
Քոչարյանի պաշտպանը դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնեց. նիստը հետաձգվեց
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Քոչարյանի և մյուսների գործով դատախազության և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանին։
Պաշտպանի խոսքով՝ դատարանի աշխատակազմը չի մեկնաբանել, թե ինչպես են Մարտի 1-ին առնչվող բոլոր բողոքները մակագրվել նույն դատավորին՝ Դանիելյանին:
«Մինչ այժմ Քոչարյանի գործով բազմաթիվ բողոքներ են բերվել, և որևէ դեպք չի եղել, որ բողոքը քննի այնպիսի դատավոր, որին նույն գործով մեկ այլ բողոք է մակագրված եղել։ Կասկածելի է դատախազ Պետրոս Պետրոսյանի ներկայացրած բողոքները Ձեզ մակագրելը»,- ասաց Ալումյանը:
Ըստ պաշտպանի՝ Արմեն Դանիելյանն այն դատավորն է, ով, քիչ հավանական է, որ կհակադրվի Դատախազությանը:
Պաշտպաններ Կարեն Մեժլումյանն ու Միհրան Պողոսյանը հայտնեցին, որ իրենք գործի մակագրման գործընթացին, ինչպես նաև գործը վարույթ ընդունելու վերաբերյալ նյութերին ծանոթ չեն, ուստի խնդրեցին դիրքորոշում հայտնելու համար իրենց տրամադրել այդ նյութերը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը վերը նշված հիմքով միջնորդությանը չմիացավ, բայց հայտնեց, որ դատավորին ինքնաբացարկի ավելի լուրջ հիմքեր կան. Արմեն Դանիելյանը դատավոր է նշանակվել Ռոբերտ Քոչարյանի նախագահ եղած ժամանակ:
Քոչարյանը միացավ պաշտպանի ինքնաբացարկի միջնորդությանը:
«Այս գործով կան կասկածներ, և չափազանց կարևոր է, որ Դուք փարատեք դրանք՝ ինքնաբացարկ հայտնելով»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ առանց ինքնաբացարկի հնարավոր չէ փարատել դատավորի անաչառության վերաբերյալ կասկածները:
Ինքնաբացարկի միջնորդության դեմ դատախազներն առարկեցին՝ փաստելով, որ, ըստ էության, պաշտպանական կողմը խոսում է դատարանում գործերի մակագրման գործընթացին միջամտելու մասին, որը հանցագործություն է: Դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ եթե պաշտպանները նման տեղեկություններ ունեն, ապա պետք է համապատասխան ընթացակարգով հայտնեն իրավապահներին:
Դատարանն ինքնաբացարկի հարցը լուծելու համար խորհրդակցական սենյակ չհեռացավ՝ նկատի ունենալով, որ պաշտպաններին չէին տրամադրվել նրանց պահանջած նյութերը՝ դրանց ծանոթանալու և ինքնաբացարկի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար, ուստի նիստը հետաձգվեց մինչև հունիսի 14-ը:
Նշենք, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին, քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից Արցախի Հանրապետության նախկին եւ ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:
Մեկնաբանել