HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բնապահպանության նախարարը, Արագածոտնի մարզպետն ու Ապարանի համայնքապետը՝ պատասխանողի կարգավիճակում

Վաղը վարչական դատարանում մեկնարկում է «Էլ-կաս» և «Վակուֆլօ» ՍՊԸ-ներն ընդդեմ բնապահպանության նախարարի (այժմ՝ շրջակա միջավայրի նախարար), Արագածոտնի մարզպետի և Ապարանի համայնքապետի գործի քննությունը: Ընկերությունները նշված պաշտոնյաներից պահանջում են ձեռնպահ մնալ «Գեղարոտ» և «Արագած-1» փոքր հէկերի գործունեությունը կամ շահագործումը դադարեցնելուն ուղղված գործողություններ կատարելուց:

Նշենք, որ Արագածոտնի մարզի Արագած գյուղի մի խումբ բնակիչներ պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում և կանգնեցնում են հէկերի շահագործումը: Նմանատիպ դեպք եղավ նաև վերջերս: Այդ փաստով դեռևս մարտ ամսին հայտարարություն էր տարածել վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան:

«2018թ. նոյեմբեր ամսին մարզպետ Դ. Գևորգյանը և Ապարան համայնքի ղեկավար Կ. Եղիազարյանն Արագած գյուղի մի խումբ բնակիչների հետ միասին, չունենալով նման լիազորություններ, կանգնեցրել են Գեղարոտ գետի վրա գտնվող «Գեղարոտ» և «Արագած-1» փոքր հէկերի շահագործումը, ինչի մասին պարոն Դ. Գևորգյանը 2018թ. նոյեմբերի 23-ին իր ֆէյսբուքյան էջում և մարզպետարանի կայքում տեղադրել է համապատասխան գրառումներ և լուսանկարներ: Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ Արագած գյուղի մի խումբ բնակիչներ անհիմն կասկած են հայտնել, իբր փոքր հէկերի աշխատանքի արդյունքում աղտոտվում են Գեղարոտ գետի ջրերը: Այս կասկածներին մեծապես նպաստել է այն, որ նախկինում, մինչև 1988թ. ավերիչ երկրաշարժը, գետում եղել են տարբեր ձկնատեսակներ։ Սակայն երկրաշարժից հետո  երկրաբանական կատակլիզմների հետևանքով տեղի ունեցած ջրի քիմիական բաղադրության կատաստրոֆիկ փոփոխության պատճառով վերջիններս ի սպառ վերացել են»,- նշված էր հայտարարության մեջ:

Ստեղծվել էր միջգերատեսչական խումբ, սակայն գյուղի մի խումբ բնակիչներ խոչընդոտել էին աշխատանքներին՝ չթույլատրելով Գեղարոտ գետից ջրից վերցնել նմուշներ, որոնք պետք է պատասխանեին իրենց իսկ կողմից բարձրացված հարցերին:

«Էլ-կաս» և «Վակուֆլօ» ՍՊԸ-ները վարչական դատարանից պահանջել են նաև կիրառել հայցի ապահովման միջոց, այն է՝ արգելել Արագածոտնի մարզի Գեղարոտ գետի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանների պատճառով առաջացող խնդիրներն ուսումնասիրելու և համապատասխան եզրակացություն կազմելու նպատակով՝ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի եզրակացություն տրամադրելը: Ինչպես նաև՝ մինչև այս գործի շրջանակներում կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը կատարել այնպիսի գործողություններ, որոնք ուղղված կլինեն Գեղարոտ գետի վրա գտնվող, հայցվորներին պատկանող՝ «Գեղարոտ» և «Արագած-1» փոքր հիդրոէլեկտրակայանների աշխատանքների դադարեցմանը:

Դատարանը մերժել է հայցի ապահովումը, նշելով, որ հայցի ապահովման միջոցի բովանդակությունը պետք է համընկնի հայցապահանջի բովանդակությանը:
Մինչդեռ, հայցապահանջի բովանդակությունը և հայցի ապահովման միջոցի բովանդակությունը նույնական չեն:

Մեկ այլ հայցադիմումով «Էլ-կաս» ՍՊԸ-ն Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանից 15 մլն 371 հազար դրամ էր պահանջում՝ որպես պատճառված վնասի հատուցում: Սակայն, վարչական դատարանը վերադարձրել էր հայցադիմումը պատճառաբանելով, որ հայցադիմումին կից առկա չէ որևէ գրավոր ապացույց, որ վարչական մարմնի գործողությունը (անգործությունը), որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ է ճանաչվել, ինչպես նաև այն մասին, որ հայցվորը դիմել է Արագածոտնի մարզպետին, իսկ վերջինիս կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժվել է կամ դիմումը չի քննարկվել:

 

Լուսանկարը՝ ՀԲՃ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter