HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանից փաստաբանի վարձատրության գումար է պահանջում

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հայցից ամբողջությամբ հրաժարվելու վերաբերյալ գրավոր դիմում ներկայացրեց դատարանին, որից հետո դատարանն անդրադարձավ դատական ծախսերի բաշխման հարցին:

Պատասխանողի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը հայտարարեց, որ իր վստահորդ Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդակցելով՝ գտնում են, որ հոգուտ պատասխանողի՝ հայցվորից պետք է բռնագանձի 650.000 դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության խելամիտ գումար:

Հայցվորի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայտարարեց, որ պահանջած գումարի չափը ողջամիտ չէ։

Գործի քննությունն ավարտվեց, դատական ակտը կհրապարակվի հունիսի 24-ին։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 12-ին, տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ եթե պատասխանողը հայտարարի, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակայնորեն արված հայտարարություններում Քոչարյանին նկատի չի ունեցել, ապա իրենք կհրաժարվեն հայցից։

Փաշինյանի ներկայացուցիչ Գյոզալյանն էլ իր վստահորդի անունից հայտարարեց, որ Փաշինյանի խոսքերը չեն վերաբերվել Ռոբերտ Քոչարյանին։

Լրագրողների հետ զրույցում Գյոզալյանը մեկնաբանեց, թե ինչու է պատասխանող Փաշինյանը գումար պահանջում Քոչարյանից:

«Իմ վստահորդը կատարել էր դատական ծախսեր, բոլորդ գիտեք, որ իմ վստահորդի միակ եկամտի աղբյուրը աշխատավարձն է, և ես կարծում եմ, որպեսզի հետագայում կանխվի նմանատիպ անհիմն հայցերի ներկայացումն իմ վստահորդի դեմ, մենք հետամուտ ենք լինում, որ հետագայում այդ հարցը լուծվի, և այն անձինք, ովքեր անհիմն հայցեր կներկայացնեն իմ վստահորդի դեմ, պետք է դրա համար վճարեն»,- հայտարարեց Գյոզալյանը՝ շեշտելով, որ խոսքը փաստաբանի վարձատրության գումարի մասին է:

Քոչարյանը, հիշեցնենք, 2018 թվականի սեպտեմբերի 17-ին դիմել է դատարան՝ զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջով:

Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է, որը վերաբերել է նաև Քոչարյանին:

Մասնավորապես, հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի վերաբերյալ:

Քոչարյանը զրպարտություն է համարում Փաշինյանի զրույցի հետևյալ հատվածը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

Հայցվորը պահանջում էր պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել վերը նշված արտահայտությունների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter