
Համայնքի ղեկավարի կինը, առանց բարձրագույն կրթության, մանկապարտեզի տնօրեն է աշխատել
Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի ղեկավար Սարգիս Մարգարյանի կինը՝ Լուսիա Ասատրյանը, մոտ 11 տարի աշխատել է մանկապարտեզի տնօրենի պաշտոնում՝ չունենալով բարձրագույն կրթություն:
«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի համաձայն՝ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն կրթություն, ինչպես նաև վերջին 10 տարվա ընթացքում առնվազն երկու տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Լեռնագոգի համայնքապետ Սարգիս Մարգարյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ կինը բուհ-ից դուրս է մնացել 5-րդ կուրսի առաջին կիսամյակից՝ երեխաների պատճառով: Իսկ երբ նշանակվել է տնօրենի պաշտոնում, այդ ժամանակ բարձրագույն կրթության պահանջ չկար: Հետագայում, երբ օրենսդիրն ամրագրել է այդ պահանջը, և եղել է կրթության և գիտության նախարարի հրամանը՝ պարտադիր բարձրագույն կրթության պահանջով, կինը մոտ 4 տարվա աշխատող է եղել և պարբերաբար մասնակցել է վերապատրաստման դասընթացներին:
«Մանկապարտեզի տնօրենի պաշտոնից ազատվելու դիմում է գրել և աշխատանքից ազատվել է»,- ասաց Ս. Մարգարյանը: Ըստ նրա՝ նախկինում և՛ վերահսկիչ պալատը, և՛ մարզպետարանը ստուգումներ իրականացրել են համայնքում և այդ փաստը խախտում չեն համարել:
Նշենք, որ համայնքապետարանում աշխատել է նաև համայնքապետի որդին՝ Տիգրան Մարգարյանը: Վերջինս եղել է առաջատար մասնագետ: Առաջատար մասնագետի պաշտոնային դրույքաչափը եղել է 193 000 դրամ:
«Ինչ ա, իրավունք չունի՞ աշխատելու: Նա էլ է աշխատանքից ազատվել՝ սեփական դիմումի համաձայն: Տեղափոխվել է այլ աշխատանքի»,- հավելեց համայնքապետը:
Տեղեկացնենք, որ մարզպետի որոշմամբ՝ Լեռնագոգի համայնքապետարանում այս տարի իրականացվել է իրավական և մասնագիտական ստուգում: Տնօրենի բարձրագույն կրթություն չունենալը նշվել է որպես օրենքի պահանջների խախտում և համայնքապետին առաջարկվել է մանկապարտեզի տնօրենի պահանջներին բավարարող մասնագետ: Սակայն ստուգող մարմինը «չի նկատել», որ տնօրենի պաշտոն զբաղեցնողը եղել է համայնքապետի կինը և համայնքապետն ակնհայտ շահագրգռվածություն ուներ տարիներ շարունակ նրան այդ պաշտոնում պահելու հարցում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել