HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպան. «Իրանում ստեղծված ծանր վիճակը բացասական ազդեցություն ունի Հայաստանի տնտեսության վրա»

«Հետքի» գրավոր հարցերին պատասխանում է Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը

-Պարոն Թումանյան, տարածաշրջանում լարված ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծվել. մի կողմից՝ թուրք-իրանական սահմանային բախումը, ռուս-թուրքական ռազմական համագործակցությունը, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի հետ Իրանի չլուծվող խնդիրներն ու պատժամիջոցները, որոնք վերջերս Իրանի արտգործնախարարը որակեց «տնտեսական պատերազմ»՝ նշելով, որ Իրանը որեւէ կապ չունի միջուկային ծրագրի հետ, եւ որ ԱՄՆ-ի հետ երկխոսություն չի կարող լինել, մինչեւ պատժամիջոցները չվերացվեն, իսկ ավելի ուշ Իրանի խորհրդարանում նշեց, որ Թեհրանը չունի Վաշինգտոնի կարիքը եւ նրա հետ հարաբերությունները բարելավելու առանձնակի ձգտում: Առհասարակ ի՞նչ է կատարվում Իրանի շուրջ, եւ ի՞նչ հնարավոր ազդեցություն կարող է ունենալ այդ ամենը Հայաստանի վրա:

-Այո, տարածաշրջանում ներկայումս բավական լարված իրավիճակ է տիրում: Այդ լարվածությունը հատկապես մեծացել է 2015 թ. Իրանի եւ Վեցյակի (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Գերմանիա) միջեւ ստորագրված միջուկային համաձայնագրից Միացյալ Նահանգների դուրս գալուց եւ Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերականգնումից հետո: Սրա հետեւանքով գործնականում դադարել է իրանական նավթի արտահանումը՝ ԻԻՀ-ին զրկելով միլիարդավոր դոլարների ֆինանսական մուտքերից, կրճատվել են ապրանքների ներմուծման եւ արտահանման ծավալները, խստագույն սահմանափակումների է ենթարկվել ԻԻՀ բանկային համակարգը, շեշտակիորեն արժեզրկվել է իրանական ռիալը, բարձրացել են ապրանքների (այդ թվում նաեւ՝ առաջին անհրաժեշտության) գները:

Ներկայումս ստեղծվել է չափազանց բարդ եւ պայթյունավտանգ իրավիճակ: ԱՄՆ-ը հրաժարվել է միջուկային համաձայնագրից, իսկ մյուս անդամները (ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Գերմանիա) չեն կարողանում հատուցել Իրանին հասցված կորուստները, լրջագույն սպառնալիքներ են ստեղծվել տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության ապահովման համար:

Ստեղծված կացությունը անհանգստություն է պատճառում նաեւ Հայաստանին, ինչպես տարածաշրջանային համատեքստում, այնպես էլ մեր հարեւան երկրի եւ բարեկամ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերների առումով:

Իրանում ստեղծված ծանր վիճակը բացասական ազդեցություն ունի Հայաստանի տնտեսության վրա (առեւտրի պայմանների վատթարացում, ներդրումային ծրագրերի իրականացման դժվարություններ, բանկային սահմանափակումներ եւ այլն): Այս մտահոգությունները ՀՀ ղեկավարությունը հայտնել է գործընկեր երկրներին, այդ թվում նաեւ ԱՄՆ-ին: Հայաստանի դիրքորոշումն այս հարցում առկա հակասությունների խաղաղ եւ բանակցային ճանապարհով հանգուցալուծումն է:

Ի դեպ, իրանաամերիկյան հարաբերություններում լարվածության նվազման որոշակի սպասումներ կային Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի՝ Թեհրան կատարած այցի նախօրյակին: Այցի ավարտից հետո լրատվամիջոցներում առկա արձագանքներից կարելի է ենթադրել, որ առայժմ առաջընթացի որեւէ միտում չկա: Դեռ ավելին՝ հունիսի 13-ին Պարսից ծոցում երկու նավթատար տանկերների վրա տեղի ունեցած պայթյուններն, ամենայն հավանականությամբ, էլ ավելի կխորացնեն ներկա առճակատումը:

-Դեռեւս նախորդ տարի խոսակցություններ կային Իրանի ու Ադրբեջանի միջեւ ռազմաքաղաքական համագործակցության մասին, ինչն արտահայտվել էր Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամիի՝ Ադրբեջան կատարած այցի ժամանակ: Պաշտոնական Բաքուն մեկ անգամ չէ, որ հայտարարել է իրանական հրթիռներ ձեռք բերելու մասին, ինչը Իրանի կողմից առայժմ արձագանք չի ստացել: Ի՞նչ դիրքորոշում ունի Իրանը Ղարաբաղյան հակամարտության հարցում:

-ԻԻՀ ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ հարեւան երկրների հետ համագործակցության խորացումն իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Սա, մասնավորապես, վերաբերում է նաեւ Իրանի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ունեցած հարաբերություններին:

Հասկանալի է, որ այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ Իրանի վերաբերմունքը: Տվյալ պարագայում կարելի է պնդել, որ Իրանը գործնականում ցուցաբերում է հավասարակշռված վերաբերմունք եւ իր այդ վարքով էականորեն նպաստում է տարածաշրջանային կայունության ապահովմանը:

-Հունիսի 10-ին ԻԻՀ Մեջլիսը վավերացրել է ԵԱՏՄ-Իրան ազատ առեւտրի գոտու ձեւավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը: Հայկական կողմը նշել է, որ մեզ համար այդ համաձայնագիրը լայն հնարավորություններ կստեղծի Իրանի հետ առեւտուրը խթանելու համար, եւ հայկական ապրանքներն ավելի քիչ սահմանափակումներով կմտնեն իրանական շուկա: Այս փաստաթղթից ի՞նչ ակնկալիքներ ունի Իրանը, եւ ինչպիսի՞ն է Հայաստանի դերը Իրան-ԵԱՏՄ համագործակցության մեջ:

-Ըստ գործող օրենսդրության՝ ԻԻՀ Սահմանադրության պահապան խորհրդի դրական եզրակացությունը ստանալուց եւ ԻԻՀ նախագահի կողմից ստորագրելուց հետո համաձայնագիրը կմտնի ուժի մեջ:

Այս համաձայնագիրը սահմանում է ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ տնտեսական խնդիրների կարգավորման բազմաթիվ նորմեր եւ ընթացակարգեր, որոնք մեծապես կնպաստեն հարաբերությունների արդյունավետության մեծացմանը:

Համաձայնագրի ընդունումը առեւտրի եւ ընդհանրապես տնտեսական ծրագրերի իրականացման համար առավել բարենպաստ պայմաններ կստեղծի ինչպես Հայաստանի ու մնացած ԵԱՏՄ անդամ երկրների, այնպես էլ Իրանի համար: Բավական է նշել, որ, ըստ համաձայնագրի, 862 ապրանքների արտահանման համար սահմանվում են մաքսային արտոնություններ, ընդ որում՝ 360 ԵԱՏՄ-ից, եւ 502 Իրանից արտահանման համար: Այս շարքում կան մի շարք ապրանքատեսակներ, որոնք հիշյալ ապրանքային ցանկերի մեջ են ներառվել Հայաստանի նախաձեռնությամբ, եւ համաձայնագրի վերջնական վավերացումը լուրջ խթան կարող է հանդիսանալ ինչպես տվյալ արտադրատեսակների արտադրության, այնպես էլ ամբողջ տնտեսության զարգացման համար:

Բացի այդ՝ չպետք է մոռանալ, որ հայ տնտեսվարողների համար կարող են ստեղծվել լրացուցիչ հնարավորություններ ԵԱՏՄ-Իրան ձեւաչափում համատեղ ծրագրերի իրականացման համար, որի նախադրյալները կան Հայաստան-Իրան ցամաքային կապի առկայության, ինչպես նաեւ հայ եւ իրանցի տնտեսվարողների ունեցած փորձառության շնորհիվ:

Անշուշտ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հիշյալ համաձայնագրի բարեհաջող կենսագործման համար կարեւոր նշանակություն ունեն մի շարք գործոններ, մասնավորապես` տարածաշրջանային կայունության հաստատումը, անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը եւ ծառայությունների արդյունավետության ապահովումը (ճանապարհներ, տրանսպորտային, մաքսային, բանկային, ապահովագրական եւ այլ ծառայություններ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter