HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատ չի նշանակում արդար

Աբովյանի համայնքապետի ընտրություններում հաղթեց Ծառուկյանի աջակցությունը վայելող անկուսակցական թեկնածուն։ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի պարտության մասին շատերը ասում են, որ կարևորը ազատ ընտրություններն էին. նման բան նախկինում հնարավոր չէր, սխալների վրա էլ կսովորեն, կանցնի, կգնա։ Չեմ մտածում, որ կանցնի կգնա, այսպես, առանց հետևանքների։

Փաշինյանը մեկնաբանեց պարտությունը այսպես.

«Մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական կուսակցության թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ՝ պարտվենՀայաստանի Հանրապետությունը ևս մեկ անգամ այս ընտրություններով արձանագրեց, որ ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիներն իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունները, և իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուների հաղթանակին հասնելու համար, Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ժողովրդի իշխանությունը»։

Ես կարծում էի, որ ազատ ընտրությունների ու արդար ընտրությունների միջև տարբերությունը ակնհայտ է, նաև պետք է ակնհայտ լիներ այն, որ ազատ ընտրություններ դեռ չի նշանակում արդար ընտրություններ։

Ու ընդհանրապես, ազատությունն առանց արդարության փուչ բան է։

Քաղաքական դիլետանտություն է մեղքը բարդել մարդկանց վրա, ովքեր քվեարկել են Վահագն Գևորգյանի օգտին՝ ասելով, թե շահ են ունեցել կամ տեր չեն կանգնում հեղափոխությանը, ու որ հեղափոխությունը Աբովյան չի հասել։ Իսկ «նախկին» օլիգարխ Սամվել Ալեքսանյանի ու նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ Ապարանում մայիսի 28-ը տոնող փոխվարչապետ Ավինյանին հասե՞լ է հեղափոխությունը։

Եկեք մտածենք՝ արդյոք արդա՞ր է, որ մարդիկ շարունակում են գտնվել այն իրավիճակում, երբ ԲՀԿ-ի հովանավորյալի օգտին քվեարկելն ավելի ձեռնտու է։ Աբովյանում հասարակությունը այնքան է կապված Ծառուկյանի կապիտալի հետ՝ և՛ տնտեսապես, և՛ անձնական կապերով, որ անդեմ իմքայլական թեկնածուն, ուղղակի լինելով իմքայլական, չէր կարողանալու որևէ բան անել, առավել ևս հաղթել։ Նույնիսկ Փաշինյանի Աբովյան այցից հետո, նույնիսկ իմքայլական պատգամավորների այցից հետո, նույնիսկ ահազանգող մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ջանքերից հետո։

Այս ընտրությունների նպատակն էր հաղթել կապիտալին, թափ տալ դրա ազդեցությունն ու ազատել Աբովյանը, բայց կապիտալն այսքան հեշտ չի հանձնվում, հիմնականում դրան չեն հուզում քաղաքական գործիչների վարկանիշն ու ճառերը, քանի որ այն ուղղակիորեն կապ ունի ու վերահսկում է մարդկանց ամենօրյա կյանքը։ Հեղափոխության արդյունքում պետության ղեկին հայտնված ուժը ի՞նչ է անելու, որ մարդկանց ազատի տեղի ֆեոդալների այդքան հմտորեն գործած սարդոստայնից։

Տրամաբանական կլինի պնդել, որ հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանությունը պետք է արդարությունը վերականգի, տարածի, տանի, հասցնի քաղաքական և հասարակական կյանքի բոլոր հասանելի ու անհասանելի տեղերը։ Պետք է մարդկանց առօրյան ու կենցաղը ազատագրել, պետք է կենսապայմաններն ազատագրել, պետք է սկսել սրանից։ Ու եթե ստացվի, միտքը կազատագրվի ու վառ կմնա։

Փոխարենը սկսում են մտքից, ասում են՝ «միտքդ վա՛ռ պահիր»։ Փաշինյանի -իզմը (նեոլիբերալիզմն է, իսկ դրա խնդիրն այն է, որ ամեն ինչ սկսվում է մտքից. աղքատությունը՝ մտքում, փոփոխությունը՝ մտքում, հեղափոխությունը՝ մտքում, փոխվիր, որ փոխես։ Իսկ ու՞ր է իրական ու բարդ աշխարհը, ի՞նչ պայմաններ կան միտքը վառ պահելու համար, դրանք ընդհանրապես կա՞ն։ Անցած տարի ժողովուրդը դուրս թափվեց ու հեղափոխություն արեց ոչ թե նրա համար, որ միտքն այնքան պայծառ ու վառ էր, որ ստիպեց փողոց փակել ու մերժել հներին, այլ նրա համար, որ առօրյան դարձել էր անտանելի ու արդարությունն անտեսանելի, ելք չկար, կյանքը դաժան էր ու անհույս։

Աբովյանում կայացած ընտրությունները ցույց են տալիս, որ ժողովրդական հեղափոխությունը չի կարող նման ընթացք ստանալ, չի կարող համահարթ եկամտահարկ ունենալ, չի կարող նման տնտեսական դոկտրին ունենալ, չի կարող նման հռետորաբանություն ունենալ։ Քանի դեռ այս ամենը կա, Աբովյանի ընտրությունների պես պարտությունները կրկնվելու են ավելի հաճախ։

Մեկնաբանություններ (2)

Preston Bagrationi
Here are my two cents on this article. Pashinyan, who I supported 100%, has lost touch with the people. Now that he tasted "power," he basically disconnected himself from the people. One year in his premiership and Pashinyan has done absolutely NOTHING for the common people in Armenia. The poor are grumbling, and some even cursing Pashinyan for lying bold-faced to his supporters. The other issue is wasting what little money Armenia has on prosecuting and persecuting the former corrupt officials. Adding insult to injury, he has decided to send his wife on a 15 country charming and shopping sprees. Yet, and as always, we the people are left behind picking up his dirty laundry. He has to do the job he was elected for, sadly NOTHING has been done yet.
Sonya Merian
Thank you for this very insightful exposée. I do agree that the citizens’ needs are not theoretical; they are real and must viewed and dealt with accordingly.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter