
Դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց Քոչարյանի բողոքների գործով իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունները
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան և մյուսների գործով իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդություննները:
Այսպիսով, Քոչարյանի կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու և Մարտի 1-ի գործի վարույթը կասեցնելու որոշման և Սահմանադրական դատարան դիմելու որոշման դեմ բողոքները կքննի Արմեն Դանիելյանը:
Նշենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի պաշտպանները կասկածի տակ են դրել գործով բոլոր բողոքները նույն դատավորին՝ Դանիելյանին մակագրվելու հանգամանքն ու նրան ինքնաբացարկի միջնորդություններ ներկայացրել, որին միացել էր նաև մեղադրյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը:
Հիշեցնենք, որ Դատախազությունը բողոքարկել է Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ փոխելու, ինչպես նաև Մարտի 1-ի անջատված մասով գործի վարույթը կասեցնելու, Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումները:
Դատավոր Դավիթ Գրիգորյանը, մայիսի 18-ին քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից՝ Արցախի Հանրապետության նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:
Դրանից երկու օր անց` մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը Սահմանադրության պահանջներին:
Վերը նշված երկու որոշումները դատախազությունն, ինչպես նաև տուժողները բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, և դրանք մակագրվել են դատավոր Արմեն Դանիելյանին:
Մեկնաբանել