HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Թանդիլյան. «Ուրիշ բան չենք խնդրում, ճանապարհն ասֆալտապատելուց հետո Ծաղկաշատն ինքն իրենով կզարգանա»

Անտառի ծաղկազարդ փեշին գտնվող Ծաղկաշատ գյուղի ճանապարհը սկսվում է Հաղպատի ճամփաբաժանից: Ժիվանք հանդամասով տաքսին «հևալով» ու ճոճվելով մի կերպ հաղթահարում էր Ծաղկաշատ գնացող անանցանելի ճանապարհը: Ճանապարհին մեր ընթացքը կասեցնում է վախեցած սկյուռը: Մեզ հաճելի անակնկալ է մատուցում նաև մի եղնիկ: Վերջին տարիներին Ծաղկաշատի անտառներում եղնիկները բազմանում են։

«Եթե որսը դադարեցվի, եղնիկները մեր անտառներում շատ կլինեն: Մեր գյուղացիք միայն պոզավոր եղնիկներ են որսում, էգերին խնայում են, որ ձագերը շատանան»,- ասում է մի ծաղկաշատցի:

Համայնքի վարչական ղեկավար Սամվել Թանդիլյանի ասելով` Ծաղկաշատի անտառներում ու սարերում վխտացող գայլերը, աղվեսներն ու չախկալները գյուղացիներին մեծ վնաս են հասցնում։

«Հունիսի 13-ին մեր Աջիր սարում գելը երկու հորթ կերավ: Հաղպատցի սարվոր Միսակ Վարոսյանից վերջերս գելը Աջիրում 15 խոզ է կերել»,- պատմեց նա:

«Հերու գեղումը մի թաղման ժամանակ տղերքը գերեզմանատնից նկատեցին, որ մոխրագույն մի մեծ գել ոչխարի բկին է ընկել: Մինչև հասան, գելը ոչխարի կիսանը (կեսը, հեղ․) կերել էր»,- պատմեց Լևոն Թանդիլյանը:

Ծաղկաշատն արդեն երկու տարի է Ալավերդի խոշորացված համայնքի կազմում է: Վարչական ղեկավարի խոսքով՝ խոշորացումից հետո, 275 բնակիչ ունեցող գյուղում ոչ մի լուրջ խնդիր չի լուծվել: Վերանորոգման կարիք ունի գյուղի բժշկական ամբուլատորիան: Ծաղկաշատն անգամ մանկապարտեզ չունի: Գյուղը ապահովված չէ խմելու ջրով: Բայց դրանք ծաղկաշատցիների աչքին չեն երևում: Գյուղացիները միայն մի բան են խնդրում Կառավարությունից՝ ասֆալտապատել Ծաղկաշատի 9 կմ երկարությամբ ճանապարհը:

«Ուրիշ բան չենք խնդրում, ճանապարհն ասֆալտապատելուց հետո Ծաղկաշատն ինքն իրենով կզարգանա»,- հայտնում է Սամվել Թանդիլյանը:

Ծաղկաշատը մոտ 400 հա արոտավայրեր և խոտհարքներ ունի, շրջափակված է 5400 հա հարուստ անտառներով:

Ռուբեն Թանդիլյանի ասելով՝ անտառների բարիքներից օգտվելու համար Ծաղկաշատ են գալիս Հայաստանի տարբեր ծայրերից։

«Գյումրեցին գալիս է մեր գյուղամիջումը կանգնում ու հարցնում է՝ մորմոնջի թալա կըսեն, էդ որտեղ է: Լսել ա, որ Ծաղկաշատի «Մորմոնջի թալումը» շատ վայրի մալինա կա: Ճամփեն ցույց ենք տալիս, գնում է 2 դույլը մի ժամումը լցնում ու գալի: Գնալիս ասում է, ախպեր ջան, շատ շնորհակալ եմ: Այ, տհե»,- պատմում է Ռուբեն Թանդիլյանը:

Գարնանը Լոռու մարզի գյուղերից շատերն են գալիս Ծաղկաշատի անտառներ՝ սինդրիկ, սունկ, թթվի քոլ քաղելու: Ամռանը՝ մոշն ու մորին է ժողովուրդը քաղում, հետո անտառների վայրի տանձն է հասնում՝ տանձն են տանում: Մարզի գյուղերի շատ անասնապահներ Ծաղկաշատի անտառներից մեծ քանակությամբ կաղին են հավաքում:

«Ծաղկաշատի անտառների բարիքներից ամբողջ ժողովուրդն է օգտվում: Սրա հմար էլ Ծաղկաշատն արժանի է, որ լավ ճամփա ունենա, բայց երկրի ջոջերը չեն հասկանում, որ բնության բարիքներից ժողովրդի օգտվելու համար կարելի է Ծաղկաշատի ճանապարհը ասֆալտապատել»,- առաջարկում է Ռ․ Թանդիլյանը։

Վերջինս 2015թ.-ին «Ծաղկաշատ-Ախետքի» հանքի բացմանը դեմ պայքարող ծաղկաշատցիներից մեկն է:

«Ասում են՝ էդ հանքում ուրան կա, որ բաց անեին, Ծաղկաշատն էլ հետը, ամբողջ ռայոնը հեչ էր լինելու: Մենք էլ թույլ չտվինք հանքը բացվի, դրա համար էլ մեր գյուղացի միակ մեծահարուստ Վալերի Մեջլումյանը երես է թեքել իր համագյուղացիներից»,- նկատում է Ռուբեն Թանդիլյանը:

Վերջինիս ասելով՝ մինչև հանքը բացելու զրույցը սկսելը՝ Վալերի Մեջլումյանը Ծաղկաշատի ճանապարհը մի քանի անգամ բարեկարգել է: «Ստալինեց բուլդուզերը բերեր մեր գյուղիցը չկել (մինչև) Ալավերդու ճանապարհը սարքեր: Էդ ելել է մենակ իրեն հոր, մոր ու քեռու մահվան օրերին, որ ջոջական կազմը կարենա նրանց թաղմանը գա Ծաղկաշատ»,- հիշեց զրուցակիցս:

«Ծաղկաշատ- Ախետքի» պղինձ-մոլիբդենային հանքային դաշտի երկրաբանական աշխատանքերին խոչընդոտելուց հետո Ռուբենի խոսքով՝ Վալերի Մեջլումյանն ասել է՝ հանքը թույլ չեն տալիս բացեմ, ինչու գյուղի ճանապարհը սարքեմ:

Ծաղկաշատը 17 տարի ղեկավարել է Հրաչյա Պարանյանը: Նա գյուղի ճանապարհի հարցը շատ է բարձրացրել: Գյուղում բնակչությունը քիչ է եղել, էդ պատճառով ճանապարհը չեն սարքել:

«Հիմա մեր երկրում հարցերը լուծվում են ճանապարհներ փակելով: Մեր ճանապարհը փակ է ու փակ, բայց հարցը չի լուծվում։ Եթե այսպես շարունակվի, մի 10 տարի հետո Ծաղկաշատը կդառնա գոմահանդ»,- դժգոհեց Հ. Պարանյանը։

Ծաղկաշատի արոտավայրեր տանող ճանապարհներն անանցանելի են, այդ պատճառով գյուղացիները չեն կարողանում անասունները սար տանել։

«Մեր սարերն անասնապահության զարգացման համար ընտիր տարածքներ են: Ճանապարհի հարցը ծաղկաշատցիներին ամեն ինչից հիասթափեցնում է: Ոչ մի բան չես կարող ձեռնարկել այստեղ»,- ասում է Հ. Պարանյանը:

Դավիթ Քառյանը Ծաղկաշատում «Մաուգլի» անունով հանգստյան գոտի է ստեղծել, ճանապարհի պատճառով մարդիկ կտրվել են հանգստյան գոտուց: Ծաղկաշատում լուրջ խնդիր է նաև խմելու ջուրը: Գյուղամիջի աղբյուրում մոտ այգուց քաղած զիմելը (կանաչու տեսակ, հեղ․) լվանալիս տիկին Արփիկը հայտնեց, որ խմելու ջուրն իր որդին Ալավերդուց է բերում: Ըստ Ռուբեն Թանդիլյանի՝ խմելու ջուրը ծաղկաշատցիներին «էլ ախրը յոլա է տանում» (նկատի ունի՝ մի կերպ է բավարարում, հեղ․

Կարո Հակոբյանի կարծիքով՝ եթե ճանապարհը վերանորոգեն, ոչ միայն գյուղացիների տնտեսությունը, այլև Ծաղկաշատում զբոսաշրջությունը կզարգանա:

Ծաղկաշատի ամենատարեց բնակիչը՝ Վարսենիկ Թանդիլյանը,  91 տարեկան է․ 1905թ.-ի Հաղպատի կոմբջջի հիմնադիրներից մեկի՝ Շաքար Բեժանյանի դուստրն է։

«Ծաղկաշատում հմի գործը քիչ ա, աշխատողը՝ շատ: Տեհան գեղումը գործ չկա, ջահելները քիչ-քիչ գնացին: Դժվար ենք ապրում, անասուն ենք պահում, անտառից ենք օգտվում: Մալինա, մոշ, սունկ է լինում, ամենքն իրեն սեզոնին քիչ-քիչ օգտվում ենք: Տղաներս քաղում, տանում են քաղաք, ծախում: Գյուղի ճանապարհը պատահել է քանդված է եղել, պատահել է սարքել են, բայց մեր գյուղի ժողովուրդը միշտ էլ շատ աշխատասեր է եղել»,- պատմում է Ծաղկաշատի ամենատարեց բնակիչը:

Մեկնաբանություններ (1)

Հրաչյա Հովհաննիսյան
Հարգելի Ծաղկաշատ գյուղի բնակիչներ՝ Պետությունը Ձեզ տվել է իր ունեցած ամենա թանկը՝ հողը , որ մշակեք , հարստանաք ու պետությանը հարստացնեք հարկեր տուրքեր վճարելով: Այդ հողը պաշտպանելու համար Հայ ժողովրդի լավագույն զավակները կյանք ու արյուն չեն խնայել: Հիմա Ձեր գյուղապետը կանգնել ու պետությունից ասֆալտապատ ճանապարհ է ուզում : ՈՒրեմն հիշեք՝ պետությունը Ձեր գյուղապետին տալու ոչինչ չունի : Պետությունը ինչ պետք է տար արդեն տվել է Ձեզ և վաղուց ժամանակն է , որ Դուք պետք է պետությանը տաք հարկեր ու տուրքեր , որը մինչև օրս չէք տվել , որոհետև ուզվոր գյուղապետեր էք ընտրում: Համացանցում Ձեր գյուղի նկարներից երևում է , թե՞ ինչպես է պետական անտառը բարբարոսաբար ոչնչացվել և ոչինչ չ արվել անտառը վերականգնելու համար: Ճանապարհի նկարից երևում է , որ կտրված ծառերի տեղում մացառներ են աճել , քանի որ կտրված ծառերի բները չի մշակվել, որ կտրված ծառերի տեղը նոր ծառեր աճեին: Գոնե մտածեք ձեզանից հետո այդ գյուղում ապրող Ձեր սերունդների մասին և մի մոռացեք , որ անտառը Ձերը չի , այն համաժողովրդական սեփականություն է : Դուք կարող էք օգտվել անտառից , բայց ոչ ոչնցացնել: Համաժողովրդական սեփականությունից գողություն անողները վաղ թե ուշ խիստ պատժվելու են , և երբ կունենանք խելքը գլխին իշխանություն , այդ ժամանակ անտառից ծառ գողացողները հատ-հատ պատասխան են տալու իրեն արածների համար, այդ թվում նաև թե՞ ինչու հողը չի մշակվում , արտագաղթի համար , գյուղը ճանապարհ , բուժկետ ու մանկապարտեզ չունենալու համար: Քանի դեռ ուշ չէ բոլոր նախկին ու ներկա կաշառակեր, գող , թալանչի, տզրուկ ու անբան չինովնիկներին , այդ թվում նախկին տեղական մարզպետներին , քաղաքապետերին , գյուղապետերին, անտառապահներին ու բնապահպաններին տարեք Աջիր սարը թող գայլերը դրանց ուտեն ու ամեն ինչ տեղը կգա , իսկ եթե չանեք՝ բոլորդ պատասխան էք տալու պետական անտառը մասայական ոչնչացնելու համար , ընդհուպ՝ գյուղը կտեղահանվի անտառային գոտուց և ոչ միայն Ձերը, որովհետև այդ գյուղերը մասնագիտացել են պետական ունեցվածքի՝ անտառից փայտի գողության ուղղությամբ: Նույնիսկ սահմանամերձ գյուղերը պետությունից ոչինչ չեն ուզում , իսկ Ձեր գյուղապետը առանց անհարմար զգալու ասֆալտապատ ճանապարհ է ուզում , որ անտառից գողացված փայտը հեշտ տեղ հասցնեն : Չմոռանաք Վալերի Մեջլումյանին էլ տանել Աջիր սար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter