացել 18 175-ը:
Այստեղ առաջադրված էր համայնքի ղեկավարի հինգ թեկնածու։ Թեժ պայքարն ընթանում էր 2015 թվականից Աբովյանը ղեկավարող Վահագն Գևորգյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Կոտայքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գրիգոր Գուլյանի միջև։
Աբովյանում կայացած ընտրությունը կարելի է համարել այսօրվա ընտրությունների ամենալարված նախընտրական և ընտրական պայքարը։ Այսօր անգամ պատգամավորներ են մեկնել Աբովյան՝ հետևելու ընտրական գործընթացին։ Իսկ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը շրջել է քաղաքի ընտրատեղամասերում և դրանցից մեկում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանձնաժողովի անդամի մոտ հայտնաբերել հեռախոսահամարներով ցուցակ և ընտրողների անուն-ազգանուններ։
Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին անցկացվում հանրապետության 23 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 9-ում՝ արտահերթ: Այդ համայնքներից 12-ում ընթանում են համայնքի ղեկավարի, 8 համայնքում` ավագանու անդամի, իսկ 3-ում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Մեկնաբանել