HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Ջավախյան

Այսպես խոսեց Կիկոսը

Կյանքում ամենաանհավատալին մահն է: Դրա համար էլ մարդիկ հավատ են ստեղծել: Մենք՝ լոռեցիներս, քանի որ խորապես հավատացյալ չենք, հավատին կից Կիկոս ենք ստեղծել ու շատ դեպքերում նրան հավատացել: Կիկոսի մեջ հաշտ ու խաղաղ ապրում են կյանքն ու մահը: Թումանյանը նրա մեջ մահը տեսավ, ես էլ փորձում եմ կյանքը տեսնել...

Մաշնանց Ադամի անունը Կիկոս չէր, բայց իր դասախոսական դիրքին անհարիր, խոսք ու զրույցով Կիկոս էր ու Կիկոս: Մանկավարժական ինստիտուտում նա ուսանողներին նկարչություն էր դասավանդում, իսկ իր ազգ ու տակռուն՝ գունեղ պատմություններ, որոնք թեև իր գեղանկարչությունում պատկեր չէին դառնում, բայց փոխարենը առօրյա խոսք ու զրույցում վեր էին համբառնում իբրև աներևակայելի տեսիլքներ՝ եղելություններ, որոնք չէին եղել, կամ էլ կարող էին լինել, եթե, ուզեր Մաշնանց Ադամը: Ուրիշների պատմածին Ադամը չէր հավատում… Ասում էր՝ էդ ինչ պատմում եք, լրիվ սուտ ա, ստից էլ սուտ ա… Ասում էր՝ հմի ես իրական բան կպատմեմ՝ դուք լսեք… Այդ դեպքում, անհավատին էլ վիճակված էր դառնալ հավատացյալ:

-Կնոջս հետ,- ոգեշնչված պատմում էր Մաշնանց Ադամը,- իմ Զապարոժեցով Սևան էինք գնում: Հանգստյան օր էր, օրը անամպ էր, պարզ ու զուլալ, երկինքը կապույտ էր ու անտակ ամանի պես դատարկ: Մին էլ էն տենանք՝ հեռվում մի բան ա էրևում: Սկզբում պուճուր կետ էր, հետո էկավ, էկավ ձևավորվեց ու ինչ-որ բան դարձավ: Մեքենան կանգնեցրի, ասի, հլա տենանք՝ էս ինչ ա… Ոնց որ կարդոն լիներ… մի քիչ էլ որ մոտեցավ՝ շիֆերի նմանվեց…   Էկավ, էկավ, արդեն ֆաներկի մեծ կարոբկի էր նման… Ասինք, վերջը հլա տենանք՝ ի՞նչ ա լինելու… Էդ անտերը, մին էլ էկավ, էկավ ու շրմփալեն գեդնումը տվուց: Մի թոզ բռնեց, փոշու ամպ ու դուման… Որ էդ փոշին ցնդեց, մին էլ տենանք՝ ի՞նչ տենանք՝ կանաչ Մասկվիչ… Մոտիկացա, հլա տենամ՝ մեջին ո՞վ կա… Չորս տղամարդ էին, էրկուսը ջահել, մինը՝ անթրաշ, էն մինն էլ կարմրած էրեսով էր ու, փոշուց էր, թե արեգնակի ծակող լսից՝ աչքերն անընդհատ ճպճպացնում էր: Էն անթրաշի ձեռին մի հանգած պապիրոս կար… Կրակ էր ուզում: Լուցկին բերի պապիրոսը կպցրի, ծուխը քաշեց, ոնց որ խելքը գլուխն էկավ: Ասավ, էս որտե՞ղ ենք… Ասի, Հրազդանի մոտ: Ասավ, մենք էստեղ ի՞նչ ենք անում… Ասի, դուք կիմանաք: Ասավ, Քավառից գնում էինք Սարուխան, քամի բռնեց, քամի մի ասի՝ ձագարաձև մի հուժկու փոթորիկ: Էդ հողմը մեզ պտտեց, պտտեց ու օդ բարձրացրեց… Ինձ չկորցրի, ռույլը ղաիմ բռնել էի: Էթենց էլ ճամփա ընկանք, թե ու՞ր, գլխի չէինք… Աչքերս չռած լսում էի… Երևի դուք էլ չհավատաք…  Բայց իմ աչքով եմ տեսել, ականջովս լսել… Հիմի, որպես ապացույց, մի բան պատմեմ, հլա տենամ ո՞նց չեք հավատա…  Էն օրը Կոմիտասի շուկայում կարտոշկա էի առնում: Մին էլ տենամ,  հեռվից մի մարդ ձեռով ա անում: Գնացի տենամ՝ ո՞վ ա… Ասավ, չես ճանաչու՞մ… Ցորնագույն դեմքով անթրաշ մարդ էր: Շլապկեն հանեց, ասավ, հլա լավ նայի… Ձեռի պապիրոսն էր պակաս… Ո՞նց չէր մտքովս անցել…  էն կանաչ Մասկվիչի շոֆերն էր…

Գրողին կարդալ է պետք, կարդալ ու հավատալ: Գրողն էլ գրող պիտի լինի, որ գրածը կարդացվի: Իմ անունը Ֆրանց Կաֆկա չէ, որ ուրիշի դղյակ մտնեմ ու հայտնվեմ փակուղում: Ես Թումանյանի հոգեզավակն եմ, իմ դղյակը Ավետանց Իգիթի տունն է, որտեղ Շնողնա շաշերով հավաքվում ենք մինչև ուշ իրիկուն: Մեր սեղանը ևս վերնատանն է: Ուտում, խմում ենք, ասում, խոսում ու կերածից շատ լսածով ապրում: Մեր զրույցը, սոսկ, Շնողնա մասին չէ և ոչ էլ անհեթեթ կյանքի, այլ կենդանի իրողությունների, որոնք հավաստի են և իրական ինչպես՝ Կիկոսի մահը, Սուտլիկ որսկանը, Բարիկենդանը… ու խելոք և իմաստուն՝ ինչպես Անխելք մարդը… Էդ օրը անհավատալի իրադարձություններ էին կատարվում: Պետնանց Եղլիշը եկած- չեկած՝ պատմում էր, թե փողոցում կայանած երկու Մերսեդեսի արանքով անցնելիս ոնց ա զմփցրել: Ասում էր, էնենց տռեցի, որ էրկուսի սիգնալիզացիան էլ միանգամից՝ միացավ… Դե, դա մինչև ընթրիքը: Պատկերացրեք, թե Իգոյի ճոխ սեղանից  օգտվելուց հետո (որ նրա հիմնական զբաղմունքն էր), պատահածին ի՞նչ էր սպասվում… Մինիմում, թնդանոթային համազարկ… Էն էլ ասեմ, որ մեր մեջ Եղլիշից եղլիշն էլ կար: Էն էլ ասավ, մի իրիգուն Բաբանց Գարոն կինոյից տուն ա գալիս, ըժում, տենում ա, սաղ քնած են: Լիսը վառում ա ու անկապ, մի դեղին տռաճուտ բաց թողնում: Հերը՝ Բաբանց Սամսոնը, գլուխը հլեբի տակից հանում ա ու տղուն թե՝ ա գյադա, լիսը խի՞ վառեցիր… Վախում էիր տեռիդ ոտը քարին դիպչի՞… Ճիշտն ասած, վերնատանն ուրիշ զրույցներ էլ էին լինում, որոնք ավելի քան հավասի էին: Թեկուզ և հենց Իգիթի հետ կապված: Մինչև Ըրիցանց Գառնիկը Իգիթի պատմությունը կաներ, ներս մտավ Սուսանը.

- Իգիթ,- ասաց,- ուզում եմ սև որձակը մորթեմ, Եղլիշն ասում ա, սպիտակը կնեղանա… Ձեռս սպիտակ որձակին եմ տանում, հմի էլ թե՝ սևը կնեղանա… Հմի գիդեմ ոչ՝ որը՞ ծերքին մորթեմ…

- Գլուխս ըշխատում չի,- Իգոն մատը քներակին դրեց,- գնա մի թոխլի մորթի, բի ուտենք, մինչև խելքներս տեղը գա…

Պատի խալիչին փակցված սև, նախշուն կոթով վրացական խանչալ կար: Սուսանը խանչալը խալիչից պոկեց ու աչքերն, արյունակալած, անհայտացավ: Մինչև թոխլին ժամանակը սուղ էր: Թոխլուց դենն էլ ժամանակը սահմանափակ էր: Այ՛, ուտել խմելու, խոսք ու զրույցի համար էր, որ ժամանակն անսահմանափակ էր: Ըրիցանց Գառնիկը բերանը բացել էր.

- Սրանից մի վաթսուն տարի եդը կըլներ,- նույն բերանով թոխլու խաշլամեն լմլմորում, նույն բերանով էլ պատմում էր,- գնացել էինք իմ բիձա Ռուբենի տուն, որ Իգոյիս հմա մի գորձ ճարի: Դե գիդեք, իմ բիձա Ռուբենը վախտին դատախազ ա եղել, էն ժամանակ, երբ հանրապետության դատախազը ընկեր Մեղավորյանն էր, իսկ Արդարադատության նախարարը՝ պարոն Ճշմարտյանը… Էրեխեք ջեն-, ասել էր Ռուբենը,- լավ կլեր էրեգ գայիք, համ խաշ կուտեիք, համ էլ Անդոն (խոսքը Հկկ առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի մասին է) ու գլխավոր դատախազը ըստի ին, միանգամից հարցը կլուծվեր: Ասավ, բայցևայնպես հեռախոսը պատրաստակամությամբ ձեռը վերցրեց.

- Ախճիկ ջեն, հլա Փիրուզենին ասա, թող պատասխանե:

- Արամ ջեն, Ռուբենն ա… Էս մեր Ավետանց Վահանի տղին, ըչկաբաց տղա յա, մի լավ գորձի պտի դնես…

- Ադա, տորգի դիրեկտոր կուզե՞ս…

- Չէ, քեռի Ռուբեն, կարալ չեմ, էդ ինձ հմա ծանդրը կլի:

Ռուբենը շարունակում էր պտտել հեռախոսի սկավառակը:

- Ախճիկ ջեն, աֆտոտրանսպորտի մինիստրութի՞նն ա, Ռուբեն ձյաձեն ա, մի Սարքիսովին միացրու…

- Բարով, Բապկեն ջեն, ես ներողութին եմ խնթրում, օթախս պուճուր ա, քե չկարացի խաշին կանչեմ, սրտիս դարդ ա, ամա Անդոնը ականդ հանեց…

- Վահանի տղա, գարաժի վարիչ կաշխատե՞ս…,- լսփողի բերանը ձեռով փակել՝ վիզը ձգել էր դեպի Իգոն:

- Չէ, քեռի Ռուբեն ես դեռ ըշխատանքի փորց չունիմ, վարիչը շատ կլի…

- Բա, ի՞նչ ես ուզում, տղա ջեն…,- զարմացավ  բիձա Ռուբենը:

- Էնենց գորձ, որ ժամանակ չխլե, կարենամ սովորելու հետ յոլա տանիմ…

- Ուրեմն, պտի մի քիչ ճամփա պհես…,- լսափողը, անհավես դրեց, բիձա Ռուբենը…

Թոխլին հայ հայա պրծնում էր: Սուսանը, վճռական, ներս մտավ:

- Իգիթ,-ասաց,- դե հմի ասա՝ ծերքին սպիտակ որձակը մորթե՞մ, թե՞ սևը:

Առավել վճռական էր Իգիթը: Արդեն ինչքան վախտ էր խաշլամա էր ուտում: Պտի որ խելքը գլուխն էկած լիներ:

- Սպիտակը,- ասաց:

- Բա որ սևը նեղանա՞…,- կարկամեց Սուսանը:

Սուսանը երևի նեղանալը չգիտեր, թե ո՞նց է լինում.

- Խեռի՛ս, թե չի նեղանա…,- գոռաց Իգիթը: Վերնատան օջորքը ցնցվում էր…

Էսպես, բարիդրացական պայմաններում շարունակվում էր ուտուշ խմուշը, նամանավանդ, որ դեռ հերթագրված աքաղաղներ կային: Շարունակվում էր նաև Իգիթի ընկեր Գառնիկի պատմությունը  բիձա Ռուբենի մասին: Թեև Իգիթի աշխատանքի հարցը չէր լուծվել, բայց  իր ժամանակին Ռուբենն էլ Իգիթից ոչ պակաս հարազատասեր ու հյուրընկալ էր և ամենևին չէր պատրաստվում թանկագին հյուրերին, առանց մի կտոր հացի, առանց պատշաճ հարգանքի ու պատվի բաց թողնել:

- Սուլթան,- կանչել էր կնոջը,- էս էրեխանց մինը հոքրիս թոռն ա, էն մինն էլ՝ մոքրի… Դե քի տենամ, ինչքան լավ բան կա՝ մեյդան հանի…

- Ի՞նչ բերեմ, Ռուբեն ջեն,- սիրալիր համաձայնվում էր կինը:

- Էն կխտարի բաստուրմիցը բի…

- Հո՜, ադա, բա էրեգ չկերա՞ք… Էս Ռուբենը սամսեն խելքը թռցրել ա…:

- Սուլթան ջեն, հիշու՞մ ես, որ 18 թվին կոմբջիջի անդամների հմա Սերգևլաձոր քշերով հաց տարանք:

- Հա՜, ո՞նց չեմ հիշում. Էն որ ձիու թամբից վեր էի ընգել, դու էլ ըհագին գնալուց յեդն էիր գլխի ընգել, որ քմակիդ կպած չեմ, մըքիչ քեփդ լավ էր:

- Սուլթան ջեն, զրիցը եդնա կանենք, ըրեխեքը սոված են, էն խշլամիցը մխելի բի…

- Ա՛, գլխամեռ, բա գիրագի օրը կատվին չտվի՞նք, ֆօտը բռնել էր…

- Սուլթան, սամսեն թարսվել ես հա, ես քու… հլա էն գինու ըշտոփը բի, տղերքը սօր դասերից ազատ են:

- Ադա, ըշտոփը որ բերեմ, խու խմելու՞ չեք, բա երեգ քու էն պյանից դիրեկտորի հետ ծռծոնքեցիք ո՞չ…

- Սուլթան ջեն, քե մեռնիմ, դե գոնե մեղրից բի, երեխեքը բերանները քաղցրացնեն…

- Ադա, էս երեխեքն էլ հենց կիմանան էլածը իրանցե պահում եմ, ինչքան քե էն բարեգամ, էնքան էլ ինձ, էլի: Բա տեհար ոչ, որ բիտոնը  երեգ քու աչկի ըղաքին լվացի…

Բայցցևանպես սոված չմնացին: Դեսից դենից Սուլթանը մի բան իրուց արավ… Ուտում էին, ուտում ու գոհանում հաց ու պանրով, խաշած կարտոֆիլով և Շնողնա սամավարով եփած մի բաժակ թեյով…

Խելքս Իգոյի վերնատան համար իմը չի: Ոտքս առանց գլխի էլ՝ գտնում է ճամփեն: Էս շաբաթ Ռուբենին հիշեցինք ու քննեցինք: Աստված գիտի, թե վաղը ինչ կլինի մեր բաժին խորակը: Օր առաջ ուզում եմ էնտեղ լինել: Կնիկս թե՝

- Էդ ու՞ր ես էթենց վռազում…

Թումանյանի աշխարհից եմ, Թումանյանի հանգի էլ պատասխան եմ տալիս.

- Մեր շաշերը հավաքվել են, գնամ տենամ՝ ի՞նչ են ասում…

Կիկոսը Կիկոսին ի՞նչ պիտի ասի, էն էլ քեֆի էն թեժ վախտին: Ով կյանքի հետ կենակցել է՝ կարող է և իգանալ՝ որդի ունենալ, գլխարկը՝ քոլոզ, հլա դեռ՝ անունն էլ Կիկոս… Վա՛յ, Կիկոս ջեն, վայ՛, վա՛յ… Ի՞նչ ես արել, դեռ ինչե՞ր պիտի անես՝ վեր պտի ընկնե՞ս, թե՞ բարձրանաս… Ասողը գիտի, մեկ էլ գրողը… Ամեն դեպքում, հետաքրքիր է. սա եղե՞լ է, թե՞ չի եղել, լինելու՞ է, թե՞ չի լինելու, չի լինելու՞, թե՞ կարա լինի… Ես մահվան վրա քար եմ նետում… Սոնա բաբոս ասում էր, ով չի մեռնելու, թող նա պարծենա… Ու ինքն էլ արդարանում էր՝ մեռնիլ տինք, բա ի՞նչ տինք անի, բա խու քարի խեչ չտի՞նք դառնա… Ձեռս տանում եմ քարին ու թղթի խաչ բարձրացնում՝ Կիկոսի խաչը… Կողերն ու երեսը գրովս զարդանախշում եմ: Ով էդ խաչին հավատում է, թող նա պարծենա…

Հ.Գ. Շնորհակալ եմ Սուրեն Հոբոսյանից, Սամվել Խալաթյանից և ողորմած Գառնիկ Շախկյանից, որոնց բանահավաքչությունից որոշ հատվածներ խիստ օգտակար եղան այս պատմվածքը գրելիս:

Երեկ արձակագիր Լեւոն Ջավախյանը արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին. գրականության ոլորտում հաղթող է ճանաչվել նրա «Ծնկան ծերին» ժողովածուն

Մեկնաբանություններ (1)

Սամվել Ավետիսյան
Շնորհավորում եմ Լևոն Ջավախյանին: Էս խառը ժամանակ, էս բարդ ժամանակ Լևոնը հիշում է իր Շնող գյուղը, աչքի տակով նայում վերնիսաժի անցուդարձին ու ծնկան ծերին իր պատմություններն է գրում: Դպրոցն ավարտելուց հետո գյուղից դուրս եկած ու քաղաքաբնակ դարձած իմ սերունդին, որի համար ամենաթանկը գյուղում թողած իր մանկությունն ու պատանեկությունն է, Լևոնը ոչ թե պատմվածքներ, այլ մտերիմ մարդու նամակներ է գրում: Կարդում ենք ու իմանում, թե Նանը, Զանը ոնց են...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter