HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

Շիրազի անտիպ նամակները՝ Հրաչյա Քոչարին

Հովհաննես Շիրազի նամականին, որքան էլ զարմանալի է, դեռևս լույս չի տեսել, թեև վաղուց ժամանակն էր: Գրականագետ Արփիկ Ավետիսյանը (տատիկս), որը Շիրազի հետ անձնական բարեկամություն ուներ, իր արխիվում պահպանել է Շիրազի թե՛ իրեն ուղղված բանաստեղծությունները, թե՛ նրա հետ կապված նամակներ:

Ստորև կներկայացնենք Երկրորդ համաշխարհայինի (Հայրենական մեծ պատերազմ) ժամանակ Շիրազի նամակները՝ Հրաչյա Քոչարին: Վերջինս 1941-1945 թթ. ռազմաճակատային թերթերի թղթակից էր, և Շիրազն իր բանաստեղծություններն ուղարկել է նրան՝ կից նամակներով:

Սիրելի՛ ընկ. Քոչար
Ստացա նամակդ: Մեծ ու անաղարտ խինդով կաշխատակցեմ ձեր ռազմի թերթին. ձեր հրավերը սրտագին է երևում: Կարծես մոռացնել ես ուզում տալ այն, որ կռվից շատ առաջ ձեր խմբագրած (և Նաիրիի) «Գրական սերունդում» ինձ մի տողի տեղ էլ չէիր տալիս: 6 տարի իշխեցիր այդ խմբագրությանը և 6 տող ինձնից լույս աշխարհ չբերեցիր: Հիմա կիսով չափ մոռացել եմ այս ամենը… (Խոսքը «Գրական սերունդ» ամսագրի մասին է, որի պատասխանատու քարտուղարը 1920-1930 թթ. Նաիրի Զարյանն էր - Լ.Ա.):

Հուսով եմ, որ իմ քնարի ձայնը հիմա կհասցնես իմ հայրենի, իմ կարոտալի, իմ քաջարծիվ կտրիճ ընկերների ականջին:

Սիրտս կուզեի դնել երկերիս մեջ, բայց առայժմ հիվանդ է սիրտս, իսկ ռազմիկի համար երգերի մեջ պիտի շատ հրավառ սիրտ բաբախի: Շուտով կգրեմ քեզ համար հաղթանակի երգեր և կսպասեմ քեզ…Հուսով եմ ձեր հրավերը ծիլեր կտա:

Ձմեռ. Երևան

Հաղթանակի լուսաբացին

Ես լուսաբացն եմ սիրում լուսածով,
Որ միշտ բացվում է պայքարի հույսով:
Լուսաբացին եմ որոտացել,
Լսել մայրական քաղցր մեղեդին:
Լուսաբացին եմ աչքերս բացել՝
Աշխարհի չարն ու բարին հասկացել:
Լուսաբացին եմ իմ երգը հյուսում,
Որ թոթովամ ես արևի լեզուն.
Լուսաբացին եմ ես ծնվել, ու թող,
Այս լուսաբացի համար դառնամ հող:

Սիրելի Հ. Քոչար
Ստացա նամակդ. սրտիս դատարկ բաժակը լցվեց գինով: Թեև նորից տեսա ժպիտդ՝ տողերիդ տակից: Դու խոստումդ չես կատարել. հիշիր «Երգերի գիրք»: Քո ճաշակը վսեմ է, եթե բացած լինես անկեղծությանդ բոլոր լուսավոր առագաստները: Իսկ եթե… Արի չվիճենք հիմա…Դու  ախպերս եղիր, և դա ամենից վսեմ խնդությունը կլինի, կուզենայի շնորհավորել Կարմիր աստղի շքանշանդ…Դու եղիր արժան…և այդ կլինի…Քո գրական դերը դեռ շատ փառքի դաշտեր պիտի ծաղկեցնի ոտքերիդ տակ: Դու՝ հայրենիքի երգիչ և հայրենիքի զինվոր , թող եղևնանա զինվորի և երգչի դափնիդ՝ հավերժորեն զմրուխտացած: Ես քո երգի և զենքի վճիտ ու խոնարհ եղբայրն եմ…

Վերադարձի օր

Գետե՜ր, հետ քաշվեք ընկերիս ճամփից,
Հողմե՜ր, միք ծեծի ճակատը նրա,
Տունդարձի՜ արև, դուրս արի ամպից,
Ծիրանիդ գցիր ընկերիս վրա:
Նա տուն պիտի գա հուր ու կրակից,
Այսօրվա՜ն դարձրեք ճամփեքը վաղվա...

Միշտ քո և այնժամի սրբագույն եղբայրը՝ Հ. Շիրազ

Կարմիր բանակին

Ես քեզ ու՞մ հետ համեմատեմ,
Կարմի՜ր բանակ իմ լուսավոր,
Ծովի՞, բայց ծովը հալածում է
Խաղաղ ափերն իր ծաղկատի,
Լավայի՞ հետ, բայց նա չարի
Զորությունն է աղետավոր,
Սամումի՞  (մրրիկ-Լ.Ա.) հետ, բայց նա շունչն է
Մահատեսիլ անապատի:

Հազար անգամ ասել եմ ես,
Էլի կասեմ հազար անգամ.
Արև ես դու, սվիններդ
Ճաճանչներ են արեգակի,
Ու քո ձայնդ՝ վերադարձող
Կռունկների կանչն է գարնան,
Գարնան պես ես աշխարհ մտնում,
Լուսե արշավ մեր բանակի:
Ահա, արևն է բարձրանում
Ճաճանչների ծովերն առած՝
Ցրում է մութն ու գիշերը,
Բացում դռներն առավոտի:
Այսպես, ահա, արշավասայր
Բանակների գլուխն անցած՝
Առաջնորդն է բացում պայծառ
Առավոտներն հաղթանակի…
Ես քեզ ու՞մ հետ համեմատեմ,
Կարմի՜ր բանակ արևազոր,-
Ծովի՞, բայց ծովը հալածում է
Խաղաղ ափերն իր ծաղկատի,
Դու արև ես, սվիններդ
Ճաճանչներ են արեգակի,
Որ բացում են դռներն հազար
Խաղաղության առավոտի:
1944, փետրվար
                       Հ. Շիրազ

Սպասում
Գ-ի հիշատակին

Կտրիճները տուն դարձան,
Նրանց առջև թող լինի
Արարատը՝ ճոխ սեղան,
Ու Արազը՝ հին գինի։

Կտրիճները տուն դարձան,
Ախ, թող քեզ էլ դարձ լինի,
Գիրկս լինի քեզ սեղան
Ու համբուրս քեզ՝ գինի:

Կտրիճները տուն դարձան,
Մեռնեմ դարձի ճամփեքին,
Դու էլ դարձիր, ի՜մ թառլան,
Աչքս մնաց քո ճամփին;

Կտրիճները տուն դարձան,
Դու էլ դարձիր, ի՜մ գարուն,
Ախ, դու չես գա հավիտյան,
Ախ, դու մորդ գլխի ձյուն:
                                Հ. Շիրազ

Քոչա՜ր, ահա քեզ մի փունջ. եթե հավանես, տպի՜ր, եթե ոչ, այրի՜ր:
                                                                                     Շիրազ

Հավատը

Օտար ափերի անգղները բիրտ
Մեր սուրբ լեռներում կռնչում են դեռ,
Արծիվ դառնալու օրեր են, իմ սիրտ,
Թափ տուր թևերդ, սլացիր եթեր;

Ու երբ չքանան ամպ ու փոթորիկ,
Արտուտի երգը թող կախարդե քեզ,
Արտուտի երգով սլացիր երկինք,-
Դու կարապի երգ չպիտի երգես:
                            Հովհ. Շիրազ

Նապոլեոնի տապանագիրը

Քնի՜ր հավիտյան կապուտակ հեռվում,
Խոր խաղաղությամբ հող դարձիր անբիծ,
Ինչպես Հեղինե կղզին օվկիանում՝
Փառքդ չի սուզվի աշխարհի աչքից:
Քո սուրն աշխարհներ առավ իր ծայրին,
Մահն էլ չէր կարող քո սուրը խլել,
Բայց ռուսական հրդեհն է վայրի,
Բոնապա՜րտ, սուրդ մոմի պես հալել:

Հայրենիքիս

Ախ, եթե ընկնեմ օտար մի սրից,
Ու սև ագռավը կռնչա վրաս,
Ամպե՜ր, վար ելեք մեր սուրբ սարերից,
Մորս արցունքը շաղ տվեք վրաս:

Ու եթե կարոտ իմ հայրենիքից՝
Անհայտ մի երկրում ընկնեմ անմուրազ,
Հողմե՜ր, հայրենի մեր սուրբ դաշտերից
Մի բուռ հող բերեք, շաղ տվեք վրաս:

Լուսանկարը՝ Շիրազի որդու՝ Վանանդ Շիրազի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter