
Դատավորը Գագիկ Հեբոյանի և փաստաբան Վահագն Դանիելյանի գործով արտագնա նիստ է նշանակել Երևանի դատարանում
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի և փաստաբան Վահագն Դանիելյանի գործը Կատայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում չի քննվի: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում հունիսի 13-ին արտագնա դատական նիստ է նշանակել: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Նշենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 4 դատավոր՝ Հովհաննես Ավագյանը, Գեղամ Մարգարյանը, Վարդան Ստեփանյանը և Գոռ Շահբազյանը, ավելի վաղ ինքնաբացարկ էին հայտնել դատավոր Հեբոյանի վերաբերյալ գործով: Դրանից հետո Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը ժամանակավոր գործուղվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, և գործը մակագրվել է նրան:
Հիշեցնենք, որ Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար 2019 թվականի մարտի 6-ին նրանից անձամբ պահանջել և 2019թ. մարտի 27-ին փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:
Վահագն Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, խոչընդոտներ վերացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները թաքցնելու եղանակով օժանդակել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն:
Գործի նախաքննության ավարտի մասին հաղորդագրության մեջ Հատուկ քննչական ծառայությունը նշել էր, որ դատավորն, ըստ մեղադրանքի քաղաքացուն 3.580.000 ՀՀ դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց պահանջել է 1.714.160 ՀՀ դրամին համարժեք 3500 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն սակարկելու արդյունքում Գագիկ Հեբոյանը քաղաքացու հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել հիշյալ գործողությունը կատարելու դիմաց 1.224.400 ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու վերաբերյալ:
«Խուսափելով կաշառքի առարկան անձամբ վերցնելուց և բացահայտվելուց` դատավորը դիմել է իր ծանոթ փաստաբանի` Վահագն Դանիելյանի օժանդակությանը. 2019թ. մարտի 27-ին հիշյալ քաղաքացին ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում 2500 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը տվել է փաստաբանին, ով նույն օրը այն փոխանցել է դատավորին»,- ասված է հաղորդագրության մեջ: Հեբոյանը ձերբակալվել էր մարտի 27-ին, դատախազը նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին, որը բավարարվել էր:
Դրանից հետո դատավորին մեղադրանք է առաջադրվել և նա դատարանի որոշմամբ կալանավորվել էր:
Այս պահին դատավոր Գագիկ Հեբոյանի լիազորությունները ԲԴԽ-ի որոշմամբ կասեցված են մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը:
Լուսանկարում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը
Մեկնաբանել