
Ծաղկաշատցիները ձախողեցին «Վալլեքս գրուպ»-ի հանրային լսումը
Ալավերդու քաղաքապետարանում երեկ կայացած «Ծաղկաշատ –Ախետք» հանքային դաշտի արդյունահանման նպատակով պղինձ - մոլիբդենային օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրության նախնական քննարկման հայտի հանրային լսումը ձախողվեց: Ծաղկաշատ, Նեղոց, Հաղբատ համայնքների ներկայացուցիչները բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի փորձաքննության կենտրոնից և «Վալլեքս» խմբի ընկերությունների ներկայացուցիչներից պահանջեցին հանրային քննարկումն անցկացնել իրենց համայնքներում` բնակչության մասնակցությամբ:
«Կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանը պնդեց, որ ներկա քննարկումը որակվի որպես առաջին հանրային լսում: «Ձեր նշած հանրային առաջին քննարկման արձանագրության մեջ կարդում ենք, որ այդ քննարկմանը ներկա են եղել միայն «Վալլեքս» գրուպի պաշտոնյաները և համայնքապետերը»,-ասաց Հ. Սանասարյանը:
Քանի որ հանրային նախորդ քննարկմանը համայնքերի բնակիչներ չեն մասնակցել, ՀԿ-ների ներկայացուցիչները պահանջեցին այն չորակել հանրային լսում: «Ինձ ներկայացված հայտին կցված համապատասխան ընդերքօգտագործման բնագավառի լիազոր մարմինը համարվում է էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: Վերջինս նամակով դիմել է բնապահպանության նախարարությանը, կցել է հայտը և հայտին կցված համապատասխան փաստաթղթերի բազան: Դրանց ես չհավատալու, չընդունելու իրավասություն չունեմ»,- պատասխանեց բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի փորձաքննության կենտրոնի մասնագետ Կարինե Մովսիսյանը: «Վալլեքս» խմբի ընկերությունների աշխատակազմի ղեկավար Սահակ Կարապետյանը ամեն գնով փորձում էր շրջանցել ՀԿ-ների ներկայացուցիչների պահանջը. «Թույլ տվեք ընկերությունը ներկայացնի համապատասխան ծրագիրը: Այն աշխատանքը, որ մենք պլանավորում ենք իրականացնել, ընդամենը երկրաբանական ուսումնասիրություն է, ոչ թե հանքի շահագործում»,-ասաց նա: Սահակ Կարապետյանը «Հետքին» ասաց, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի նախագահ Վ.Մեջլումյանի կողմից համայնքների ղեկավարներին ուղղված գրության մեջ տեղ գտած «արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու» առաջարկությունն ընդամենը իրավաբանական ձևակերպում է:
Ընկերության ներկայացուցիչ Արտյոմ Սարգսյանը քննարկման մասնակիցներին տոպոգրաֆիական, աշխարհագրական և երկրաբանական քարտեզի վրա ներկայացրեց «Ծաղկաշատ -Ախետք» հանքային դաշտի երկրաբանական ուսումնասիրության սահմանագիծը: Լեռնամետալուրգիայի ինստիտուտի ներկայացուցիչ Հովիկ Նիկողոսյանը, պատասխանելով ներկաներից մեկի հարցին, հայտնեց, որ հանքային դաշտի տարածքում Կարմիր գրքում գրանցված շատ կենդանիներ, թռչուններ և սողուններ կան: Ծաղկաշատի բնակիչ Մարտուն Մակինյանը գյուղի բնակչության անունից պահանջեց հանրային քննարկում անցկացնել Ծաղկաշատում. «Մեր համայնքը լաց կլիներ, որովհետև եթե տարածքը տրվի, մեր կովը էդ տարածքն էլ գնալու չի, ծաղկաշատցին էլ մի բաժակ կաթ խմելուց զրկվելու է: Մեր խոտհարքների վրա տարին չքաշած մետաղացանց կդնեն, պահակն էլ կդնեն վրեն: Ամբողջ անտառը կտրում-տանում են, հմի էլ մեր ամբողջ բնությունն ենք կորցնում: Դե ամոթ ա, էլի»,- ասաց Մ.Մակինյանը:
«Մեր Ծաղկաշատ համայնքը թույլ չի տալիս, որ հորատանցք կատարեք: Խնդրում եմ բացատրեք, այդ դեպքում դուք ո՞նց եք հորատանցք կատարելու: Ամբողջ Ծաղկաշատով մի մարդու նման դեմ ենք: Ուզում ա միլիարդներ տաք: Էս քննարկումը կազմակերպեք մեր գյուղում և կտեսնենք»,- ասաց ծաղկաշատցի Սամվելը: «Անտառը ո՞րն ա, էլ անտա՞ռ են թողել, արա, հիմա էլ հանքը»,- գոռաց մեկ այլ ծաղկաշատցի:
Ծաղկաշատի դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Վահան Սոխակյանը զգուշացրեց, որ այս պահին էլ Ծաղկաշատ համայնքի տարածքում մի քանի կետերում ուրանի ռադիացիան բնական ֆոնից 10 անգամ անգամ բարձր է: Հակոբ Սանասարյանը զգուշացրեց Ծաղկաշատում առկա ուրանային տարածքների և դրանց մեծ վտանգների մասին: Նա «Վալլեքսի» ղեկավարներին կոչ արեց բավարարվել Թեղուտով:
«Գյուղում վիճակը խառնված է: Համայնքում բոլորը դեմ են»,- հայտնեց գյուղապետ Հրաչիկ Պարանյանը: Ծաղկաշատցիների ճնշման տակ քննարկումն ընդհատվեց:
«Միամտություն կլինի կարծել, թե երկրաբանական մեր ուսումնասիրության նպատակը միայն տեղեկություն հավաքելն է: Բացարձակ ոչ, և դա մենք երբեք չենք թաքցրել: Եթե Աստված տա, մեզ մոտ հաջողվի հանքավայր բացահայտել, ապա վերջնական փուլը, իհարկե, շահագործումն է»,- լրագրողներին հայտնեց Սահակ Կարապետյանը:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել