HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Գագիկ Խաչատրյանին և Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել: ՀՔԾ-ի մեր աղբյուրը փոխանցեց, որ քրեական գործը վերաբերում է պետական սուբսիդավորման ծրագրով գյուղացիներին մատչելի գներով տրամադրված պարարտանյութերի գործընթացին: Քրեական գործի նախաքննության ընթացքում, աղբյուրի փոխանցմամբ, պետությանը պատճառված էական վնասի փոխհատուցման բեռն իր վրա է վերցրել Գագիկ Խաչատրյանը, այդ թվում՝ Սերգո Կարապետյանի համար վճարվելիք գումարների պարտավորությունը: Պետությանը պատճառված վնասը գնահատվում է մոտ 1 միլիարդ դրամ, որի մեծ մասն արդեն վերականգնվել է:

Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ տեղեկությունը չի մեկնաբանում: Այսօր Ազգային ժողովում Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործի առկայության մասին լրագրողների հարցին ի պատասխան՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասել է, որ չի մեկնաբանում այդ լուրը:

Նախորդ տարի Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ստացվել էր 9 քրեական գործ՝ Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերի իրականացման շրջանակներում մարզի տարբեր համայնքների հողօգտագործողներին պարարտանյութերի բաշխման գործընթացում արձանագրված տարաբնույթ չարաշահումների վերաբերյալ։

«Փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից, առանց մրցույթ կազմակերպելու, 2013-2016թթ. ազոտական պարարտանյութի ներկրման գործառույթը տրվել է «Բերրիություն ԱՄ» Մասիսի շրջանային միավորում», իսկ 2014-2016թթ. ֆոսֆորական ու կալիումական պարարտանյութերի ներմուծման գործառույթը՝ «Հրաշք այգի» ՍՊ ընկերություններին։ Վերջիններս, ամեն տարի ստանալով մենաշնորհային դիրք, պետական անտոկոս վարկի, պետական սուբսիդիայի և դրամաշնորհի հաշվին զբաղվել են հիշյալ ծրագրերի իրականացմամբ»,- ասվում էր Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ (2)

Գրիգոր
Իսկ ջրարբիացման համակարգերի ծրագրերի հետ կապված հարցեր չունեն Սերգոին, կամ Գագիկին` ՊԵԿ-Դիլիջանի «ուսումնական կենտրոնի» շինարարության հետ կապված, թե «Սահակյանշին» ի վզով մնաց, ի դեպ ինչ կա՞ այդ գործից Հետք ջան, մի լուսաբանեք իմանանք էլի...
Սուրեն
Իսկ գյուղացիներին սուբսիդավորումով տրամադրված դիզվառելիքի վերաբերյալ քրեական գործ չի բացվելու՞:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter