
Դատապարտյալը Մանվել Գրիգորյանից 5 մլն դոլար է պահանջում. նա գրություն էր ուղարկել դատարան
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստին դատավոր Մնացական Մարտիրոսյանն ընթերցեց այսօր դատարան ներկայացված՝ «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալ Աշոտ Իսախանյանի գրությունը: Դատապարտյալը պնդում է, որ Գրիգորյանն իրեն խոշտանգել է:
Գրության մեջ մասնավորապես ասվում է.
«Հարգարժան դատարան, Մանվել Գրիգորյանի գործով հանդիսանում եմ տուժող, Գրիգորյանը ինձ 22 օր պահել է պադվալներում, խոշտանգել է ու սպառնացել: Հայտնում եմ, որ ես չեմ ստացել իմ մասով մեղադրական եզրակացությունը և չգիտեմ՝ ինչու դատակոչի ցուցակում չկամ: Հարգելի դատարան, խնդրում եմ ինձ ներգրավվել դատակոչի ենթակա անձ՝ տուժող: Խնդրում եմ որպես քաղհայց հօգուտ ինձ Մանվել Գրիգորյանից բռնագանձեք 5 միլիոն դոլարին համարժեք դրամ՝ ամբողջ կյանքս կործանելու համար»,- նշել է Իսախանյանը և ներկայացրել լուսանկարներ:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշեց, որ դատարանը պատրաստվում է գրավոր պատասխան ուղարկել դիմումատուին այն մասին, որ իր մասով դատարանում մեղադրանք չկա:
Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանն էլ նշեց, որ Իսախանյանը հաղորդում է ներկայացրել, և այդ մասով քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ Աշոտ Իսախանյանն այն անձն է, ում լուսանկարը՝ վզին երկաթյա շղթայով, հայտնվել էր համացանցում: Վերջինիս պնդմամբ՝ իրեն այդ վիճակում պահել է Մանվել Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101 232 917 դրամի գույք յուրացնելու, 1 228 176 342 դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 225 003 300 դրամ վատնելու և շորթմամբ 37 101 100 դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Նույն գործով մեղադրյալ է նաև Գրիգորյանի կինը՝ Նազիի Ամիրյանը: Վերջինս մեղադրվում է այն բանում, որ ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել տարբեր տեսակի հափշտակություններ։
Մեկնաբանել