HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե ինձ տրված է մահանալ, ես նախընտրում եմ մահանալ տանը՝ իմ թոռների, երեխաների մոտ»

Իրանից շուրջ 1 տ թմրանյութ տեղափոխելու գործով 17 տարվա ազատազրկման դատապարտված վրացի վարորդ Ավթանդիլ Մարտիաշվիլին ուզում է ազատ արձակվել և տուն վերադառնալ: Նա դիմել է դատարան և պնդում է, որ պատժի կրումն անհամատեղելի է իր հիվանդությունների հետ:

«Եթե ինձ տրված է մահանալ, ես նախընտրում եմ մահանալ տանը՝ իմ թոռների, երեխաների մոտ, քան բանտում»,- այսօր Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց Ավթանդիլ Մարտիաշվիլին:

Հանրային պաշտպան Անժելիկա Հակոբյանը դատարանում ներկայացրեց Դատապարտյալների հիվանդանոցից ստացած գրությունն այն մասին, որ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն` Ավթանդիլ Մարտիաշվիլին տառապում է 2-րդ տիպի ծանր աստիճանի ինսուլինապահանջ շաքարային դիաբետով, զարկերակային հիպերտենզիա 1, 2-րդ աստիճանով, լյարդի դիաբետիկ լիպոդիստրոֆիայով, աթերոսկլերոզով, շագանակագեղձի ադենոմայով և այլ հիվանդություններով, որոնք համապատասխանում են Կառավարության 825 որոշմամբ  հաստատված ցանկին և պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքում են:

Դատավոր Տիգրան Սահակյանը հետաքրքրվեց, թե արդյոք Մարտիաշվիլուն Դատապարտյալների հիվանդանոցում համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերում են և դեղորայք տրամադրում:

«Միակ դեղը, որ ինձ տրամադրվում է, ինսուլինն է: Ուրիշ ոչ մի տեսակի դեղորայք իմ օրգանիզմը չի ընդունում: Իմ շաքարը միշտ բարձր է: Ինձ ներարկում են 161 մգ ինսուլին, և որ չեն կարողանում իջեցնել բարձր շաքարը, ներերակային են անում, որպեսզի գոնե մի փոքր իջնի»,- բացատրեց Մարտիաշվիլին:

Դատարանը հետաքրքրվեց, թե արդյոք Մարտիաշվիլին դիմել է վրացական իրավապահ համակարգին՝ իր պատիժը Վրաստանում կրելու, հարազատների հետ ավելի հաճախ շփում ունենալու համար:

«Ես դիմել եմ Վրաստանի պետությանը, բայց եթե այնտեղ ինձ տեղափոխեն, այնտեղ իմ գործը չեն հետազոտի կամ վերանայի, և ես մինչև մահ կմնամ բանտում»,- ավելացրեց Մարտիաշվիլին:

Դատավոր Սահակյանը տեղյակ չէր, որ Մարտիաշվիլին 17 տարվա ազատազրկման դատապարտվելուց, այդ դատավճիռը հայաստանյան վերադաս ատյաններում բողոքարկելուց հետո դիմել էր՝ իրեն Վրաստան արտահանձնելու համար, սակայն հայկական կողմը մերժել էր նրան: Այդ մասին, հիշեցնենք, պատասխանելով Ավթանդիլ Մարտիաշվիլու արտահանձման խնդրանքին՝ ՀՀ արդարադատության փոխնախարարը հայտնել էր, որ վարորդի դիմումն ուսումնասիրվել է, սակայն արտահանձնումը նպատակահարմար չեն գտել, քանի որ քննվում է նոր քրեական գործ: Ըստ ամենայնի, ԱՆ-ն նկատի էր ունեցել բուն գործը, որից անջատվել էր Մարտիաշվիլու և մեքենայի տիրոջ՝ Օսման Ուղուրլուի մասը և մտել դատարան, իսկ բուն գործով նախաքննությունը շարունակվում էր:

Մարտիաշվիլին պատմեց, որ վերջին անգամ մայիսի 30-ին կրկին դատաբժշկական հետազոտության է ենթարկվել: «Ինձ 5 անգամ տարբեր հիվանդանոցներում հետազոտել են, և ամեն անգամ իմ առողջական վիճակն ավելի է վատացել: Իմ հիվանդությունը չի բուժվում,- ասաց Մարտիաշվիլին: - Ես ուզում եմ նշել, որ ես այս գործում մեղավոր չեմ և հանցանք չեմ կատարել: Իմ մեղքն ապացուցված չէ»:

«Այս դատարանում ձեր մեղավորության հարցը չի քննարկվում»,- ընդհատեց նիստը նախագահող դատավոր Տիգրան Սահակյանը:

Դատարանը 5 րոպեով հեռացավ խորհրդակցական սենյակ: Այնուհետև եկավ և հրապարակեց դատական ակտը, որով նույնը թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը: Դրանով, հիշեցնենք, Մարտիաշվիլու հայցը՝ իրեն ազատելու վերաբերյալ, մերժվել էր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter