HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Վրեժ Քասունին է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելու նա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում  «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի հիմնադիր-տնօրեն, նկարիչ, երգիծանկարիչ Վրեժ Քասունին է։

Վրեժ Քասունին՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Կարծում եմ՝ իր անունն առհասարակ Վրեժ պիտի չլիներկոդավորված այդ անունը որոշ չափով սահմանափակել է ընկալման մի դաշտ, որի արդյունքում ինքն անվան մեջ մտցրել է «ժիրայրությունը», «եռանդը», ուրախությունը։

Ինքը մի կերպար է, որ կատվի նման ինը կյանք ունի, երբեւէ չի ընկնում, հպարտորեն կարող է ասել, որ ուժեղ է, չի ընկճվում՝ չնայած որ երբեմն նեղվում եմ իր չընկճվելու համար, որովհետեւ այդպես գուցե մի անկյուն քաշվեր ու հանգիստ կերպով կենտրոնանար գործի վրա։

Արտաքին ինքնավստահությունը հաճախ շատ սխալ է ընկալվել, կարծել են՝ այդ ինքնավստահությունը նույն ինքնահավանությունն է․․․ Այդ շփոթմունքն իրենից հեռացրել է շատ շրջանակների ու անհատների, ովքեր վախեցել են «գրավումից»․․․ Իրականում ինքն ավելի մեղմ ու հանգիստ է։

Ինքնաքննադատությունը կարող է հասնել ինքնահրկիզման․․․ Եվ հետո զրոյից նորից ոտքի է կանգնում։

Բնությանը, հողին շատ մոտ է, բայց, եթե առիթ տրվեր՝ կուզեր լուսնի վրա ապրելու փորձառություն ունենալ եւ վերեւից նայել երկրագնդին, մարդու կյանքին։ Ինքն, իհարկե, զգում է իր պատկանելիությունն այս մոլորակին, բայց միեւնույն ժամանակ վստահ է՝ առանձին իր մոլորակն ունի, որտեղ դեռ չի եղել, չի հասել․․․

Վերցնում է գրիչը եւ մեկ-մեկ տատանվում գիծ քաշելու ու տառ գրելու միջեւ։ Գրի՞, թե՞ նկարի․․․ Հաճախ այս տատանումը թերեւս խանգարում է իրեն, եւ, կարծում է, կա մի երկրորդ կես, որին դեռ չի միացել։

Այն, ինչ ինքը պիտի լինի, դեռ չի եղել․․․ Գուցե դրան արդեն որդին՝ Եռանդն է հասնելու, ում անունը եւս ինքն իրեն ամբողջացնելու փորձ է։ Եռանդն արդեն այդ ճանապարհին է։

Վրեժ, ծնվել եւ մեծացել ես Հալեպում։ Երիտասարդությունդ եւ Հայաստանը, որ խորհրդային էր, զուգահեռվու՞մ էին, լու՞ր կար այստեղից, հայրենիքի վերագրում կա՞ր Խորհրդային Հայաստանին։

Նախեւառաջ մինչ 1980-ականների կեսերը «Հայաստանը» մեզ համար Հալեպն էր, եւ դա ուներ իր պարզ պատճառըգետտոյական իր թաղամասով այն բավարարում էր մեզ որպես Հայաստան, իսկ մյուսը՝ այն «իրականը», այո, Սովետի մաս կազմող երկիրն էր, որի սահմանը մեզ համար անհասանելի էրայն «դրախտային» երկիրն էր, որին Հայաստան էին անվանում։

Այդ Հայաստանը Հալեպի տներում, չգիտես թե ինչու, դրսեւորվում էր Աղթամարի պատկերով (հաճախ պղնձաքանդակով), Արարատի պատկերով (հաճախ անճաշակ) եւ այլ նմանատիպ խորհրդանիշներով, ինչպիսին, օրինակ, կոնյակի շիշն էր․․․ Ի դեպ, Հայաստանից բերված կոնյակը չէին խմումօգտագործում էին որպես «դեղամիջոց»։

Այսինքն այդ տարիների Հայաստանն ինձ համար գոնե թե սա էր, որի «դրախտային» պատկերը կոտրվեց 1988 թվականի երկրաշարժի ժամանակ․․․ Հանկարծ հասկացանք, որ աղետ է տեղի ունեցել (մինչ երկրաշարժը աղետի վերագրումը տրված էր մեզ՝ Արեւմտյան Հայաստանից ներգաղթյալներիս)։

1988-ի աղետը՝ երկրաշարժը, երեւա՞ց որպես պատկեր, թե՞ լուրն էր աղետի պատկեր ուրվագծել։

Հիմնական տեղեկությունը թերթերից էինք ստանումհեռուստաալիքներից հասկանալի պատճառներով շատ բան չէինք կարող իմանալաբյուրը Լիբանանի հայկական մամուլն էր, Հալեպի «Ազդակ» կամ «Զարթօնք» շաբաթաթերթերը։ Փորձում էինք հասկանալ՝ ինչ է կատարվում այդ օրերին՝ այն դեպքում, երբ թերթերն էլ հասնում էին մեկ-երկու օր ուշացած։ Ամեն դեպքում «դրախտային» երկրի պատկերը կոտրվել էր։

Այս պատկերի փոփոխության մասին միջանկյալ մի պատմություն պիտի պատմեմերգիծանկարիչ Ալեքսանդր Սարուխանը 1946 թվականին Եգիպտոսից Հայաստան ներգաղթի կազմակերպիչներից էր։ Այդ ընթացքից մի այսպիսի հումորային դրվագ կա ամրագրվածներգաղթողներից մեկին ասել է՝ երբ գնա Հայաստան, այնտեղ ամեն ինչ լավ լինի, հայտնի այդ մասին նամակով։

Սարուխանի պայմանն այսպիսին է եղելեթե ամեն բան լավ լինի, նամակը պիտի գրվի կանաչով, վատ դրության դեպքում՝ կարմիրով․․․ Նամակը չի ուշանումմի քանի ամսից Սարուխանը ստանում է կանաչով գրված նամակը, որտեղ նկարագրված են «դրախտային» երկրի գեղեցկությունները, առատությունը, ուսման բարձրորակությունը եւ այլն․․․ Այսպես երեք-չորս էջանոց նամակի վերջում մակագրություն է «Կներես, մոտս կարմիր գրիչ չկար, կանաչով եմ գրում․․․»։

1988-ին շատերիս համար պարզ դարձավ, որ «կարմիր» գրիչը մինչ այդ չենք տեսելայդ պահից էր, որ հասկացանք սահմանի շոշափելի գոյությունը։

1999-ին առաջին անգամ եկար Հայաստան։

Հա, բայց մինչ Հայաստան գալս մեծ անցումային շրջան ապրեցի հենց Հալեպում՝ շնորհիվ իմ ուսուցչի ու ընկերոջ՝ Հրազդան Թոքմաջյանի, ով այն ժամանակ եկել էր Հալեպ եւ ղեկավարում էր ՀԲԸՄ Սարյանի անվան ակադեմիան։ Նրա միջոցով է, որ ես դեռեւս Հալեպում ծանոթացա Հայաստանին, իմացա շատ ավելին, քան կարող էի իմանալ գրքերից կամ ճամփորդելուց։ Մեր (իմ) իմացած վերացական նյութը վերափոխվեց իրական պատկերի, քանի որ փոխանցողը՝ Թոքմաջյանը, մշակույթի, լեզվի կրողն էր, ում խոսքը համեմված էր գյումրեցուն հատուկ սրամտությամբ եւ հումորով։

Այս մեծ փորձառությունից զատ՝ 1990-ականների սկզբից Հալեպ հաճախ էին այցելում դերասանները՝ Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը եւ այլք։ Նրանց հետ տեղի ունեցած հանդիպումներին միշտ էի ներկա․․․ Այսինքն Հալեպում «կար» Հայաստանը՝ մշակութային հատուկ դրսեւորումներով եւ վերնախավի ներկայացուցիչների պարբերական այցերով։

Հիմա պատկերացրու՝ այդ վերնախավը ուրվագծում է առաջնային պատկերացումդ, որին հաջորդում է բնական հարցադրումը՝ «իսկ այդ հողի վրա ինչպե՞ս կզգամ ինձ»․․․Առաջին այդ զգացումն ունեցա 1999-ին, այո, եւ, որքան էլ չարչրկված է հնչում, բայց առաջին օրվանից շատ հանգիստ եմ զգացել․․․ Այն աստիճանի հանգստություն էր, որ կարծես երբեւէ չէի էլ կտրվել (չնայած որ արմատներս Արեւմտյան Հայաստանից են, եւ Արեւելյան Հայաստանի հետ կապ չունեմ)։

Այսինքն 1999-ից կապը միանգամից եղավ, առնչությունը՝ բնական․․․ Ու ոչ Արարատով։

Ինչու՞ ես Արարատն առանձնացնում այս կոնտեքստում։

Մի պարզ պատճառով․․․ Երբ դու չես առնչվում տեղի մարդուն, կապ չես ստեղծում իր հետ, մարդկային արժեքները չես գնահատում եւ չես շնչում իրենց հետ, դեռեւս տարածքում ոչ մեկն ես, ու ոչ մի Արարատ քեզ փրկել չի կարող։

Արարատի՝ որպես փրկության, պատկերավորման, երեւութականի կամ այլ մի դրսեւորման խորհրդանիշի բովանդականությունն ես խնդրականացնում փաստորեն։

Հա, բայց մի շատ ուրիշ կարեւոր բան կաես ու Արարատը նույն կարգավիճակն ունենքերկուսս էլ սահմանից դուրս ենք։ Հիմա ես, այո, եկել եմ, ներսում եմ, ինքը շարունակում է «դրսում» մնալ․․․ Չնայած, գիտես, դրսում էլ չի, ինքն իր տեղում է, բայց չի «պատկանում», այսինքն ակամայից «պոկված» սիմվոլի հետ գործ ունենք։ Իմ «ներսում» լինելն ու իր «պոկված» լինելու զուգահեռումը հիմա տարօրինակ զգացումներ է առաջացնում։

Դադար

Հաճախ եմ լինում Ստամբուլում (կինս պոլսահայ է)այնտեղից Արարատը չի երեւում։ Տագնապի մեջ եմ հայտնվում այդ պատկերի (թեկուզ «պոկվածի» իմաստով) կորստից, որովհետեւ փաստորեն այնտեղ էլ Արարատն ընկալում եմ որպես «սահմանի» սիմվոլ, որը չի երեւում։ Նույն զգացումն եմ ունենում Եվրոպայում, Ամերիկայում, որովհետեւ ինձ չեմ զգում, սահմանը կորցնում եմ, ակվարիումի մեջ փակվածի զգացողությունը հետապնդում է։

Այսինքն «սահմանը», որ այս դեպքում Արարատն է, միշտ պիտի տեսանելի լինի, որ դու քեզ ներսում զգաս․․․ Ճի՞շտ հասկացա։

Վերջին չորս-հինգ տարիներին եմ վերագնահատել իմ այդ հարաբերությունըպա՞րզ է չէ, որ իմ պատուհանից Արարատի երեւալու հարցը չէ, այլ խոյացման կապը։ Ավելի պարզ ասած՝ ես կարող եմ իր հետ առնչություն ունենալ, «զրուցել», որովհետեւ ինքը դեռ դրսում է, իսկ ներկայի «պատկանելիությունը» որեւէ ձեւով չի երեւում․․․ Այստեղ՝ ներսից ես իրեն տեսնում եմ «դրսում», այնտեղ՝ Թուրքիայում, ինքն աչքիցս հեռու է, անտեսանելի, անիրական․․

Կուզեմ՝ չշրջանցենք պատկանելիության հարցըարդեն 20 տարի է՝ Հայաստանում ես, պատկանելիության հարց կա՞ կամ երբեւէ եղե՞լ է։

Վերջին մի քանի ամիսներին ամեն ինչ փոխվեց, մինչ այդ կային կարծրատիպերմասնավորապես թվում է, որ պատկանելիությունդ արմատներին կպնելն ու զորանալն է․․․ Գուցե նաեւ սա է, բայց, երբ երեխա ես ունենում, արժեքների վերանայման խնդիր է առաջանում։

Տես՝ մարդուն կարող ես ցանկացած տեղում դնել, բայց, եթե ինքն այդ տեղը, այդ հողը չգնահատեց, որեւէ նշանակություն այլեւս տեղը դադարում է ունենալ։ Այսինքն, այո, լավ է, պատկանելիության զգացում ունենալը, բայց արդյոք այդ պատկանելիութունը տարածքային բնորոշում ունի․․․ Ինձ համար Հայաստանը տուն սարքողները ընկերներս են, հարաբերություններս, որոնք մշակել եմ․․․ Մի մասը՝ լավ,  մի մասը՝ վատ, մի մասը՝ հաջող, գուցե մեծ մասն էլ՝ անհաջող, բայց այդ ամենի ամբողջականության հիման վրա եմ կառուցվել։

Նորից վերադառնալով պատկանելիության հարցի բուն իմաստինեթե այդ իմաստն ինձ պիտի կաղապարի, շղթայի, զրկի թեւերից, արդեն պատկանելիություն չի, ստրկության պես մի բան է․․․ Չեմ ուզում մասնավորեցնել, խոսքը հասցնել մինչեւ ազգային պատկանելիություն․․․ Թերեւս միակ բանն այս իմաստով հետեւյալը կուզեի ասել՝ ազգայինը հստակ պիտի տարբերակել ազգայնամոլությունից․․․

Վրեժ, մի հարցազրույցում այսպիսի միտք ես արտահայտել «Մենք չունենք ազգային թերություններդրանք համամարդկային են»։ Սա դեռ հինգ տարի առաջ․․․

Չեմ հիշում, թե ինչ կոնտեքստում եմ ասել։

Լրագրողը հարցրել է՝ որպես երգիծանկարիչ ինչ թերություններ կառանձնացնես, որոնք բնորոշ են մեր ազգին։

Ուրեմն պատասխանիս հետ մինչ այսօր համաձայն եմ։

Նորից պիտի Ալեքսանդր Սարուխանին հղում անեմվերջինս իր «Վասն 77 մեղաց մերոց» գրքում նշում է, որ հայ ազգը «որոշել» է համամարդկային մեղքերն «ազգայնացնել»։ Սարուխանը շեշտում է, թե մենք սովորաբար կրկնում ենք, որ միասնական չենք, իրար «թիկունքի» չենք կանգնում, ազգի դավաճանները շատ են, բայց շարունակում է՝ արդյոք այլ ազգերին, այլ երկրներին դա բնորոշ չէ՞․․․ Իհարկե բնորոշ է, իհարկե կան նույնանման օրինակներ․․․

Ինչքան էլ հեռանում ենք պատկանելիության հարցի առանցքից, նորից առիթ է բացվում ասելու, որ պատկանելիությունը նախ մարդկային արժեքներ կրելու հարց է, ապա նոր ազգայինի կոնտեքստում ամենը տեղավորելու փորձի։

Ինքս ազգային արժեքները կարեւորում եմ, ինչպես ասում են՝ «տեր եմ», բայց մոլորության գնացող չեմ։ Ցանկացած մոլորություն միայն վնասող է, թուլացնող։ Արդեն նշեցի, որ այս հարցը վերջին ամիսներին վերարժեւորել եմ եւ վերափոխել, որովհետեւ զավակիս ծնվելուց հետո հարց է առաջացել՝ ինչպես փոխանցեմ լեզուն, կոդը, պատկանելիության ճշգրիտ կողմնորոշիչը․․․ Ամեն դեպքում իմ եւ Հայաստանի հարաբերությունները ինձ համար շատ կոնկրետ են։

Հետաքրքիր է՝ Բալկոնում հնչող միակ հարցը, որը ցանկացած զրուցակցի ուղղում եմ, հենց Հայաստանի հետ ունեցած հարաբերությանն է վերաբերում։ Դու ինքդ տրամաբանական շարունակությամբ հանգեցիր այդ հարաբերության կերպը մանրամասնելու պահին։

Փաստորեն (ծիծաղում է)․․․ Կներես։

Ինչպես ամուսնությունս, այնպես էլ Հայաստանի հետ հարաբերությունս գիտակից տարիքում է ձեւավորվել։ Այսինքն որեւէ կերպ կապ չունի արկածախնդրության հետես 28 տարեկան էի, երբ առաջին անգամ եկա, ու ինքս ինձ հետ ունեցած զրույցներից հետո հասկացա, որ ուզում եմ ապրել այստեղ։

Այդ հարաբերությանները ինքնահաստատման, ինքնագնահատման, ինքնարժեւորման հիմքերի վրա ձեւավորվեցին, այլեւս չդրվեց Երեւա՞ն, թե՞ Նյու-Յորք, Երեւա՞ն, թե՞ Փարիզ համեմատականներ անցկացնելու անհրաժեշտությունը․․․ Եթե ինչ-որ բան չստացվեր անգամ, միակ ճանապարհը տանելու էր Հալեպ, որն արդեն «Հայաստանն» էր։

Դրվագ կա՞, որ տպավորվել է 1990-ականների վերջի Երեւանից։ Պատկեր, որը բնորոշ էր այդ տարիների Երեւանին։

Շները շատ էին, Անուշ։ Սա եմ հատկապես շեշտում, որովհետեւ սիմվոլիկ բան էի գտել այդ պատկերի մեջ։ Մտածում էի, որ փաստորեն իրենց տերերն են ազատ արձակել, որովհետեւ իրենք սոված են, աղքատ, անապահով եւ չեն կարող շներին պահել, կերակրել։ Եվ այդպես Անկախությունից հետո մինչ 1999 շների մի քանի սերունդ արդեն փողոցում էր ապրում՝ անտեր, անընտանիք։

Դադար

«ՌեԱնիմանիա» փառատոնի հիմնումը կա՞պ ունի այն ինքնահաստատման հետ, որը նշեցիր՝ որպես Հայաստանի հետ ունեցած հարաբերության ձեւավորման հիմքերից մեկը։

Շատերը երեւի երկար ժամանակ սխալ թարգմանեցին իմ ոգեւորությունը։ Ես այս փառատոնը հիմնեցի ինձ համար եւ իմ նմանների համար։

Երբ տեղափոխվեցի Հայաստան, ուզում էի երեւալ հենց անիմացիայի եւ գեղանկարչության մեջ, բայց կեցության համար վաստակել էր նաեւ պետք։ Իմ այդ երազանքը տապալվեց, որովհետեւ «Հայֆիլմը» հազիվ ինքն իրեն էր պահում, ու՜ր մնաց Հալեպից եկած մեկի նկարելու երազանքն իրականացնելուն աջակցեր։

Կարճ ասած՝ այնպես ստացվեց, որ մի քանի տարի անց սկսեցի գովազդի արտադրության մեջ երեւալ, որից հետո հասկացա՝ կա մի ոլորտ, որը բաց էայսինքն այդ ոլորտին պակասում էր ջերմությունը, ոգեւորությունը, քաջալերանքը։ 2004-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, եւ ես իմ առաջին անիմացիոն ֆիլմը նկարեցի, ոգեւորված դիմեցի ու դարձա մասնակիցը․․․

Հետո ուսումնասիրեցի, հասկացա, որ անիմացիոն ոլորտն ունի հարուստ ժառանգություն, եւ մի բան պիտի անել։ Իհարկե պայմանները նպաստավոր չէին, ինքս ռուսերենի չէի տիրապետում, չէի հասկանում լեզուն, որպեսզի Մոսկվայից ֆիլմեր կարողանայի բերել (մյուս երկրներից հնարավոր չէր, որովհետեւ բավարար միջոցներ չկային)։

Ստացվեց այնպես, որ փառատոն նախաձեռնեցի՝ առանց հասկանալու միջազգային այդ մեծ իրադարձության բարդությունները։

2007-ին Կաննի փառատոնում արդեն քարոզում էի անիմացիոն նոր փառատոնը, որն անգամ «ՌեԱնիմանիա» անուն որպես այդպիսին չուներ։ Վերադարձիցս հետոո երեւի չափից ավելի ինքս ինձ վստահեցի ու տվեցի «ՌեԱնիմանիայի» մեկնարկը։

Հիմա կարող ենք ֆիքսել, որ փառատոնն արել եմ նախ ինձ համար, իմ ասպարեզն ամրապնդելու համար։ Ասացի՝ «սխալ թարգմանվեցի», որովհետեւ այդ «ինձ համարը» ինքնասիրահարվածության հետ կապ չունի (այդպիսի վերագրումներ արել են)ես ուզում էի ստեղծել միջավայր, որտեղ ինքս շատ լավ կզգամ որպես ստեղծագործող․․․ Սա էր։

Հիմա ես ունեմ աշակերտներ, ընկերներ, ովքեր գերազանցում են ինձ, իմ սերնդինսա է ամենահոյակապ պահը, սա է հուզողը, երբ կարող ես զանգահարել երիտասարդ մեկին ու տեխնիկական հարցեր տալ, տեսնել, որ ինքն արդեն գերազանցել է քեզ ու քո հասակակիցներին․․․

Դադար

Փաստորեն, եթե դեռ անդրադառնանք իմ եւ Հայաստանի հարաբերությանը, ապա գիտակից այդ առնչության հիմքում ինչ-որ բան անելու պայմանականությունն էր նաեւ, որը որը կապահովեր մասնագիտական շրջապատ, մասնագետների շրջանակ կստեղծեր կամ կմիավորեր այդ շրջանակներին։

Այսինքն փառատոնն ստեղծեց կապեր եւ հնարավորություններ, որոնք ինձ ծառայելու համար չէին, այլ ոլորտի զարգացմանն էին ուղղված, որի մասն եմ նաեւ ես։ Ի վերջո ես նախ նկարիչ եմ, երգիծանկարիչ, անիմացիան երրորդ մասնագիտությունս է, եւ, եթե իրավունք վերապահեմ անիմատոր բառը կցել անվանս, ուրեմն պիտի ամեն օր զբաղված լինեմ անիմացիայով։

Մի առիթով ասել ես, որ երբեք ծաղրանկար բառը չես կիրառի, որովհետեւ դա ուրիշ գործողության մասին է, դու երգիծանկարիչ ես։ Այս տարբերակման նուրբ սահմանների մասին խոսենք։

Երեւի իմ դիտման պրիզմայի, մոտեցման հարցն է։

Այո, երգիծանկարչություն բառը գուցե մի քիչ երկար է, չենք գործածում, դրա փոխարեն ասում ենք «կարիկատուրա», ամերիկացին էլ «կարիկատուրը» չի գործածում, «քարթուն» է ասում, բայց հարցը բառի գործածությունը չի․․․ Երգիծանկարը եւ ծաղրանկարը նույնացնել չի լինի, ուրեմն երգիծանկարի փոխարեն ծաղրանկար գործածելը սխալ է այս իմաստով։

«Կանաչ» հանրագիտարանում ամեն ինչ չէ, որ ճիշտ էր գրված․․․

«Կանաչ» հանրագիտարանը կոնկրետ հասարակագի, կոնկրետ ժամանակի ձեռնարկ է․․․ Եվ ուրեմն բառային նշանակությունը հաճախ ժամանակային բնորոշում ունի, ոչ ամբողջական բովանդակային։

Հա, եթե «պատկերապատում» բառը չես կիրառում, դա չի նշանակում պատկերպատում չկա։ Այսինքն բառի նշանակությունը խիստ աղերսներ ունի բառի բովանդակային ամբողջականության հետ։ Մեկ-մեկ զարմանում եմ, երբ շեշտում են, թե հայերենը ճկուն չի, սահմանափակ է։ Հակառակն ավելի համոզիչ կլիներ։

Վրեժ, տես՝ կիրառում ենք երգիծաբան բառը, եւ դա ընդունելի տարածված տարբերակն էհիմա մտածում եմ՝ ինչու՞․․․ Գուցե պատճառն այն է, որ հաստատում ենք երգիծական տեքստի առկայությունը, ունենք այդ օրինակները։

Չգիտեմ՝ գուցե սխալվում եմ, բայց կարծում եմ՝ երգիծանկարը հետ է մղվել, տարբեր համակարգեր դուրս են մղել բառը, որովհետեւ դուրս է մղվել նախ բովանդակությունը։ Այսինքն, եթե մի մեծ ժամանակահատվածում բացակայում է նյութը, այդ նյութի անվանման կորուստը հայտնի է դառնում։

Լավ, այսպես ասենքմինչեւ Երվանդ Օտյան, Հակոբ Պարոնյան կարո՞ղ ես այլ անուններ ասել, ում տեքստերը երգիծական կարող ենք համարել։

Մինչեւ՞․․․ Չէ, չեմ կարող։

Գիտե՞ս՝ ինչու, որովհետեւ, կտրուկ ասած, մինչեւ 18-րդ դարը մենք հումոր չենք ունեցել։  Սա ինձ տարիներ առաջ զարմացնում էր, բայց, երբ սկսեցի Մատենադարանում ուսումնասիրել երգիծանկարչության պատմությունը, առերեսվեցի հետեւյալ իրականությանըշատերը կարծում են, որ մանրանկարչությունը կապ ունի կարիկատուրայի հետ, բայց բնականաբար որեւէ կապի մասին խոսել չենք կարող։

Այդ ուսումնասիրության ժամանակ (18 տարի առաջ էր) Մատենադարանի տնօրենն ասաց՝ չչարչարվեմ, որովհետեւ մեր գրականությունը հումորային մոտիվ չունի մինչեւ 18-րդ դարիի կես (գուցե եկեղեցին իր ուրույն դերն է ունեցել այս հարցում)։ Հատուկենտ առակների միջոցով դրսեւորվել է սրամտություն, երբեմն էլ հումոր, բայց դրանք ժանրային իրենց առանձնահատկության մեջ չեն ընդգծվել։

Այս է․․․ Եթե ես սխալվում եմ, կուզեի` գտնվեր մասնագետը, ով հակառակում ինձ կհամոզեր։

․․․ Այնուամենայնիվ, Սովետից էլ ժառանգեցինք պրոպագանդայի, աֆիշային արվեստը, որը ծաղրանք էր, հեգնանք ամերիկյան, արեւմտյան արժեքներին․․․ Այն ավելի շատ դրսեւորվում էր իլյուստրատիվշատ հազվադեպ դեպքերում կարող ենք այդ օրինակներից որեւէ մեկն առանձնացնել ու ասել, որ երգիծանկար է։

Այսօր քաղաքական երգիծանկարի կարիք կա՞։

Ծովի պես․․․ Չնայած որ ես ինքս մի քանի տարի է՝ հրաժարվել եմ համագործակցել մամուլի հետ։

Ինչու՞․․․

Պատճառները մի քանիսն են․․․

Եվ քաղաքական գործիչները, եւ դիտողները ծաղրանկարի հոգեբանությամբ են առաջնորդվում, ապրում նաեւայսինքն մենք չենք տարբերակում ծաղրանքը եւ սրամտությունը՝ այդպես դուրս մղելով երգիծանկարի գոյության հարցը՝ համարելով այն հեգնանք կամ վիրավորանք։

Մեր իրականության մեջ, ցավոք սրտի, երգիծանկարչությունը սովորաբար ընդդիմադիր դաշտը պատկերելու, ծաղրելու իմաստով է դեռ ընկալվում։ Այսօրվա դրությամբ (հեղափոխությունից հետո) կիրառվում է նախկին իշխանություններին ծաղրելու իմաստով․․․ Այսինքն թիրախը չի փոխվել, զարգացում չկա։

Երգիծանկարները պատկերավոր հոդվածներ են, որոնք պատմում են ժամանակի խնդիրը, ոչ թե ծիծաղեցնում։ Այսինքն «խնդացնելը» չէ երգիծանկարի նախնական իմաստըայն իրականության ընդգծումն է, ծայրաստիճան տարանջատումը գեղարվեստական լեզվով, որը, ցավոք, միայն շարունակում է կիրառվել որպես պրոպագանդայի մաս դեռեւս։

Հեղափոխությունը (կամ ինչպես ինքդ կանվանես) կարեւորու՞մ ես։ Ի՞նչ առանձնացումներ են ընդգծվել հետհեղափոխական մեկ տարվա ընթացքում։

Անշուշտ կարեւորում եմ՝ անկախ այն բանից, թե ինչպես ենք վերաբերում ներկայիս իրադրությանը, ինչ հարցադրումներ ունենք, մեդիան ինչպես է լղոզում պատկերը․․․ Այս ամենով հանդերձ մի բան հաստատ է (որի մասին խոսել եմ տարիներ առաջ եւ եթերային ժամանակի մեջ, եւ նեղ շրջանակներում)ես 20 տարի է՝ ապրում եմ Հայաստանում, բայց վերջին տարիներին եմ տեսնում քաղաքացու ինքնագիտակցման պահը եւ դրանով պայմանավորված զարգացումները։

Ես Սիրիայում ապրել եմ մինչեւ 28 տարեկանամենայն հարգանքով այդ երկրի նկատմամբ, որն ինձ եւ մյուս հայերին ապրելու տեղ է տվել, պիտի նշեմ չգրված օրենքի մասին, այն է «ապրիր, ինչ ուզում ես արա, բայց քաղաքականության մեջ մի մտիր»․․․ Կարծում եմ՝ Հայաստանում էլ նույն չգրված օրենքն էր գործում մինչեւ վերջին երկու-երեք տարին․․․

Այն ժամանակ դեռ հարց էի տալիսարդյո՞ք քվեարկելը, ընտրության հիմնարար իրավունքը պաշտպանելը քաղաքականության մեջ մտնելու փորձ է ընկալվում․․․ Իհարկե պիտի ընկալվի, որովհետեւ այս եւ այլ քաղաքական զարգացումը պայմանավորվում է իմ, քո եւ մյուսների քաղաքացիական կամքի արտահայտմամբ, որն անմիջական ձեւավորողն է քաղաքական մթնոլորտի եւ իշխանության։

Ի վերջո վերջին մեկուկես տարվա ընթացքում մարդիկ այնքան լսեցին իրենց սահմանադրական իրավունքների մասին, որ վերջին երեսուն տարիների ընթացքում դրա չնչին մասն անգամ չգիտեին, լսած չկային (ծիծաղում է)․․․

Դադար

Միապետությունը, միահեծան իշխանությունը ժողովրդին խորը քնի մեջ պահելու խնդիր ունի․․․ Այլ կերպ ասած՝ քաղաքացին իրազեկված պիտի չլինի։ Այս իմաստով միապետական կարգերը վաղ, թե ուշ մատնված են ձախողման․․․ Լինի դրսից, թե ներսից, արդեն ժամանակի եւ մեծ քաղաքականության հարց է։

Չեմ վարանի ասել, որ Հայաստանն էլ այդ վտանգի տակ էրհիմա առնվազն կա պայքարը, կա իրազեկված քաղաքացին։

Ուրախ եմ, որ փոփոխություն եղավ, բայց նաեւ զգույշ եմոչ մեկն իմ հայրը չէ, իմ եղբայրը չէ․․․ Անգամ ինքս ինձ մինչեւ վերջ չեմ կարող վստահել, որովհետեւ գիտեմ՝ փոփոխության ենթակա եմ։ Ուրեմն զգոն պիտի լինենք, որ դրականության ուղով մղվենք առաջ եւ չշեղվենք, թմբիր մեջ հայտնվելու խնդիր չառաջանա։

Պետության ձախողումը քաղաքացու ձախողու՞մն է նաեւ։

Քաղաքացու ձախողումը իրականում հենց երկրի ղեկավարի, իշխանության ձախողումն է։

Նորից հայր եւ որդի հարաբերության օրինակով ասեմարդյոք իմ զավակի ապագայի ձախողումն իմ ձախողումը չէ՞․․․ Իհարկե իմն է, որովհետեւ ես եմ իրեն դաստիարակում, ես եմ հետեւում առաջին քայլերին, ես եմ ուղղորդում։ Եթե ես իրեն ուղի ցույց չեմ տվել, որից ինքը հրաժարվելու է կամ, որն ինքն ընդունելու է, կարող եմ արդյոք հետո իրեն մեղադրել․․․ Իհարկե ոչ։ Ուրեմն ֆիքսենք, որ քաղաքացու ձախողումն այս նույն իմաստով իշխանության եւ պետության ձախողումն է։

Իրազեկ քաղաքացին արդյոք ժողովրդավարության հաստատման բավարար հնարավորություն ունի։ «Մաքուր» ժողովրդավարության մասին  կարո՞ղ ենք խոսել։

«Մաքուր» միապետության մասին կարո՞ղ ենք խոսել․․․ Իհարկե ոչ։ Ձեւականորեն կամ ձեւակերպված գուցե այո, բայց ներքեւում կան ժողովրդավարական շարժումներ, որոնք տապալելու են այդ միապետությունը․․․ Եվ հակառակն էլիշխանությունն ունի լծակներ, որոնք կարող են տապալել ժողովրդավարության մղված շարժումները։

Ուրեմն այս երկուսի միջեւ առկա հաղորդակցությունն է կարեւոր դառնում։

Եթե շնչելու տեղ չեղավ, կապ չեղավ, որտեղից ներս ու դուրս անելու հնարավորություն կլինի, ուրեմն պայթյունից խուսափել հնարավոր չէ․․․ Ինչպես որ Իրաքում եղավ, ինչպես որ Սիրիայում եղավ։

Այսօր մեջբերումները շատ եղան, բայց այս մեկը չեմ կարող բաց թողնել «Ծնվել ու ապրել եմ Միջին Արեւելքում՝ մի տարածաշրջանում․․․ Որտեղից ծնունդ են առել մարդկության ապրած բոլոր պատերազմերը։ Այնտեղ է նաեւ գտնվում վերջնական խաղաղության բանալին, որը ոչ ոք չի համարձակվում ստանձնել։ Մի խոսքով, ոնց որ մուլտերի միջի անիմացիոն չար վհուկներով շրջապատված լինենք, բայց փրկարար հերոսը բացակայում է» նշել ես հարցազրույցներից մեկում։

Այդ «փրկարար» հերոսն առհասարակ գոյություն չունի՞, թե՞ բացակայում է, որովհետեւ գործողության միտված չէ։ Այլ կերպ ասած՝ խաղաղությունը երբեւէ կարո՞ղ է հնարավոր պայման լինել։

Բաշշար Ասադի հայրը՝ Հաֆեզի ալ-Ասադը, բավականին սրամիտ ու խելոք մարդ էր հարցին, թե ինչու Իսրայելի հետ համաձայնության չի գալիս, պատասխանել էր, որ խաղաղությունը լինում է համընդհանուր, եւ, եթե պիտի լինի այդ խաղաղությունը, ուրեմն մի սեղանի շուրջ պիտի լինեն Պաղեստինը, Եգիպտոսը, Սիրիան, Հորդանանը․․․ Խաղաղությունն առանձին համաձայնությունների ամբողջություն չի կարող լինելայն միատեղ, հավասար սեղանի շուրջ ստեղծված համաձայնության հետեւանք է։

Թերեւս չեմ սխալվել, երբ ասել եմ՝ խաղաղության բանալին Միջին Արեւելքում է, որի միջուկը Պաղեստինն է։ Հայաստանն էլ այս իմաստով նույնպես ընդհանուր խաղաղության մի մասն է, որը պիտի լինի այդ սեղանի շուրջ եւ իր կնիքն ու ստորագրությունը դնի այդ խաղաղության համաձայնության տակ։

Դադար

Ողջ զրույցի ընթացքում լուսնի վրա ապրելու՝ այս իմաստով դրսից ներս նայելու ցանկությանդ մասին մտածեցի նաեւ․․․

Հա, Հերման Հեսսեի «Ներսը եւ դուրսը»․․․ Մինչեւ ներսում չլինես, դուրսը չես տեսնի, եւ հակառակն էլ․․․ Ցանկացած մեկը, երբ դեռ պատրաստ չէ ինքն իր ներսից դուրս գալու, հնարավորություն էլ չի ունենա իր ներսը տեսնելու, առնչվելու այդ ներսին։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter