HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Թանդիլյանը հետաքրքրվեց՝ ԱԺ նախագահի սենյակի մոտ ինչո՞ւ է անվտանգության նոր համակարգի կարիք առաջացել

Ազգային ժողովի աշխատակազմի 2018 թվականի փաստացի ծախսը կազմել է 4 միլիարդ 496  միլիոն 511 հազար դրամ։

Այս մասին 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը։

Վերջինս հիշեցրեց, որ խորհրդարանի այս աշխատակազմը միայն տվյալներ արձանագրող է, իրենք նախորդ տարվա բյուջեն իրականացնողները չեն։

«Երկրում իրականացված թավշյա հեղափոխության և արտահերթ խորհրդարանական ընտրություններով պայմանավորված՝ մի շարք միջոցառումներ, ընդունելություններ չեն կայացել»,- ասաց Գալստյանը՝ հավելելով, որ այդ ամենի արդյունքում խնայողություններ են առաջացել։

Նախորդ տարվա մայիսից պատգամավորների և հետևաբար նաև նրանց թվի կրճատմամբ պայմանավորված ԱԺ աշխատակազմը 810-ից դարձել է 732 հաստիք։

«33 միլիոն դրամով նվազել են էներգետիկ վճարումները՝ պայմանավորված բարենապաստ եղանակով և էներգախնայողական միջոցառումներով, գործուղումների համար նախատեսված գումարը նվազել է 7,24 տոկոսով։ 55,12 տոկոսով ավելացել են վարչական ծառայությունների գծով ծախսերը»,- ասաց Գալստյանը։

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց, թե արդյոք նախորդ տարվա նախատեսված և չիրականացված միջոցառումների տեղի չունենալու ազդեցությունը գնահատվե՞լ է, և արդյոք նախատեսվել է հաջորդ տարի դրանց լինել-լինելու արդյունավետությունը։ Թանդիլյանը հիշեցրեց, որ Կառավարության պահուստային ֆոնդից 183 միլիոն դրամ է հատկացվել խորհրդարանին՝ ԱԺ նախագահի օտարերկրյա գործուղումների համար և հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է լրացուցիչ գումարի անհրաժեշտություն առաջացել:

Ինչպես նաև անդրադարձավ ԱԺ նախագահի սենյակի մուտքի մոտ տեղադրվելիք անվտանգության համակարգերի մասին՝ հարցնելով, թե ինչ վտանգներ են առաջացել, որ նման միջոցների կարիք կա։

Տիգրան Գալստյանն արձագանքեց, որ չկայացած միջոցառումների վերաբերյալ չի կարող գնահատականներ հնչեցնել՝ նման քաղաքական իրավիճակում դրանք անհրաժեշտ էին, թե ոչ։

«Բայց կարող եմ ասել, որ բազմաթիվ գործուղումներ վերապլանավորվել են այս տարի և դրանից ելնելով՝ գործուղումների նոր պլանավորում է իրականացվել, և ընդհանուր աճ է գրանցվել թե՛ պատգամավորների գործողումների, թե՛ ԱԺ նախագահի։

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի անվտանգության ապահովման խնդրին, Գալստյանն ասաց, որ ոչ թե խնդիր է առաջացել, այլ նախագահի մոտ նպատակ կար ունենալ մեկ մագնիսական կամար, որը կարձանագրեր մետաղյա իրերը։

«Եթե հաշվի առնենք, որ վարչապետի մոտ էլ է տեղադրված նմանատիպ սարք…և անվտանգության խնդիրը գոյություն ունեցող ստանդարտներին համապատասխանեցնելն է»,- ասաց նա՝ հավելելով նաև, որ Պետական պահպանության ծառայությունից նման առաջարկ է հնչել։

Մանե Թանդիլյանն ասաց, որ պատասխանից ակնհայտ էր՝ ոչ թե նման համակարգի անհրաժեշտություն է եղել, այլ այն տեղադրվելու է, քանի որ վարչապետի մոտ ևս կա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter