HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վերաքննիչ դատարանում վերսկսվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքների քննությունը

Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, րոպեներ առաջ վերսկսվեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատախազության ներկայացրած բողոքների քննությունը:

Ռոբերտ Քոչարյանն ինչպես նախորդ, այնպես էլ այս նիստին մասնակցում է:

Դատարանի բակում ի պաշտպանություն և ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիա է ընթանում: 

Նշենք, որ նախորդ դատական նիստին Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Արմեն Դանիելյանին, սակայն, նկատի ունենալով, որ կողմերը որոշ փաստաթղթեր էին պահանջել դիրքորոշում հայտնելու համար՝ դատարանը միջնորդությունը լուծելու համար խորհրդակցական սենյակ չէր հեռացել, այլ հետաձգել էր նիստը:

Հիշեցնենք, որ Դատախազությունը բողոքարկել է Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ փոխելու, ինչպես նաև Մարտի 1-ի անջատված մասով գործի վարույթը կասեցնելու, Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումները:

Դատավոր Դավիթ Գրիգորյանը, մայիսի 18-ին քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից՝ Արցախի Հանրապետության նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ: 

Դրանից երկու օր անց` մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը Սահմանադրության պահանջներին:

Վերը նշված երկու որոշումները Դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, և դրանք մակագրվել են դատավոր Արմեն Դանիելյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter