
«Վահագն Հարությունյանը մինչ օրս թաքնվում է, մեր միջազգային գործընկերները տեղեկություն չեն տրամադրել». դատախազ
Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումն օրինական համարելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ նրա պաշտպան Միհրան Պողոսյանի բողոքի քննությունը: Դատախազ Պետրոս Պետրոսյանը ներկայացրեց բողոքի վերաբերյալ իր առարկությունները:
Անդրադառնալով պաշտպան Պողոսյանի հայտնած դիրքորոշմանը, թե վարույթն իրականացնող մարմինը քայլեր չի ձեռնարկել ստուգելու համար Վահագն Հարությունյանի՝ հիվանդանոցում գտնվելու, առհասարակ հիվանդ լինելու և այլ հանգամանքներ, հիշեցրեց, որ Հարությունյանը գտնվելիս չի եղել և չի գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում, և հարցրեց, թե ինչպես պետք է այլ երկրում Հայաստանի իրավապահները կատարեին վերը նշված գործողությունները:
Ըստ Պետրոս Պետրոսյանի՝ վարույթն իրականացնող մարմինն օբյեկտիվորեն հանգել է այն հետևության, որ Հարությունյանն իսկապես թաքնվել է: «Վահագն Հարությունյանը մինչ օրս թաքնվում է, մեր միջազգային գործընկերները տեղեկություն չեն տրամադրել նրա վերաբերյալ»,- հայտարարեց դատախազը:
Պետրոսյանը հիշեցրեց, որ շուրջ 8 ամիս հետախուզման մեջ գտնվող Հարությունյանը երկու անգամ լրատվամիջոցներով կարծիք է հայտնել իր վերաբերյալ կայացվող որոշումների և կատարվող քրեադատավարական ընթացակարգերի վերաբերյալ՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ հասանելի է լրատվամիջոցների, հետևաբար նաև իրավապահների համար, սակայն, ըստ դատախազի, նա երբևէ ուղիղ հարցերին չի պատասխանել, թե երբ է պատրաստվում վերադառնալ:
Ըստ Պետրոսյանի՝ պաշտպան Միհրան Պողոսյանի փաստարկն այն մասին, թե Հարությունյանի նկատմամբ կալանքի որոշումները բեկանվել են, բայց հետախուզումը չի դադարեցվել, նշեց, որ անձի գտնվելու վայրը պարզելու համար կարող է հետախուզում հայտարարվել նաև այն դեպքում, երբ նրա նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոց ընտրված չէ:
Պետրոսյանի խոաքով՝ հանգամանքը, որ անձը մինչ օրս իր քրեադատավարական պարտականությունը չի կատարել, օբյեկտիվ հիմք է՝ հանգելու հետևության, որ թաքնվում է: Դատական նիստն այսօր հետաձգվեց, հաջորդը հունիսի 25-ին է:
Մեկնաբանել