
Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը մեկնարկեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ, քիչ առաջ մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով նախնական դատական նիստը:
Քոչարյանը 2018 թվականի սեպտեմբերի 17-ին դիմել է դատարան՝ զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջով:
Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է, որը վերաբերել է նաև Քոչարյանին:
Մասնավորապես, հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի վերաբերյալ:
Քոչարյանը զրպարտություն է համարում Փաշինյանի զրույցի հետևյալ հատվածը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:
Հայցվորը պահանջում է պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել վերը նշված արտահայտությունների համար:
Դատական նիստի մեկնարկից րոպեներ անց դատարանի շենքում լույսն անջատվեց, ապա քիչ անց էլեկտրականությունը նորից վերականգնվեց: Այդ պատճառով նիստը որոշ ժամանակով ընդմիջվեց, ապա նորից վերսկսվեց։
Մեկնաբանել