HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Պատմական հաղթանակ պատմական բարեկամի նկատմամբ

Հունաստանի հանդեպ 3-2 հաշվով արտագնա հաղթանակը կարելի է պատմական որակել այն պատճառով, որ մեր հավաքականը կարողացավ ոչ միայն փոխել հույների դեմ տհաճ վիճակագրությունը (մինչ այս հույները մեր թիմին հաղթել էին 3 անգամ, 1 անգամ էլ ոչ-ոքի էր գրանցվել), այլեւ դա արեց գեղեցիկ ոճով, արդյունավետ խաղով, եւ, որ շատ կարեւոր է, մրցակիցը մեզ կարգով գերազանցող թիմ էր (ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանը 106-րդն է, Հունաստանը՝ 43-րդը, բայց կարելի է վստահ լինել, որ վերջին երկու հաղթանակներից հետո մեր թիմը կառաջադիմի): Չմոռանանք նաեւ, որ Հունաստանը Եվրոպայի տիտղոսակիր այն քիչ թիմերից է, որոնց մերոնք կարողացել են հաղթել: Այս շարքին պետք է դասել նաեւ Դանիային ու Չեխիային:

Մեր ընտրանին մեկ անգամ չէ, որ դժգույն ելույթներից հետո, մրցակիցներից մեկի հանդեպ հաղթանակ տոնելով, հաջորդ խաղը եւս անցկացրել է վերելքով: Հոգեբանական տեսանկյունից Գյուլբուդաղյանցի թիմն առավելություն ուներ հույների նկատմամբ, որոնք 3 օր առաջ 0-3 հաշվով կրկին Աթենքում զիջել էին Իտալիային: Լիխտենշտայնի դեմ տարած հաղթանակից հետո հաջողությունը զարգացնելու ձգտումն ու ակտիվ ու պրեսինգով ֆուտբոլ խաղալու մարզիչների ցուցումները օգնեցին, որ մեր թիմն առաջին իսկ րոպեներից ոչ թե սեղմվի սեփական տուգանայինին՝ մտածելով ոչ-ոքիի մասին, այլ խաղա այնպես, ինչպես կարող է՝ օգտագործելով նաեւ մրցակցի թույլ կողմերը:

Կարապետյան-Ղազարյան-Բարսեղյան-Մխիթարյան գրոհային քառյակը ինչ-որ առումով հիշեցնում է «Եվրո-2012»-ի ու ԱԱ-2014-ի ընտրական փուլերում մեր առաջատարներին՝ Մովսիսյան-Մխիթարյան-Ղազարյան-Մարկոս-Արաս: 31-ամյա Ալեքսանդր Կարապետյանը շարունակում է հիացնել իր աշխատասիրությամբ, արագությամբ եւ տեխնիկայով: Ճիշտ է, երկրորդ կեսում Ալիկը հոգնածության պատճառով քիչ էր միանում թիմային պաշտպանությանը, ինչը հարուցեց նաեւ Մխիթարյանի դժգոհությունը, սակայն առաջին կեսում հատկապես մեր կենտրոնական հարձակվողն անընդհատ լարվածության մեջ էր պահում հույների թիկունքը: 8-րդ րոպեին Բարսեղյանի փոխանցումից հետո Կարապետյանը նետվեց առաջ, մեն-մենակ դուրս եկավ դարպասապահ Վլախոդիմոսի դեմ, ապակողմնորոշեց ու շրջանցեց նրան, ապա աջից շատ սուր անկյան տակ գնդակն ուղարկեց դեպի ցանցը: Մրցակցի երկու պաշտպանները չկարողացան կասեցնել այն՝ 0-1:

Գոլը Կարապետյանի բարձր վարպետության արդյունք էր: Սա Ալիկի 4-րդ գոլն էր ազգային թիմում անցկացրած 8 խաղում: Մովսիսյանից հետո նման արդյունավետ, ագրեսիվ հարձակվող մեզ շատ էր պետք: Ինչպես Լիխտենշտայնի հետ խաղում, այս անգամ էլ Կարապետյանը ժամանակ առ ժամանակ հայտնվում էր խաղից դուրս վիճակում, բայց նորից պիտի ասել, որ նրա հոտառությունը տեղն էր, ուղղակի ընկերներն էին հապաղում:

Իր բարձրության վրա էր նաեւ Ղազարյանը, որը նույնպես գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ ու ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Նրան փոխանցում կատարողը Կամո Հովհաննիսյանն էր, որը հույների կիսադաշտում փախցրեց գնդակն ու առանց հապաղելու փոխանցեց ձախ՝ Գեւորգին, վերջինս էլ խաբքի միջոցով պառկեցրեց հույների ավագ Սոկրատիսին ու գնդակն ուղարկեց Վլախոդիմոսի դարպասի հեռավոր անկյունը՝ 2-0:

Հավաքականում խփած իր 13 գոլով Գեւորգը զիջում է միայն Մովսիսյանին (14) ու Մխիթարյանին (27): Չնայած հատկապես երկրորդ կեսում զգացվում էր, որ երկու թիմերն էլ հոգնել են, ու մեկը մյուսի հետեւից ֆուտբոլիստները մկանային խնդիրներ էին ունենում, Գեւորգը մինչեւ փոխարինվելը կարողացավ մի լավ քայքայել մրցակցի նյարդերը, ինչի պատճառով նաեւ մի քանի անգամ նրան գետնին տապալեցին:

Տրամաբանական էր, որ երեւանյան նախորդ խաղում 4-3-3 սխեման կիրառելուց հետո Գյուլբուդաղյանցն անցել էր մեր թիմի համար ավանդական դարձած 4-2-3-1 տարբերակին. ի վերջո, Հունաստանը Լիխտենշտայն չէ: Այս անգամ պաշտպանության կենտրոնում Հարոյանի հետ խաղում էր Իշխանյանը, որը վստահ էր գործում սեփական տուգանայինում եզրերից եկող գնդակները հեռացնելիս: Ձախից ու աջից կրկին Հովհաննիսյանն ու Համբարձումյանն էին: Իր արագության հաշվին եզրային անցումներ կատարող Կամոն գլխացավանք էր նաեւ հույների համար: Ուրախացնում էր հատկապես այն, որ Հայաստանի հավաքականը պաշտպանվելիս խաղում էր մրցակցի «ոտքերի վրա», այսինքն՝ չէր թողնում, որ ազատ վարեն գնդակը, հարկ եղած դեպքում մեր հենակետայիններն ու պաշտպանները երկուսով էին պրեսինգի ենթարկում մրցակցի խաղացողին: Եվ այդ ամենն արդյունք էր տալիս: Պարզապես երկրորդ կեսում մերոնք, ինչպես երեւանյան խաղում, մի որոշ ժամանակ ձեռքից բաց թողեցին խաղի թելը. դա անկհայտ էր հատկապես առաջին պատասխան գնդակը բաց թողնելուց հետո, երբ հաշիվը պահելու համար Հայաստանի հավաքականը սեղմվեց թիկունքում, իսկ հույները բավականին մեծ ազատ տարածություններ ստացան: Գոլը չնայած պորտուգալական ծագումով Զեկան խփեց, այն առաջին հերթին Ֆորտունիսի վաստակն էր, որը շատ վտանգավոր էր հարձակման աջ եզրում: 54-րդ րոպեին մեր պաշտպանության ձախ թեւին տանջելուց հետո Ֆորտունիսը փոխանցում կատարեց կենտրոն՝ մի փոքր հետ, որտեղից Զեկան տուգանայինում հավաքված ֆուտբոլիստների արանքով գնդակն ուղարկեց ցանցը: Չնայած դարպասապահ Հայրապետյանը հասավ գնդակին, բայց, թերեւս, տեսադաշտը փակ լինելու եւ գնդակի ընթացքն ուշ տեսնելու պատճառով չկարողացավ հաջող շեղել կամ որսալ այն՝ 1-2:

Հայրապետյանի գործողություններում կրկին որոշակի հուզմունք, լարվածություն կար, ինչպես Լիխտենշտայնի դեմ հանդիպմանը, բայց Աթենքում, բարեբախտաբար, նա ավելի վստահ էր ու առնվազն 3-4 անգամ թիմին փրկեց վտանգավոր հարվածներից:

Խփած գոլից հետո ոգեւորված հույներն ավելացրին տեմպը՝ ստիպելով հայերին առաջին հերթին մտածել պաշտպանության մասին, սակայն նույնիսկ այս դեպքում մերոնք հակագրոհելու լավ հնարավորություններ ունեին: Խնդիրն ավելի շատ հոգնածությունն էր ու որոշ շտապողականությունը: Այս դեպքում լավագույն լուծումը փոփոխություններն էին, քանի որ Կառլեն Մկրտչյանն արդեն զգուշացվել էր, բայց շարունակում էր ծանրաբեռնված գործել հենակետայինի դիրքում. Գյուլբուդաղյանցը նրա փոխարեն դաշտ դուրս բերեց Ռումյան Հովսեփյանին, հոգնած Կարապետյանին էլ փոխարինեց Էդգար Բաբայանը:

Մերոնք հույներին կարողացան պատժել հերթական հակագրոհի ժամանակ, երբ 74-րդ րոպեին Մխիթարյանը հարվածի դուրս բերեց աջից գրոհող Բարսեղյանին, որի առաջին հարվածից հետո գնդակը հետ մղվեց ուղղահայաց դարպասաձողից ու բարեբախտաբար հետ եկավ կրկին Տիգրանի մոտ. երկրորդ հարվածը նպատակային էր՝ 1-3: Հույների պաշտպանությունն անզոր տեսք ուներ ու այս դրվագում ավելի շատ հանդիսատեսի դերում էր:

Հոգեբանական առավելությունը կրկին անցավ մերոնց կողմը, քանի որ գրեթե պարզ էր՝ սուր գործողություններով առանձնապես աչքի չընկնող, հոգեբանորեն ճնշված հույները նման խաղով չէին կարող 10-15 րոպեում երկու գոլ խփել ու միավոր կորզել: Մեր օգտին էր եւ այն, որ 75-րդ րոպեին փոխարինման մտած Սիոնիսը րոպեներ անց վնասվածք ստացավ, ու քանի որ Անգելոս Անաստասիադիսն այլեւս փոփոխություն անելու հնարավորություն չուներ, հանդիպման վերջին 10 րոպեն հույները խաղացին 10 հոգով:

Բայց վերջին հանդիպումներում, այդ թվում՝ Լիխտենշտայնի դեմ խաղում, շատ են եղել դրվագներ, երբ հայ ֆուտբոլիստներն ուղղակի «նվերներ» են մատուցել մրցակիցներին: Այդպես եղավ նաեւ այս անգամ, երբ մերոնք, չգիտես ինչու, չկասեցրին Ֆորտունիսի երկար անցումը կենտրոնով: Հույնը նախ անցավ Արտակ Գրիգորյանին, որը նույնիսկ դեղին քարտի գնով պարտավոր էր խախտել նրա հանդեպ կանոնները, բայց չարեց, Ֆորտունիսը մտավ տուգանային հրապարակ, Հարոյանն ու Համբարձումյանը նրան աքցանների մեջ չառան՝ թերեւս վախենալով հավանական 11-մետրանոցի նշանակումից: Մրցակցի խաղացողը մեն-մենակ դուրս եկավ Հայրապետյանի դեմ, շրջանցեց նրան ու դասագրքային գոլ խփեց՝ 2-3: Այս գոլը որոշակիորեն մթագնեց այն գրագետ խաղը, որը մինչ այդ պաշտպանությունում ցույց էր տալիս մեր ընտրանին: Բացի դրանից՝ հույների մեջ կրկին խաղը փրկելու հույս ծագեց, բայց փոխարենը մերոնք էին կարող խփել չորրորդ գոլը: Վլախոդիմոսը վերջին պահին կարողացավ շեղել իր դեմ միայնակ դուրս եկած Մխիթարյանի հարվածը, որը փորձեց գնդակը նետել դարպասապահի վրայով, իսկ անհաջող փորձից հետո նետվեց կրկնահարված կատարելու, սակայն օգնության հասած պաշտպանը չեզոքացրեց մեր ավագին:

Հայ-հունական հինգերորդ ֆուտբոլային դիմակայությունում մեր թիմը ոչ միայն կարողացավ առաջին գոլերը խփել Հունաստանին, այլեւ առաջին հաղթանակը տանել նրա նկատմամբ ու «Եվրո-2020»-ի ընտրական 10-րդ խմբում դուրս գալ 3-րդ տեղ: Երեկ խմբի առաջատար իտալացիները սեփական հարկի տակ 2-1 հաղթեցին բոսնիացիներին, իսկ ֆինները հյուրընկալվելիս 2-0 հաշվով առավելության հասան Լիխտենշտայնի նկատմամբ:

Հաջորդ հանդիպումները կկայանան սեպտեմբերի 5-ին եւ 8-ին: Ամսի 5-ին Հայաստանը կընդունի Իտալիային, իսկ երեք օր անց՝ Բոսնիա եւ Հերցեգովինային:  

Լուսանկարները՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter