
Դատարանը դռնբաց քննում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցը. նա նիստին չի բերվել
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, այս պահին քննում է Գրիգորյանի կալանքը չփոփոխելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը: Մանվել Գրիգորյանը դատարան չի բերվել:
Այս գործով մեկ դատական նիստ անցկացվել է դռնփակ՝ չնայած այն հանգամանքին, որ Գրիգորյանի խափանման միջոցի հարցն առաջին ատյանի դատարանում դռնբաց է քննվել:
Լրագրողներն այսօր հարցրին, թե ինչու է նիստը նման պայմաններում՝ դռնփակ, քիչ անց դատական կարգադրիչները հայտնեցին, որ ԶԼՄ ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել նիստին:
Երբ լրագրողները մտան նիստերի դահլիճ, Գրիգորյանի պաշտպաններն արդեն, ըստ էության, ավարտել էին Գրիգորյանի կալանքի դեմ իրենց բողոքները: Թե ինչ հիմնավորումներ են նշել նրանք, մեզ հայտնի չէ: Պաշտպան Գուրգեն Գրիգորյանը դատարանին միջնորդեց գրավ կիրառել Մանվել Գրիգորյանի նկատմամբ՝ սահմանելով դրա համար ողջամիտ չափ:
Այս պահին բողոքի դեմ առարկություններն է ներկայացնում մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը: Վերջինս, անդրադառնալով Գրիգորյանի հիվանդություններին, նշեց, որ նրա ուռուցքային հիվանդությունը համարվում է լավացած, մյուս հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ: Դոլմազյանն ասաց նաև, որ Գրիգորյանի վիճակը վատացել է, քանի որ վերջինս չի ընդունել շաքարային դիաբետի համար նրան տրվող ինսուլինը: Մեղադրողն առարկեց նաև գրավի դեմ:
Նշենք, որ այսօր նախատեսված է նաև Գրիգորյանի և վերջինիս կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով բուն դատական նիստը, որին Գրիգորյանն, ամենայն հավանականությամբ, չի բերվի, քանի որ գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ հունիսի 3–ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել էին «Երևան–Կենտրոն» ՔԿՀ, այնուհետև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Հունիսի 6–ին նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, և տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, խոշոր չափի՝ շուրջ 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 միլիարդ դրամ վատնելու, շորթման, 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:
Մեկնաբանել