HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Գագիկ Հեբոյանի պնդմամբ՝ Վարդաշեն ՔԿՀ-ից իրեն բռնությամբ են ներկայացրել դատարան. ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նրա  գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանին: Արմեն Նադիրյանի խոսքով՝ գործը դատաքննության նախապատրաստելիս դատավոր Տաթևիկ Գրիգորյանը Հեբոյանի պաշտպաններին պատշաճ չի ծանուցել նրա խափանման միջոցի գործով մայիսի 27-ին տեղի ունեցած նիստի մասին, ապա պաշտպանների բացակայությամբ նիստ է անցկացրել՝ չնայած Հեբոյանի պնդումներին, որ նիստը հետաձգվի:

Գագիկ Հեբոյանը, ըստ պաշտպան Արմեն Նադիրյանի, դատավորին հայտնել է, որ իրեն իր կամքին հակառակ՝ բռնությամբ են Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից տեղափոխել դատարան, ցույց է տվել նաև իր վնասվածքները, որոնք պատճառվել են իրեն բռնության հետևանքով:

Փաստաբանի խոսքով՝ բռնության ենթարկվելուց հետո ինքն այցելել է իր պաշտպանյալին:

«Վարդաշեն» ՔԿՀ ում Գագիկ Հեբյանին տեսա հերթապահ մասում՝ ցնցումների մեջ պառկած վիճակում, վերջինիս ինքնազգացողությունը շատ վատ էր, արյան ճնշումը՝ 70/50, նա ամբողջ մարմնով դողում էր, բողոքում գլխապտույտից, սրտախռնոցից, սրտի շրջանում ունեցած ծակոցներից: Իսկ նրա երկու ձեռքերին նախաբազկումների ստորին երկրոդրական հատվածներում առկա էին մարմնական վնասվածքներ՝ բազմաթիվ այտուցների, արյուանազեղումների և քերծվածքների տեսքով: Այդ ժամանակ Գագիկ Հեբոյանից տեղեկացա, որ այդ օրը ժամը 13:00-ի սահմաներում ոտիկանության ուղեկցող գումարտակի ոստիկանները ապօրինի՝ իր կամքին հակառակ իր նկատմամբ բռնություն գործադրելով և վերը նշված մարմնական վասվածքները պատճառելով իրեն տեղափոխել են դատարան, որտեղ դուք թույլ չեք տվել իրեն օգտվել իր դատավարական իրավունքից և չմասնակցել դատական նիստին»,- ասաց Նադիրյանը՝ հայտնելով նաև, որ վերը նշված դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել, դատավոր Հեբոյանը ճանաչվել է տուժող: Պաշտպանը չբացառեց, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը կարող է Հեբոյանի հետ տեղի ունեցածի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում դատավարական կարգավիճակ ստանալ, որը ևս ինքնաբացարկի հիմք է:

Նադիրյանն ընդգծեց, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանին գործը մակագրվելուց երեք ժամ անց արդեն այն վարույթ ընդունելու, ապա խափանման միջոցի գործով նիստ նշանակելու որոշում է կայացրել, մինչդեռ ողջամտորեն ենթադրվում է, որ մի քանի ժամվա ընթացքում չէր կարող ծանոթանալ նյութերին:

Նշենք, որ խափանման միջոցի գործով նիստի օրը՝ մայիսի 27-ին, լրանում էր Հեբոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը, և եթե այդ օրը խափանման միջոցի վերաբերյալ որոշում չկայացվեր, ապա նա պետք է ազատ արձակվեր քրեակատարողական հիմնարկից:

Ինքնաբացարկի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս Գագիկ Հեբոյանը նույնպես ընդգծեց դատավորի շտապողականության հանգամանքն իր խափանման միջոցի գործով նիստը արագ անցկացնելու և որոշում կայացնելու առումով և նշեց, որ Տաթևիկ Գրիգորյանն այս գործով պատշաճ դատավոր լինել չի կարող:

Մեղադրող Արթուր Չախոյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ թեև պաշտպանական կողմը Հեբոյանի խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու որոշումը չի բողոքարկել վերադաս դատարան՝ այժմ կասկածի տակ է դնում դրա օրինականությունը:

Դատավորը, խորհրդակցական սենյակ հեռանալով, որոշեց մերժել ինքնաբացարկի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, մեկնարկել է կաշառք ստանալու մեջ մեղադրվող Գագիկ Հեբոյանի և կաշառք ստանալուն օժանդկելու մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Դանիելյանի գործով արտագնա դատական քննությունը:

Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար 2019 թվականի մարտի 6-ին նրանից անձամբ պահանջել և 2019թ. մարտի 27-ին փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Վահագն Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, խոչընդոտներ վերացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները թաքցնելու եղանակով օժանդակել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter