
Հանրապետության նախագահի աշխատակազմը խնայողություններից առաջացած 338 միլիոն դրամը վերադարձրել է պետբյուջե
Հանրապետության նախագահի աշխատակազմը 2018 թվականի պետական բյուջեով տնտեսել և պետբյուջե է վերադարձրել 338 միլիոն 670 հազար դրամ: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը։
Նրա խոսքով՝ նախագահի աշխատակազմի նախորդ տարվա բյուջեի ճշտված պլանը կազմել է 2 միլիարդ 38 միլիոն 937 հազար դրամ, որից փաստացի ծախսվել է 1 միլիարդ 700 միլիոն 267 հազար դրամ։
Տնտեսումները հիմնականում կազմել են «աշխատողների աշխատավարձեր և հավելավճար» հոդվածով։
«Այդ հոդվածով տնտեսվել է 194 միլիոն դրամ, էներգետիկ, կոմունալ և կապի ծախսերով տնտեսվել է 28 միլիոն դրամ, արտասահմանյան գործուղումների մասով՝ 43 միլիոն դրամ, գրասենյակային, տրանսպորտային ծախսեր՝ 12 միլիոն դրամ, սարքավորումների ընթացիկ նորոգում՝ 6 միլիոն դրամ, այլ ծախսերի գծով՝ 16 միլիոն դրամ»,- ասաց Տարասյանը։
Հաշվետու տարում հանրապետության նախագահը վավերացրել է խորհրդարանի ընդունած 523 օրենքներ, կառավարության առաջարկով 47 միջազգային պայմանագիր է կնքվել, յոթ բարձրագույն դիվանագիտական և դասային աստիճան է շնորհվել, վեց բարձրագույն զինվորական կոչում։
Էմիլ Տարասյանը հիշեցրեց, որ նախագահն ունի աջակցությունների ֆոնդ, որով աջակցություններ են տրվում հիմնականում կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական ծրագրերին։
«Նախագահի նստավայրում Ամանորին նվիրված ավանդական միջոցառումները փոխարինվել են սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքին, մանկատանը և բանակին օգնություն տրամադրելով»,- ասաց Տարասյանը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հետաքրքրվեց, թե արդյոք երկրի կառավարման մոդելի փոփոխությունից հետո նախագահի աշխատակազմը կրճատվե՞լ է, և արդյոք տնտեսումները դրա պատճառո՞վ են եղել։
Տարասյանն արձագանքեց, որ նախկինում նախագահի աշխատակազմն ուներ 300 աշխատակից, բայց քանի որ այժմ նախագահի աշխատակազմում չկան ՊՈԱԿ-ներ և այլ ստորաբաժանումներ, աշխատակազմն օրենքով սահմանվել է 155, որի հիմնական մասը համալրված է։
«Խնայողություններն արվել են թափուրների հաշվին: Ապրիլից է գործում նախագահի աշխատակազմը, բայց թափուրներից առաջացած գումարները ոչ թե նախորդ աշխատակազմի թափուրների գումարն էր, այլ մեր աշխատակազմից, որը համալրման փուլում էր, և մինչև տարվա վերջ ունեինք թափուր պաշտոններ։ Մենք դա ուղղեցինք ոչ թե պարգևատրմանը, այլ հետ վերադարձրինք պետական բյուջե»,- ասաց հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը։
Մեկնաբանել