HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի գործի քննությունը սկսվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, քիչ առաջ մեկնարկեց կաշառք ստանալու մեջ մեղադրվող Գագիկ Հեբոյանի և կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Դանիելյանի գործով արտագնա դատական քննությունը:

Գագիկ Հեբոյանն ու Վահագն Դանիելյանն առարկեցին նիստի տեսանկարահանմանը, և դատարանը որոշեց նիստին ներկա լրատվամիջոցների ներկայացուցիչներին մասնակի թույլատրել տեսանկարահանումը: Դատարանի որոշմամբ լրատվամիջոցները կարող են տեսանկարահանում իրականացնել՝ չնկարահանելով պաշտպանական կողմի մասնակիցներին:

Հիշեցնենք, որ Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար 2019 թվականի մարտի 6-ին նրանից անձամբ պահանջել և 2019թ. մարտի 27-ին Փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Վահագն Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, խոչընդոտներ վերացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները թաքցնելու եղանակով օժանդակել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն:

Գործի նախաքննության ավարտի մասին հաղորդագրության մեջ Հատուկ քննչական ծառայությունը նշել էր, որ դատավորն ըստ մեղադրանքի քաղաքացուն 3.580.000 ՀՀ դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց պահանջել է 1.714.160 ՀՀ դրամին համարժեք 3500 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն սակարկելու արդյունքում Գագիկ Հեբոյանը քաղաքացու հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել հիշյալ գործողությունը կատարելու դիմաց 1.224.400 ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու վերաբերյալ:

«Խուսափելով կաշառքի առարկան անձամբ վերցնելուց և բացահայտվելուց` դատավորը դիմել է իր ծանոթ փաստաբանի` Վահագն Դանիելյանի օժանդակությանը. 2019թ. մարտի 27-ին հիշյալ քաղաքացին ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում 2500 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը տվել է փաստաբանին, ով նույն օրը այն փոխանցել է դատավորին»,- ասված է հաղորդագրության մեջ: Հեբոյանը ձերբակալվել էր մարտի 27-ին, դատախազը նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին, որը բավարարվել էր:

Դրանից հետո դատավորին մեղադրանք է առաջադրվել և նա դատարանի որոշմամբ կալանավորվել էր:

Այս պահին դատավոր Գագիկ Հեբոյանի լիազորությունները ԲԴԽ-ի որոշմամբ կասեցված են մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը:

Գագիկ Հեբոյանը գտնվում է կալանքի տակ, իսկ Վահագն Դանիելյանի նկատմամբ գրավ է կիրառվել:

Լուսանկարում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter